Արփի Դավոյանը՝ Թբիլիսիում տեղի ունեցածի մասին
Հունիսի 20-ին Թբիլիսիում մեկնարկեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքները: 23 երկրների խորհրդարանականների մասնակցությամբ վեհաժողովի գլխավոր նպատակը միջպետական եւ միջկրոնական հարաբերություններում բոլոր երկրների համախմբումն է հանդուրժողականության գաղափարի շուրջ:
Սակայն երեկ՝ վեհաժողովի առաջին օրը, աշխատանքները տապալվեցին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց՝ դահլիճ են ներխուժել Վրաստանի ԱԺ պատգամավորներ՝ եվրոպական միավորում կարգախոսով եւ տապալել միջոցառումը։ Տեղի ունեցավ վիճաբանություն վեհաժողովի կազմակերպիչների ու պատգամավորների միջեւ, որոնք դեմ էին ռուսական պատվիրակության ելույթին։
Կարդացեք նաև
«Առավոտը» վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել Վրաստանում: Պատգամավոը պարզաբանեց. «Վրաց պատգամավորների մի խումբ եւ նրանց աջակիցներ պահանջում էին, որպեսզի ռուսական պատվիրակությունը ներկա չգտնվի վեհաժողովին»:
Արփի Դավոյանն այլ մանրամասներ եւս ներկայացրեց Թբիլիսիում տիրող իրավիճակի մասին. «Հյուրանոցի դռներն էին պաշարել, պատուհանների վրա շշեր էին շպրտում»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ ովքե՞ր էին այդ գործողությունները կատարողները, Արփի Դավոյանի տեղեկացմամբ՝ նրանք քաղաքացիներ էին: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ որոշվեց, որ հայկական պատվիրակությունը լքի նիստերի դահլիճը, հայ պատգամավորը պատասխանեց. «Մենք լքեցինք նիստերի դահլիճը, որովհետեւ հայտարարվեց, որ աշխատանքները դադարեցվում են»:
Փորձեցինք ճշտել, որո՞նք են լինելու հայկական պատվիրակության հետագա քայլերը, վերադառնում են Հայաստա՞ն, Արփի Դավոյանը պատասխանեց. «Պետք է հետագայում պատվիրակության աշխատանքները շարունակենք»:
Մեր հստակեցմանը՝ հունիսի 21-ի՞ն էլ են աշխատանքները շարունակելու, Արփի Դավոյանը պատասխանեց՝ տեսնենք կազմակերպիչներն ինչ կորոշեն:
Երեկ երեկոյան Արփի Դավոյանը մեզ նաեւ տեղեկացրեց, որ Վրաստանի խորհրդարանի առջեւ մեծ հանրահավաք է:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.06.2019