«Ես պարտաճանաչ հարկատու եմ: Տարին չսկսած՝ ողջ տարվա համար վճարում եմ համատիրությանը, բայց չեմ ստանում վերջինիս ծառայությունը: Ես ապրում եմ Երեւանի ամենա-ամենա-ամենա կենտրոնում՝ Աբովյան փողոցում: Եթե այդ «ամենակենտրոնում» համատիրությունը չի կատարում իր պարտավորությունը…Երեք ամիսը մեկ ժողովներ պետք է անեն բնակիչների հետ, անգամ դա չեն անում»,-ԱԺ ամբիոնից այսօր համատիրությունների աշխատանքից դժգոհեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ գուցե բացառիկ համատիրություններ կան, որոնք բնակիչների գումարները չեն ծախսում միայն իրենց աշխատավարձերի վրա, բայց քաղաքի ամենա-ամենա-կենտրոնում համատիրությունն իր կարեւոր գործառույթներից մեկը չի կատարում. «Ամենա-ամենա-ամենա ծայրամասերում էլ նույն վիճակն է: Հասկանում եմ, որ համատիրությունները հեսա սրբազան պատերազմ կհայտարարեն իմ դեմ, բայց ոչ, ես չեմ ուզում «փակել» ձեր աշխատավարձերը, պարզապես ուզում եմ, որ քաղաքացիները ստանան գոնե միջինացված ծառայություն՝ վճարի դիմաց»:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ համատիրությունների «ցեղասպանություն» անելու խնդիր չունի, բայց առաջարկում է փոխել համատիրությունների աշխատանքի մոդելը. «Շենքերի կառավարման շատ մոդելներ կան աշխարհում՝ ավելի արդյունավետ: Պատրաստ եմ օրենքի նախագիծ մշակել: Չեմ ասում՝ համատիրությունները բնաջնջենք, բայց պարտաճանաչ հարկատուներ ենք, չէ՞»:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց՝ ասելով, որ կողջունի Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնողականությունը: «Համատիրությունները չեն կատարում իրենց դերը, բացառությամբ մի փոքր մասի»,-արձանագրեց նախարարը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ