Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն ռիսկերը հասցրել ենք նվազագույնի». Պապիկյանը՝ աղբի դիմաց վճարների մասին

Հունիս 21,2019 10:54

Խորհրդարանն այսօր քննարկում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հեղինակը  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյան է:

Հիշեցնենք, որ օրինագծով աղբահանության համար սահմանվում են նոր՝ ավելի բարձր սակագներ, իսկ աղբը չսահմանված վայրում թափելու համար՝ մեծ տուգանքներ: Օրինագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովում միաձայն դրական եզրակացության է արժանացել:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը այս օրինագծի հարակից զեկուցող է, ներկայացրեց կառավարության դիրքորոշումը. «Պարոն Պապոյանի հետ մի քանի ամիս բուն քննարկել ենք օրինագիծը: Սա պատգամավորի եւ խորհրդարանի, կառավարության եւ ՏԻՄ մարմինների գործակցության արդյունքում ծնված փոփոխություն է: Սա դասական օրինակ է համագործակցության: Այն խնդիրները, որոնք կախված էին օդում, ՏԻՄ մարմինների համար շատ հարցեր էին առաջացնում: Այս փուլում գտանք կարգավորումներ ոլորտի համար»:

Սուրեն Պապիկյանն առանձնացրեց կարեւոր փոփոխությունները եւ կարգավորվելիք հարցերը. «Աղբի վճարի դրույքաչափերի փոփոխություն գրեթե չենք ունեցել, բայց արել ենք հստակեցնող քայլեր: Պատկերացրեք, որ ՀՀ-ում մինչ օրս համատիրության՝ աղբահանության վճարը գանձող մարմնի համար միշտ խնդիրներ են առաջանում, քանի որ «դե յուրե» ամրագրված չէ, որ անձը տարածքի վարձակալ է: Բայց նա ապրում է՝ չունենալով պարտավորություն վճարելու աղբի համար: Երբ այդ պարտավորությունը դրվում է սեփականատիրոջ առաջ, պարզ է, թե ումից է պահանջվում վճարումը: Դա սեփականատիրոջ պարտավորություն է»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ «կոռուպցիոն ռիսկեր կա՞ն»: Պապիկյանը պատասխանեց. «Կոռուպցիոն ռիսկեր միշտ էր կարող են լինել, բայց դրանք հասցրել ենք նվազագույնի: Օրինակ՝ առողջապահական ծառայություն մատուցողը աղբի համար պետք է վճարի սահմանված դրույքաչափով՝ ներկայացնելով գործունեության սխեմա, որը ստուգելու է քաղաքապետարանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930