Այս շաբաթ խորհրդարանում ներկայացվեց 2018-ի բյուջեի կատարողականը։ Իշխանական ճռճռան խոսքերից անդին կա նաև արտախորհրդարանական ուժերի տեսակետ, որը հակառակի մասին է փաստում՝ տնտեսական խնդիրները վերհանելով։ Նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական այսօրվա հիմնախնդիրներին։
-Մարդիկ գնացին իշխանափոխության հստակ ակնկալիքով` իրենց կյանքն ավելի բարեկեցիկ կդառնա։ Մեկ տարի հետո տնտեսությունն ի՞նչ վիճակում է, մարդկանց լավ ապրելու սպասումն ինչ-որ չափով իրականացա՞վ։ Ո՞րն է պատճառը, որ այդպես էլ տնտեսական հեղափոխությունը հասարակությանը տեսանելի չէ։
-Եթե հակիրճ ասենք, ապա տնտեսական քաղաքականության տեսլականի բացակայությունն է պատճառը։ Ոչ միայն տեսլական չկա, այլև ճանապարհային քարտեզ էլ գոյություն չունի։ Երբ 2018-ի հունիսին քննարկվում էր կառավարության գործունեության ծրագիրը, որպես տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ելույթ եմ ունեցել և փաստել, որ այս ծրագրում անգամ շոշափելի ապագային միտված ցուցանիշներ չկան։ Ասում էին, թե սա ժամանակավոր կառավարություն է, որին դեմ եմ. չի կարող ժամանակավոր կառավարություն լինել, որովհետև մեր երկիրն այնպիսի պայմաններում է, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է։ Դեկտեմբերի 9-ից հետո էլ կառավարության ծրագիրը խիստ քննադատության ենթարկվեց, ընդ որում, նույն թեզերով և որակումներով, ինչպիսին ժամանակին ընդդիմությունը քննադատում էր Կարեն Կարապետյանի ծրագիրը։ Մինչդեռ ես չեմ հիշում կառավարության որևէ ծրագիր, որ այդչափ պատասխանատու, ոլորտ առ ոլորտ, տարի առ տարի ներկայացներ խնդիրները, դրանց հասնելու ժամանակացույցը, ինչպիսին Կարեն Կարապետյանի ծրագիրն էր։ Սակայն նրա ծրագիրը շատ կոշտ քննադատության էր արժանանում։
Այս կառավարության գործունեության ծրագիրը բոլոր կառավարությունների համեմատ ամենաանորոշն էր, որևէ պատասխանատվություն իրենից չէր ենթադրում։ Ծրագիրն այնպես էր գրված, որ կարող էին ցանկացած պահի ասել, որ այն կատարել են։ Օրինակ, էապես նվազեցնել աղքատությունը։ Ո՞րն է էապեսը։ Կարող են 1 տոկոս կրճատել և ասել, որ դա «էապես» է։ Եթե հանրային սպասումների մասին ենք խոսում, գոնե պետք է որոշակի ցուցանիշներ արձանագրվեին։ Այսօր մենք զրկվել ենք կառավարության ծրագիրը գնահատելու հնարավորությունից։ Իր իսկ գործողությունները գնահատելու համար նույնիսկ կառավարությանն են պետք որոշակի ցուցանիշներ։ Սա անհրաժեշտ է նախ վարչապետին, որ իր կառավարության աշխատանքը կարողանա օբյեկտիվորեն գնահատել` իր թիմը լա՞վ են աշխատեց, թե՞ վատ։ Եթե անգամ արձանագրում էին, որ օրինակ, 40 տոկոս մատչելիություն կապահովեն կենսաթոշակառուների համար, բայց ստացվել է 35 տոկոս, հավատացնում եմ, հանրությունն էլի գոհ կմնար, որովհետև ջանքեր են գործադրել, բայց իրենց ցանկացած թիվը չեն ստացել։ Բայց երբ ընդհանրապես ոչինչ չեն նշում, հասկանալի չէ, թե ինչպես պետք է հաջողություններ արձանագրելու համար շահագրգիռ լինեն։ Հեղափոխական էյֆորիայով պայմանավորված այնպիսի մեծ խոստումներ էին տվել, որ դրանք ցուցանիշի վերածելն ուղղակի անիրականանալի կլիներ, դրանից խուսափելու համար ընդհանրապես ձեռնպահ մնացին ցուցանիշներ նշելուց։ Բայց սա չի նշանակում, որ այնտեղ ցուցանիշներ ընդհանրապես չկան, պարզապես դրանք խիստ անբավարար են։
Կարդացեք նաև
-Ցուցանիշներ չներկայացնելը պատասխանատվությունից խուսափելու ձև՞ է, որ հանրությունը ինչ-որ պահի չասի, թե այս-այս խոստումները տվեցիք ու չկատարեցիք։
-Այո, մեծ խոստումներ են տալիս, իշխանություն են դառնում ու հասկանում, որ դրանք երբեմն անիրականանալի են, դրա համար խուսափում են կոնկրետությունից, պատասխանատվությունից։ Անորոշ ու լղոզված ցուցանիշները միշտ կարելի է յուրովի մեկնաբանել։ Իսկ եթե հանրային մեծ վարկանիշ էլ ունես, ավելի հեշտ է այս ամենին հավատալը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: