Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել է, որ «2007 թվականից սկսած երկու տարում նրա (Քոչարյանի – Ա.Ա) 26-ամյա որդու հաշվին է փոխանցվել 18 միլիոն ԱՄՆ դոլար»: Խոսքը, հավանաբար, Սեդրակ Քոչարյանի մասին է, որը ծնվել է 1981 թվականին: Այդ երիտասարդը, պետք է ենթադրել, չափազանց արդյունավետ բիզնես է արել, որ ունեցել է նման ահռելի շահույթ՝ տարեկան միջինը 9 միլիոն դոլար: Հավատում եմ, որ նա նման կարգի շահույթ բերող զենքի կամ թմրանյութերի առեւտրով չի զբաղվել: Որքան հասկանում եմ, Սեդրակը նաեւ տրանսազգային խոշոր կորպորացիաների բաժնետեր չի: Եվ դրան ավելացնենք, որ բիզնեսում այդ արտակարգ օժտվածությունը նա, համենայնդեպս, սկսել է դրսեւորել, երբ նրա հայրը դեռեւս զբաղեցնում էր Հայաստանի նախագահի պաշտոնը՝ այն երկրի, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում էր ոչ ավելին, քան 300 դոլար:
Նախկին նախագահի մյուս որդին՝ Լեւոնը, մեկնաբանելով եղբոր հաջողությունները բիզնեսում, նկատել է, որ դատախազի հրապարակած փաստով փարատվել են միլիարդավոր դոլարների մասին խոսակցությունները: Որոշ իմաստով նա ճիշտ է. ըստ ամենայնի, ընտանիքի կարողությունը «ընդամենը» մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն դոլար է եւ միլիարդին չի հասնում:
Չխորանամ այդ խնդրի մեջ՝ թող դատարանը պարզի, թե ինչպես է Սեդրակ Քոչարյանն այդպիսի գումարներ աշխատել: Խոսքս բոլորովին այլ բանի մասին է: Երբ մարդիկ իշխանություն ունեն, նրանք կարծում են, որ դա հավերժ է տեւելու, կամ, առնվազն, իշխանության կլինեն մարդիկ, որոնք երբեք չեն անդրադառնա իրենց արածներին: Բայց դա պատրանք է. այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, եւ եթե, իշխանություն լինելով, որեւէ կասկածելի բան ես անում, իմացիր, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, միեւնույն է, դրա մասին հիշելու են, եւ հետեւանքները ծանր են լինելու:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա ընտանիքը տարիներ շարունակ ահաբեկում էին մարզի բնակչությանը: Արդյոք նրանց մտքով երբեւէ կանցնե՞ր, որ դա կարող է քննության առարկա դառնալ: Վստահ եմ, որ՝ ոչ: Բայց այդ պահը վաղ թե ուշ կգա. մարդիկ այլեւս չեն վախենում նախկին մարզպետից, եւ նրանք իրավապահներին կներկայացնեն իրականությունը:
Կարդացեք նաև
Ներկա իշխանությունները, բարեբախտաբար, քրեական հակումներ չունեն: Բայց օրինաչափությունը մնում է նույնը. ցանկացած կասկածելի քայլ դանդաղ գործողության ռումբ է, որը դրված է հենց նրանց տակ: Ես սրտանց կցանկանայի, որ Վահե Գրիգորյանը դառնար Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ այդ դատարանի կազմը թարմացվեր: Բայց երբ որ դա արվում է կասկածելի հանգամանքներում, երբ այդ իրավաբանը մի քանի քայլանոց կոմբինացիայի արդյունքում ԱԺ-ի կողմից ընտրվում է որպես ՍԴ դատավոր, իսկ հետո հռչակվում է ՍԴ նախագահ, դա հարվածում է հենց Վահե Գրիգորյանին եւ այդ կարեւոր պետական ինստիտուտին: Հիմա, ինչպես ասում են, «չագուչն ու մեխը» նրանց ձեռքն է՝ ինչ ուզում են, կարող են անցկացնել եւ հիմնավորել՝ մանավանդ, որ երկրպագուների հսկայական բանակ ունեն: Բայց չէ՞ որ վաղը կլինի ուրիշ իշխանություն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի Արամ Աբրահամյան,
ես իրավաբան չեմ, սակայն հետևելով երկրում տեղի ունեցող զարգացումներին, աշխատում եմ հնարավորինս հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վահե Գրիգորյանը փայլուն իրավաբան է, իր անցած ուղին փաստում է իր ով լինելը, որպես անձ։ Չեմ կարծում, որ իր մասնագիտական ուղու այս կարևորագույն հատվածը նա կսկսեր կասկածելի գործառույթներից կամ ավանտյուռայից։ Մենք այնքան երկար ենք ապրել անբարոյականության և ստի մեջ, որ իսպառ կորցրել ենք հավատը ամեն ինչի հանդեպ։ Տեղեկանալով իրավիճակը ուսումնասիրած վերլուծաբանների մեկնաբանություններին, հասկացա, որ Վահե Գրիգորյանը ընդամենը հմտորեն օգտագործեց Սահմանադրության մեջ եղած ձևակերպումները, որոնք արվել են անցյալում կամ արհեստավարժության տեսանկյունից կաղող իրավաբանների կողմից, կամ միտումնավոր, իշխանությունը հավերժ պահպանելու համար։ Ինչպես ասաց Վահե Գրիգորյանը, այսօրվա Սահմանադրությունը, բռնաբարության արդյունքում ծնված երեխա է։ Բռնաբաբարություն արդարադատության նկատմամբ, առաջին հերթին։ Այսօր նրանք ընկան իրենց կողմից փորած փոսը, իսկ Վահե Գրիգորյանը, գիտենալով յուրաքանչուր բառի արժեքը, լինելով ազնվագույն մեկը, լինելով արհեստավարժ իրավաբան, ինչպես ասում են, ընտիր ձևով հրամցրեց իրենց իրենց իսկ կողմից անփութորեն, կամ միտումնավոր կերպով աղավաղված արդարադատությունը։ Բռավո Գրիգորյանին։ Իսկ այժմ թող, հիմնվելով իրենց Սահմանադրության ձըակերպումների վրա, ապացուցեն հակառակը։ Որպես վառ օրինակ կարելի է դիտարկել աճպարարությունը անձեռնամխելիության հոդվածի հետ կապված, որ մինչ օրս երկրի իրավաբանական ուղեղները տարբեր ձևով են մեկնաբանում Սահմանադրության մեջ առկա այդ ձևակերպումը։ Օրինակ, նախկին երկու նախագահները այսպես են հասկանում՝ ինչ կուզենք, կանենք, ինչքան կուզենք կխփենք։ Ձեր այսօրվա հոդվածում տեղ գտած կասկածները Վահե Գրիգորյանի գործելաոճի վերաբերյալ, կարծում եմ անհիմն են։ Կարծում եմ ճիշտ կլիներ ծանոթանալ իրավաբանական աշխարհի մասնագետների մեկնաբանություններին և հետո նոր հանրության ուշադրությանը արժանի հիմնավորված կարծիք ներկայացնել։ Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ հոդվածը գրել եք երեկոյան, երբ իրավաբանական աշխարհը մարսում էր իրավիճակը։ Կրկին անգամ ԲՌԱՎՈ Վահե Գրիգորյանին։
https://www.lragir.am/2019/06/20/453599/
Իշխանությունը առաջին հերթին պետք է համակարգ ստեղծի, որ համակագը վատ ղեկավարին ու ցանկացած մակարդակի աշխատողին կամ սովորեցնի ու ‘տեղը’ գցի, կամ էլ քմկին տա ու դուրս շպրտի համակրգից, եթե սովորել չի ուզում: Իսկ մենք հայերս բոլորս էլ հանճարեղ ենք, եթե իհարկե հայի գեն ունենք: