Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են նվազում օտարերկրյա ուղղակի ներդրումները

Հունիս 21,2019 14:00

Վերջին մեկ ամսում ՀՀ տնտեսական ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ ուղղակի ներդրումների հոսքը նվազել է: Այդ մասին խոսեց նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`փաստելով, որ ուղղակի ներդրումները նվազել են 11 անգամ:

Ինչպիսին է մեր երկրում ներդրումային միջավայրը, իրավական դաշտը եւ ինչպիսի հիմնախնդիրներ կան, այս մասին հետազոտություն է հրապարակել

«Տնտեսական լրագրողների ակումբը»` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ: Հեղինակները հետազոտել են Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ազդող առանցքային գործոնները, ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավման հիմնական խոչընդոտները:

Ըստ զեկույցի հեղինակների` «Ներդրման ազատությունը ներդրումների համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Դրա վառ վկայությունը ՀՀ-ում ներդրումների թույլ կատարողականն է»:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջին տասնամյակում տնտեսական հարաբերությունների ինստիտուցիոնալ կարգավորման մակարդակով մեր երկիրը զգալի առաջընթաց է արձանագրել: Այսպես` եթե 2007 թ. Երկրների համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանն այս ցուցանիշով եզրափակում էր առաջին հարյուրյակը, ապա վերջին տարիներին տեղ է զբաղեցնում 50-60-րդ հորիզոնականներում: Ըստ զեկույցի հեղինակների, ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի գնահատականով Հայաստանը հիմնականում գերազանցում է ԵԱՏՄ իր գործընկերներին, սակայն, մյուս կողմից` հետ է մնում իր անմիջական հարեւաններից, որոնք կարողացել են արդյունավետ կերպով օգտագործել նպաստավոր մեկնարկային հնարավորությունները:

Մասնագետների համոզմամբ, ներդրումային միջավայրի հիմնարար ինստիտուցիոնալ բնութագրիչ է սեփականության իրավունքների պաշտպանությունը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 66-րդն է եւ չնայած շատ չի զիջում, օրինակ, Վրաստանին, վերջին 10 տարիների ընթացքում նույն ցուցանիշով Վրաստանի առաջընթացը շատ ավելի տպավորիչ է` 114-րդ տեղից բարձրացել է 61-րդ տեղ, այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում մեր երկրի առաջխաղացումն ընդամենը 14 կետով է:

Նկատենք, որ ներդրողների պաշտպանության ցուցանիշով եւս Հայաստանի դիրքը որոշակիորեն բարելավվել է` 2007 թ. սկսած` 14 կետով: Մյուս կողմից, համադրվող որոշ երկրների, հատկապես` Վրաստանի, նաեւ Ղազախստանի, Ադրբեջանի, առաջխաղացումը շատ ավելի տպավորիչ է:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ կապված իրավակարգավորումների թիրախայնության եւ արդյունավետության առումով վերջին տասնամյակում Հայաստանը որոշակի նահանջ է արձանագրել: Ի դեպ, նմանատիպ պատկեր է նաեւ համեմատվող մյուս երկրների մեծ մասի դեպքում: Բացառություններից հարկ է վերստին առանձնացնել Վրաստանի օրինակը: Ըստ զեկույցի հեղինակների, այստեղ կարողացել են հաղթահարել դիտարկվող ցուցանիշի 5.0 միավորի շեմը եւ գլոբալ վարկանիշային աղյուսակում տեղ զբաղեցնել առաջին 30 երկրների շարքում, մինչդեռ Հայաստանի գնահատականը ցածր է նույնիսկ 90-րդ հորիզոնականի մակարդակից:

Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ 2012-2017 թթ. կոռուպցիայի հանրային ընկալումների առումով էական բարելավումներ չեն արձանագրվել: Հայաստանն այս ցուցանիշով կարողացել է առաջ անցնել միայն ավտորիտարի համարում ունեցող առանձին երկրներից, իսկ Վրաստանի, նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համեմատվող երկրների մակարդակը դեռեւս մնում է անհասանելի:

Զեկույցի մասնագետների ներկայացմամբ, ներդրումային միջավայրի տնտեսական բնութագրիչների առումով Հայաստանի ընթացիկ արդյունքները գոհացուցիչ չեն:

Այսպես, ենթակառուցվածքների զարգացման մակարդակով Հայաստանն աշխարհում 80-րդն է եւ զիջում է դիտարկվող երկրների մեծ մասին` գերազանցելով միայն Մոլդովային եւ Ղրղըզստանին:

Խիստ անբավարար է ֆինանսական շուկայի արդյունավետության մակարդակը, գոհացուցիչ չէ նաեւ ֆիրմաների նոր տեխնոլոգիաների ներդրման կարողությունը: Այս վերջին ցուցանիշով, սակայն, Հայաստանն առաջ է Վրաստանից եւ իր մյուս հիմնական գործընկերներից:

Մակրոտնտեսական միջավայրի գնահատականով Հայաստանը դուրս է մնացել երկրների առաջին հարյուրյակից, իսկ դիտարկվող երկրներից գերազանցում է միայն կիսապատերազմական վիճակում գտնվող Ուկրաինային: Ընդ որում, 10 տարի առաջ այս նույն ցուցանիշով Հայաստանը 57-րդն էր եւ զգալիորեն գերազանցում էր հարեւան Վրաստանին:

Հայաստանում արված օտարերկրյա ուղղակի ներդրումները, ըստ զեկույցի հեղինակների, տեխնոլոգիաների փոխանցման առումով սահմանափակ ազդեցություն ունեն: Վերջին 10 տարիներին այս ցուցանիշով մեր երկրի գնահատականը որոշակիորեն նվազել է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930