Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբորս սրտի սարքը դուրս է պրծել տեղադրված տեղից, որն առանց կողմնակի ազդեցության չէր կարող տեղաշարժվել»

Հունիս 21,2019 13:30

Տուժողի իրավահաջորդն ասել է. «Համոզված եմ, որ եղբայրս տեղյակ չի եղել, թե ինչի համար են մեքենայի ճանապարհը փակում: Եղբայրս ոչ ոքի ծանոթ չի եղել եւ որեւէ մեկի հետ թշնամություն չի ունեցել»:
Արման Տոնոյանը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով համաներվել է եւ ազատվել է պատժից: Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի իրավահաջորդ Անի Մելքումյանին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով վերապահվել է քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք:

Դեպքը տեղի էր ունեցել 2015թ. հունվարի 6-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն գյուղի գերեզմանատան մոտ: Վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում ամբաստանյալը բռունցքներով դիտավորյալ հարվածներ է հասցրել Սամսոն Մելքոնյանի դեմքին եւ գլխին, դիտավորյալ պատճառելով ծանր գանգուղեղային վնասվածքի ձեւով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, ինչից մահացել է: Սամսոնը նշանված էր, եւ դեպքի վայրում, ըստ հարազատների, հայտնվել է պատահական:

Մեղադրողը բողոք է բերել համաներվածի դեմ: Տուժողի քույրը նյութական պահանջ չի ներկայացրել, սակայն պահանջում է, որ մեղավորը պատժվի օրենքով:

Տուժողի իրավահաջորդը Տավուշի մարզի դատարանում հայտնել էր, որ եղբայրն ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր: Եղբայրը նախկինում զբաղվել է սպորտով, սակայն հիվանդության պատճառով արգելվել է զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, նրան թույլատրվել էր զբաղվել միայն սիրողական սպորտով. «Սամսոնը սրտի վիրահատությունից հետո ապրում էր նորմալ կյանքով: Եղբորս մահվան պատճառը եղել է գանգուղեղային վնասվածքը: Եղբորս սրտի սարքը դուրս է պրծել տեղադրված վայրից, որն առանց կողմնակի ազդեցության չէր կարող տեղաշարժվել: Եթե նա սրտի հետ կապված առողջական խնդիր չունենար, միեւնույն է` գանգուղեղային վնասվածքից կմահանար»: Տասը հատորանոց քրեական գործի դատաքննության ժամանակ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իր հարեւանից տեղեկացել էր, ապա դատարանին հայտնել, որ եղբայրը եւ Սամվել Սարիբեկյանը տնից դուրս են եկել եւ ճանապարհին մի մեքենա է կանգնել, որի մեջ է եղել Աղաբեկ Մելքումյանը, ով շնորհավորել է եղբորը նշանվելու կապակցությամբ եւ հրավիրել գյուղի սկզբնամասում չգործող գաջի արտադրամաս: Բոլորը հավաքվել են «կալոնկայում»: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, Աղաբեկը զանգել է Համբարձում Մելքումյանին եւ ասել, որ Այգեհովիտ գյուղից եկող մեքենայի ճանապարհը փակի: Նշված մեքենայի ճանապարհը փորձել են մեքենաներով փակել, իսկ տուժողի իրավահաջորդի համաձայն, եղբայրը կախվել է Աշոտ Ավետիսյանի մեքենայից եւ այդպես կախված հասել մինչեւ Այգեհովիտ գյուղի դպրոցի մոտ ու թռել մեքենայից: Երբ մեքենայից թռել է, եղբայրը որեւէ վնասվածք չի ստացել եւ եղել է սթափ վիճակում:

Վիճաբանության շարժառիթը եղել է այն, որ Աշոտի մեքենան կանգնեցրել են, իսկ վերջինս չի կանգնել: Մեքենայի հետապնդումը շարունակվել է մինչեւ Վազաշեն գյուղի գերեզմանատան մոտ: Նշված վայրում Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների եւ տուժողի միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որտեղ տուժողը ստացել է գանգուղեղային վնասվածքներ եւ մահացել:

Դեպքի օրը` կեսօրին, տուժողը ողջ օրն անցկացրել է նշանածի տանը: Ժամը 17:00-ից հետո եղբայրը, նշանածը եւ վերջինիս երկու եղբայրները եկել են իրենց տուն: Այդ ժամանակ նրանց տանն է եղել նաեւ մորաքրոջ տղան` Վլադիմիրը, որն իր մեքենայով պետք է եղբոր նշանածին ու եղբայրներին ճանապարհեր նրանց տուն: Տուժողին խորհուրդ են տվել, որ նրանց հետ չգնա, քանի որ ամբողջ օրը նշանածի տանը միասին էին անցկացրել, սակայն նա գնացել է:

Դատաքննությամբ դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ 2015թ. հունվարի 6-ին Աշոտ Ավետիսյանը կնոջ` Սվետլանա Հակոբյանի ու երեխաների հետ, հյուրընկալվել է Ազատամուտ գյուղում բնակվող ընկերոջ` Կարեն Բեջանյանի տանը: Հացկերույթից հետո Աշոտ Ավետիսյանը, կինը եւ երկու երեխաներն Ազատամուտ գյուղից իրենց ընտանիքին պատկանող «Նիսսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են իրենց տուն` Վազաշեն գյուղ: Նրանց հետեւից դուրս է եկել նաեւ Ռոման Ղուկասյանը: Վերջինս իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով պետք է գյուղ տեղափոխեր Դավիթ Բեջանյանին, նրա կնոջը եւ երեխաներին: Սամվել Սարիբեկյանը, տուժող Սամսոն Մելքումյանը եւ Վլադիմիր Ամիրյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, մեքենան լիցքավորելու նպատակով, գնացել են լցակայան: Այգեհովիտ գյուղի սկզբնամասում տեսնելով, որ հավաքված տղաներ կան, իրենք նույնպես կանգ են առել այնտեղ: «Ճանապարհին ռուսական պետհամարանիշով «Լադա» մակնիշի մի ավտոմեքենա վազանց է կատարել Աշոտ Ավետիսյանի ավտոմեքենային եւ հայտնվել վերջինիս մեքենայի առջեւում: Մեքենայի ղեկին գտնվող Աղաբեկ Մելքումյանն արգելակել է, ապա ավտոմեքենայից դուրս է եկել եւ փորձել կանգնեցնել Աշոտ Ավետիսյանի ավտոմեքենան: Ա. Ավետիսյանը չի արգելակել, շրջանցել է եւ շարունակել ճանապարհը: Աղաբեկ Մելքումյանը զանգահարել է եղբորը` Համբարձումին, որը նույնպես գտնվում էր Յաշա Մելքումյանին պատկանող գաջի արտադրամասում, խնդրել, որպեսզի պարզի, թե ում մեքենան է դա եւ ով է այն վարում: Հ. Մելքումյանը եղբոր խնդրանքը հաղորդել է ընկերներին եւ նրանք դուրս են եկել ճանապարհ` պարզելու, թե ում է պատկանում այն մեքենան, որը շատ մոտիկից վազանց է կատարել եղբոր ավտոմեքենային: Նրանք իրենց ավտոմեքենաներով մասամբ փակել են ճանապարհը: Աշոտ Ավետիսյանը, հասնելով ճանապարհի նշված հատվածին, չհասկանալով ճանապարհը փակելու պատճառը` աջ կողնակով շրջանցել է մեքենաները: Հավաքված անձինք մոտեցել են եւ փորձել կանգնեցնել նրա մեքենան, իսկ Սամսոն Մելքումյանը կախվել է Աշոտ Ավետիսյանի մեքենայից: Վերջինս վախեցել է, մեքենան չի կանգնեցրել ու այդպես շարունակել է վարել այն»:

Հենց այս ամենի պատճառով վիճաբանություն էր տեղի ունեցել:

Նախաքննության ժամանակ վկա Աշոտ Ավետիսյանը ցուցմունք էր տվել, որ հասնելով Վազաշեն գյուղի գերեզմանների մոտ, կանգնեցրել է ավտոմեքենան, կնոջն ասել է, որ երեխաների հետ մտնեն գերեզմանների տարածք, որպեսզի անվտանգ լինեն, սակայն կինը հրաժարվել է` ասելով. «գիշերը երեխաներին գերեզմաններ չի տանի, իրեն էլ մենակ չի թողնի»: Մեքենայից իջնելուց մի քանի ակնթարթ հետո իրեն է մոտեցել մի անծանոթ տղա, հարվածել իր դեմքի աջ կողմին, որից հետո ինքն ընկել է գետնին եւ այդ պահին էլ վնասել է ձեռքը:

Առաջին ատյանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Բողոքի քննությունը նշանակվել է հունիսի 25-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930