Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Մի Հովհաննիսյանը «օրհնեց», մյուսը՝ «վերադարձրեց»

Հունիս 21,2019 13:00

Կոմպոզիտոր Աննա Ազիզյանի ստեղծագործական ուղու եւ դադարի մասին

1980-ականներին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի սանը՝ Աննա Ազիզյանը, որ նոր-նոր էր սկսել երաժշտություն հորինել, սակայն արդեն խոսում էին նրա մասին: Նրա առաջին ստեղծագործությունները խմբերգային էին: Ասում են՝ բազմաձայնությունը հզոր ազդակներ եւ ուժ ունի, ու այն գրեթե երկնայինին մոտ արվեստ է: Ժամանակին մեզ հետ զրույցում Հովհաննես Չեքիջյանը հետեւյալ միտքն է արտահայտել. «Պատահական չէ, որ հոգեւոր երաժշտության մեջ առաջնայինը մարդկային ձայնն է, հիմնականում խմբերգային արվեստը: Եթե մոտ ես այդ արվեստին, ավելի մարդկային ես դառնում, ավելի քրիստոնյա»: Երգչախմբային արվեստը հնարավորություն է տալիս միասին արարելու: Աննա Ազիզյանի գործընկերներն առիթի դեպքում հիշում են նրա առաջին երգչախմբային գործերը Ներսես Շնորհալու տեքստերով: Նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ փաստում են, թե ոմանք մարզերից են գալիս մայրաքաղաք ու հիմնվում այստեղ, իսկ Աննայի դեպքը դրա հակառակն է:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, երբ նա ուսանում էր Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ, «դիմեց» Դանիել Վարուժանին: Որոշ կոմպոզիտորներ հավաստիացնում են, թե Էդգար Հովհաննիսյանը քննության ժամանակ լսելով այդ խմբերգերը, օրհնել է Աննային:

Կոմպոզիտորը հետագայում դիմեց նաեւ երաժշտարվեստի այլ ժանրերի: Վերջին շրջանում 1-2 անգամ հանդիպել ենք նրա խմբերգային երկերին տարբեր կոլեկտիվների մատուցմամբ, բայց, եթե չենք սխալվում, շուրջ տասը տարի առաջ կատարվեց Աննայի մի գործ, որն իր ձեւաչափով չասենք եզակի, բայց հաճախ չհանդիպող կտավ է: Խոսքը «Զուգահեռ» խմբերգային ներկայացման մասին է, որի լիբրետոյի հեղինակն էլ Արմինե Աբրահամյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը: Այն հնչեցրեց «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Դա տարբեր ժամանակներում եւ զուգահեռ աշխարհներում ապրող ու արարող հինգ ճանապարհորդների՝ Հոմերոսի, Էքզյուպերիի, Ջոնաթան Սվիֆթի, Լուիս Քերոլի ու Մետերլինգի հայտնի գործերի յուրօրինակ սինթեզ է: Հատվածաբար հանդիպել ենք նաեւ հեղինակի «Պոչատ աղվեսն ու …» մանկական կանտատ- ներկայացման պրեմիերային, որոշ գործեր կատարել են Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարան» անսամբլը, Էդուարդ Թոփիկյանի «Երեւան» կամերային երգչախումբը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Աննա Ազիզյանն իր երկարատեւ ստեղծագործական լռությունը այսպես մեկնաբանեց. «Սումգայիթ, երկրաշարժ, Արցախյան պատերազմ… Հոգիս ոչ թե փոթորկվել էր, այլ քարուքանդ եղել… Գրեցի Ռուբեն Սեւակի «Ջարդին խենթը» պոեմի հիման վրա ձայնի, երգչախմբի եւ կամերային երգչախմբի համար մոնո ներկայացումը: Հետո Էդվարդ Միրզոյանի հորդորով խառը երգչախմբի համար ստեղծվեց Պետրոս Դուրյանի «Կաթիլ մի արտոսր». ի շիրիմ Դուրյանի ստեղծագործությունը: Ապա «Ապաշխարության երգեր» հոգեւոր շարքը՝ Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու աղոթքների ու տաղերի հիման վրա:

Մեծ հաշվով 2000-ականներին էր դարձս առ ստեղծագործություն. հանդիպեցի Սոնա Հովհաննիսյանին, լսեց գործերս ու ասաց՝ դու տաղանդավոր ես, բայց այս երկերը «Հովերի» համար չեն… Խմբավարի հնչեցրած այդ մտքից հետո, չգիտեմ ինչու, բայց ինձ սկսեց «ձգել» «Հովերը»: Հաճախում էի փորձերին որպես ունկնդիր ու աստիճանաբար ինձ համար բացվեց այդ երգչախմբի ողջ գունային ներկապնակը: Գրեցի «Մայրական» շարքը, «Զուգահեռը»… Հենց Սոնա Հովհաննիսյանի հորդորով գրեցի վեց համշենահայկական եւ վեց հայկական ժողովրդական երգերի խմբերգային մեկնաբանություններ: Կարող եմ բարձրաձայնել, որ Սոնան ինձ վերադարձրեց: Մի բան էլ՝ ստեղծագործական լռությունս լցրել էր նաեւ մայրության բերկրանքը»:

Ինչ վերաբերում է Երեւանից մարզ տեղափոխվելուն, մեր զրուցակիցը հայտնեց, որ դեռեւս 1990թ. մինչ օրս մանկավարժական գործունեություն է ծավալում Աշտարակի երաժշտական դպրոցում: 2008թ. Մշակութային հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղի մեթոդիստ-մանկավարժն է եւ կազմակերպում է մարզային համերգներ: «Օրերս Ուջանի երաժշտական դպրոցի հիմնադրման 35-ամյակի առիթով կայացավ մարզային հաշվետու համերգ՝ մասնակցությամբ արվեստի եւ երաժշտական վեց դպրոցների: Ցուցադրված էին նաեւ մեր սաների նկարչական աշխատանքները: Աշխատում ենք մարզերում կրթել երեխաների երաժշտական ճաշակը, իրականացրել ենք նաեւ երգչախմբային համերգներ, միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասին, Գեղունի Չթչյանի հոբելյանին, հայ կոմպոզիտորական արվեստի «հզոր խմբակին», մեծ ոգեւորություն էր տիրում «Թումանյանի պոեզիան հայ կոմպոզիտորների երկերում» երեկոյի ընթացքում, գործընկերներիս, նաեւ իմ հեղինակային երեկոն եմ կազմակերպել Աշտարակում եւ այլն»,- փաստեց կոմպոզիտորը: Իսկ թե ինչո՞ւ հաճախ իր գործերով չի ներկայանում հանդիսատեսին, Աննա Ազիզյանը նշեց, թե ինքը Արագածոտնի մարզի մանկական մշակութային օջախներում պարբերաբար նաեւ մեթոդական ձեռնարկներ է անցկացնում, ու չի կարող թողնել աշխատանքը ու հեռանալ մարզից. «Ախր ես ինչպես թողնեմ, ասենք, Աշտարակում «Կարմրավոր» եկեղեցում արդեն 15 տարի իմ ղեկավարությամբ գործող փոքրիկների երգեցիկ խումբը, որի հինգերորդ սերնդի հետ եմ աշխատում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930