Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր ենք գնում չարացած

Հունիս 21,2019 12:30

Օդում կախված ու ամեն պահի գլխիդ թափվող չարությունն այլեւս անտանելի է։

Որտեղի՞ց սկսվեց, ո՞նց ստացվեց՝ այսքան չարացանք. որտե՞ղ ու ո՞ր պահին կորցրեցինք էն սերն ու համերաշխությունը, որ հաղթանակի տարավ, ո՞ւր ենք գնում էս չարությունը շալակած… Եվ ընդհանրապես` մենք մեզ հարցեր տալի՞ս ենք, թե՞ «եսի» սահմաններից դուրս գալու հնար չունենք:

88-ին սկսված պատերազմը հաղթեցինք, բայց պտուղները չքաղեցինք, ձեռքներս մնաց երկինք պարզած… Հարց տվել ենք` ինչո՞ւ այսպես ստացվեց… իսկ գուցե շա՞տ ենք եսակենտրոն. վտանգի պահին համախմբվում ենք, հետո անմիջապես բաժան-բաժան լինում: Մեր «եսն» էս ի՞նչ ուժ ունի: 10 տարի, 20 տարի, 30 տարի թալանվեցինք, նորից աշխարհով մեկ ցրվեցինք, հերոսին մոռացանք, հաղթանակը արժեզրկեցինք, օրը ցերեկով սեփական երկիրն անխնա բզկտեցինք, խեղճացանք ու կծկվեցինք։ Մենք մեզ… Մենք մեր երկիրը…Թվում էր` այլեւս չենք սթափվելու, ուշքի չենք գալու: Ու հանկարծ ինչ-որ բան պայթեց… ո՞նց, ի՞նչ, ինչպե՞ս… բնավ կարեւոր չէ։ Մի օր պիտի պայթեր՝ կուտակված զայրույթը շատ էր, կուտակված ատելությունը շատ էր, անարդարությունն անչափելի էր։

Այստեղ ուզում եմ շարունակել տարիներ առաջ իմ գրած ու տպագրած հոդվածներից փոքր հատվածներ մեջբերելով, նախ՝ որ չար լեզուները չասեն, թե հիմա եմ խոսում, նաեւ, որ հիշենք՝ ի՞նչ ենք «կորցրել» ու նաեւ նախկինների հիշողությունը թարմացնելու համար, ինչ-որ չափից դուրս շա՜տ են ակտիվ, ինչ-որ շատ են երկրի ցավով «տառապում»։

«Արցախյան հաղթանակը մեր հպարտությունն էր, մեր ապրելու իրավունքն ու արժանապատվությունը, մեր ոգին էր, պատմությունից մեր դասն ու մեր վրեժը… Ծանր էր այդ հաղթանակը, զոհերը շատ էին, նրանք մեր աչքի լույս տղաներն էին։ Հետո… պետք էր սարքել հզոր ու արժանապատիվ երկիր, որտեղ իշխելու էր հաղթողի հոգեբանությունն ու արարելու ոգին: Բայց անհասկանալի թեթեւ ձեռքով oդը գաղջացավ. անամոթությունը գլուխ բարձրացրեց… Հողը բզկտվում էր, ժողովուրդը թալանվում էր… իսկ որկորը չէր լցվում: Եվ կամաց-կամաց իմ հայրենիքում անամոթությունը դարձավ տեր ու տիրական. ժողովրդին մնաց հիասթափությունը: Պարզվեց` թուրքին հաղթելն ավելի դյուրին էր, քան մեր միջի ագահին ու անամոթին։

…Մեր ժողովրդի ո՞ր հատվածն է հասկանում, որ հայրենիքը սեփական տունն է, որ այն նախ պետք է խնամքով սարքել ու հետո անդադար վերանորոգել, որ հանկարծ «կտուրը չկաթի»… Իսկ մենք ի՞նչ ենք անում` անխնա գողանում ենք մեր սեփական տան պատուհաններն ու դռները… մեկ էլ փախնում ենք մեր տնից… արագ-արագ, որ հանկարծ փլվելուց տակը չմնանք: …Մի փոքր հատված էլ կա, որ տան մեջ գլուխը բռնած լաց է լինում… անզորությունից: Նման հոգեբանությամբ լավ տուն երբեք չես ունենա: Ամենօրյա հյուծող պատերազմը քթներիս տակ` երկիրը հանձնել ենք փոքրաթիվ խեղճ զինվորներին, որ չգիտենք ոնց են հագնված, ինչ են ուտում, իսկ մենք «փարթիներ» ենք անում… Է՞ս ենք մենք:

…Ես իմ երկրի մտավորականն եմ, ու ծնկներս ծալվում են հուսահատությունից… այս դարի մեր փորձությունը մենք ենք սարքում մեր գլխին, այն դեպքում, երբ հպարտ ապրելու իրավունքն արդեն վաստակել էինք»։
Այսքանը անցյալից. ու 30 տարի ոչինչ չփոխվեց… Քրքրվելով հասանք 2018 թվական… գուցե այս անգամ բախտներս բերե՞ց, որովհետեւ ինչ-որ բան պայթեց, բայց մենք ոչ միայն փլատակների տակ չմնացինք, այլեւ նորից սարքելու հնարավորություն ունեցանք: Այս էլ որերորդ անգամ։ Բայց արի ու տես, որ դարձյալ մի անհասկանալի նախախնամությամբ կորցնում ենք… պահն ենք կորցնում, հնարավորությունն ենք կորցնում, հավատն ենք կորցնում։ Էս ի՞նչ ենք անում… իրար կասկածում ենք ու ատում ենք, իրար քրքրում ենք ու քարկոծում, նորից ջլատվում ենք: Անիծվա՞ծ ենք, թե է՞ս աստիճանի անխելք:

Ոնց որ թմբիրից զարթնեցինք, փորձեցինք մեր հավատը վերգատնել, կռացած մեջքը ուղղել… Իսկ ով շարժման գլխին կանգնեց՝ ազգովի ձեռքներս բարձրացրինք ու ընտրեցինք… Հանկարծ ի՞նչ պատահեց, որ հիմա ամեն բառից կառչած քրքրում ենք… Բոլորը դարձել են քաղաքագետ ու տնտեսագետ… դիմանալու չի այլեւս։ Գուցե փորձե՞նք մի քիչ բարի աչքով նայել… չի՞ կարելի. գուցե ժամանակ առ ժամանակ հիշե՞նք, որ աղքատ ու բարոյազուրկ մի երկիր ենք ժառանգություն ստացել, մոռացա՞նք։ Չեմ ասում լռել է պետք, չտեսնել ու չխոսել: Լռելու հետեւանքը մեր այսօրվա քայքայված երկիրն է. անձամբ ես երբեք չեմ լռել։ Իհարկե, պետք է ասել, բայց զգուշացնելու համար, իհարկե, պետք է քննադատել ու քննարկել, բայց լուծում գտնելու համար եւ… ի սեր բոլոր սրբերի, առանց չարության, առանց չարության։

Մի բան պետք է պարզ լինի բոլորիս համար. հինը այլեւս անտանելի էր, այդպես ուղղակի չէր կարելի շարունակել. երբ երկիրդ դառնում է շքեղագույն ռեստորանների եւ թշվառ դպրոցների երկիր, ուրեմն անդունդը շատ մոտ է։ Հիմա արդեն պետք է զգույշ ու զգոն գործել, կտրուկ ու չհիմնավորված քայլեր չանել, ջահելների համար ճանապահ բացելով՝ ահելներին չժխտել, վաստակը չուրանալ ու անպայման եղած փորձը օգտագործել… Արդյո՞ք հնարավոր չէ ձեռք ձեռքի առաջ գնալ, թե՞ մեզ հակացուցված է հավերժ անհասանելի ու անիծված միաբանություն ասվածը։ Ոնց որ մենք մեր թշնամին լինենք. բլբուլ կտրած օրեր շարունակ իրար սխալներն ենք թափահարում, բամբասանքն ու փնովելը կյանքի ու կենցաղի անբաժանելի մասն ենք դարձրել, ճիշտն ու սուտը իրար խառնել՝ օրվա հացի հետ ուտում ենք ու չենք հասկանում՝ ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում։ Այնպիսի տպավորություն է, որ մրցավազք է՝ անպատվելու, վիրավորելու, սուտ բռնելու… Ու ատում ենք, ատում ենք, ատում ենք։

Մեղք ենք վերջապես. պատերազմը դռանը չոքած՝ մենք մեզ… Շատ հաճախ պարզապես շունչս կտրվում է… ինչո՞ւ գոռալու ցանկությունն արդեն քսան տարի է չի անցնում… Հե՜յ ժողովուրդ, գուցե էս տեսակը լինելու պատճառով ենք Վանա ծովակը կորցրել… ժողովո՜ւրդ, զգույշ, խնամքով, խոսքը հայրենիքի մասին է, մեր բոլորի փոքր, շատ փոքր հայրենիքի… այդ ի՞նչ ներշնչանքով եք վատը կանխատեսում, չէ՞ որ եթե վատ լինի, բոլորիս համար էլ վատ է լինելու։ Էս ի՞նչ տեսակ ենք, ո՞նց ենք հասել 21-րդ դար…Անլուծելի հանելուկ մնաց… ու չեմ կարծում միայն ինձ համար։

Կներեք, նորից հին գրածից մեջբերեմ. «պետք է այսուհետ այնպես ապրել, որ ոչ ոք չհամարձակվի ասել, թե երկրում տղամարդ չկա …Մենք ազգովի պետք է հպարտանանք մեր ոգու հզորությամբ եւ ամաչենք մեր թշվառության համար:

Այսօր պատերազմի դաշտից պետք է տուն բերել պատվախնդրությունն ու հայրենասիրությունը, փորձել ամեն գնով աշխարհին ներկայանալ հայատառ երկրով, գրագետ ու ներկայանալի պատգամավորով, սեփական երկրում պահված ու շահված արվեստագետով ու ազատամարտիկով, վարձատրվող երիտասարդով, մարդկային տեսքը վերագտած աշխատավորով ու հողագործով, զինված զինվորով»:

Իսկ ի՞նչ ենք մենք անում այսօր՝ անկախանալուց 30 տարի հետո՝ մեր բզկտված հայրենիքը աչքներիս առաջ, մեր չարչարված կյանքը շալակած… շարունակում ենք թափթփված ու չարացած ապրել՝ չհասկանալով, որ մեր երկիրը մաքրելու ու սարքելու հնարավորություն ունենք։

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ի սկզբանէ, երբեւիցէ, սիրոյ նշոյլ մը իսկ չկար այդ փողոցի բիրտ շարժումին մէջ, որ էականօրէն հիմնուած էր ատելութեան վրայ՝ նախկին վարչակարգի եւ նրա համակիրների դէմ:

    «Սէր եւ համերաշխութիւն» լոզունքը բացայայտ կեղծիք մըն էր, ռազմավարական հնարք մը, ճարպիկութիւն մը պարզապէս: Յաղթողի վայրագ ուրախութիւնն ալ պէտք չէ շփոթել բարիութեան հետ:

    Յեղափոխական ամբոխին ղեկավարը բազմիցս փաստեց եւ տեւաբար փաստում է, իր այդ ակնյայտօրէն սուտ ժպիտի ետին, իր իսկական մղումների մթին, անվայել, խորապէս բացասական հիմունքները՝ ոխ, քէն, վրէժխնդրութիւն, եւայլն. Եւ իր հետեւորդները շատ հանգիստ են այդ ամէնով:

    Այժմն ոչ միայն անիմաստ եւ ապարդիւն է, այլ հակաարտադրողական է քարոզել սէր եւ միութիւն: Մինչ բանտերում նստած են քաղաքական բանտարկեալներ, քաղաքացիական պատերազմի պատանդեր, եւ դեռ անդադար կը շարունակուին քաղաքական հալածանքներն ու խոշտանգումները:

    Այս պայմաններուն մէջ, համերաշխութեան կոչերը համազօր են ասելու՝ մոռացէք վարչակարգի զոհերը, ընդունեցէք անիրաւ բանտարկութիւնները, ապօրինի հալածանքները, իշխանամետ հոսանքի տեւական յարձակումները, վիրաւորանքները, մնացեալ հայութեան նկատմամբ, բարի եղէք լռելու եւ յարմարուելու անընդունելի կացութեան, ենթարկուեցէք բռնատիրութեան:

    Դիմադրութիւնը չի յանձնուելու:

    Պիտի չվարձատրուին ատելութիւնը, անիրաւութիւնը ու չարութիւնը: Եւ իսկական պատիժը դեռ Վերէն պիտի գայ, սպասեցէք:

    28.10.2019

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930