Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրաշք է, երբ 70 եւ 90 տարեկան մարդիկ մտածում են՝ արի գիրք գրենք»

Հունիս 21,2019 12:00

Լույս է տեսել երգիծաբան, ասմունքող Հրանտ Հորիզոնի և «Ոզնի» երգիծաթերթի պատասխանատու խմբագիր, երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանի (Լոռեցի) «Երգիծում են Հրանտ Հորիզոնը և Գուրգեն Լոռեցին» քաղաքական սուր հումոր պարունակող պատմվածքների գիրքը, որն անդրադառնում է ՀՀ երեք նախագահների օրոք տիրող քաղաքական իրավիճակին՝ մինչև Թավշյա հեղափոխություն: Պատմվածքները գրքի տեսքով հրատարակվելուց առաջ զարդարել են «Ավանգարդ»-ի էջերը, որոնք հեղինակներին սիրով տրամադրել է գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը: Գրքի լույսընծայման առթիվ «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տիկին Ջուլիետը, ողջունելով և շնորհավորելով ինչպես գրքի հեղինակներին, այնպես էլ այն բոլոր մարդկանց, որոնք նպաստել են, որ ստեղծագործություններն ամփոփվեն գրքի տեսքով, ասաց. «Այս գիրքը մտավորականների ձգտումն է, նրանք ձգտել են ներկայացնել որոշ ժամանակահատվածի նկատմամբ իրենց հայացքը, իրենց համար մերժելին, ծիծաղելին»:

Ասուլիսին ներկա էր նաև «Մհերի դուռ» ամսագրի խմբագիր Նորայր Անդրեյանը: Նա նույնպես կարևորեց քաղաքական հումոր պարունակող գրքի հրատարակումը և նշեց. «Գիրքը մնում է արժեք, տպագրական արժեքին փոխարինող ոչինչ չկա, այսօրվա սերունդը տարված է էլեկտրոնային ընթերցումներով, սակայն պետք է հասկանալ գրքի մնայունությունը և տպագրական հմայքը: Շնորհավորում եմ, դուք լավագույն արժեք եք ստեղծել»: Դիմելով ընթերցասեր հասարակությանը՝ պարոն Անդրեյանը վստահեցրեց, որ առողջ քաղաքական գործ որոնողները չեն սխալվի, եթե ընտրեն հենց այս գիրքը:

Էլ ի՞նչ գիրք՝ առանց ընթերցողների. ասուլիսի ընթացքում իր խոսքն ասաց նաև «Երգիծում են Հրանտ Հորիզոնը և Գուրգեն Լոռեցին» գրքի առաջին ընթերցողը՝ ռեժիսոր Վաչագան Փահլևանյանը: Նա անկեղծացավ, որ ամեն անգամ, երբ նոր գիրք է վերցնում կարդալու, մտածում է՝ կա՛մ «ե՞րբ կվերջացնեմ», կա՛մ՝ «այս մի տողն էլ կարդամ, նոր անցնեմ գործի»: Պարոն Փահլևանյանը նշեց, որ Հորիզոնի և Լոռեցու գիրքը կարդալու ընթացքում իր գլխում միայն երկրորդ միտքն է պտտվել: «Հրաշք է, երբ 92 տարեկան մարդն այսօր նստում, գիրք է գրում, հրաշք է, երբ 70 և 90 տարեկան մարդիկ նստում մտածում են՝ արի գիրք գրենք: Սա բերում է մի զգացողության, որ մենք իրավունք ունենք ապրելու այս աշխարհում»,-ասաց ռեժիսորը և պատմեց, որ մի օր Գյումրի գնալիս Հորիզոնին ասել է՝ գնամ-գամ, մի-մի բաժակ բան խմենք միասին: Հ. Հորիզոնը պատասխանել է՝ ես երկուսը կխմեմ: «Սրա մեջ կյանք կա»,-ամփոփեց ռեժիսորը՝ միաժամանակ նշելով, որ ողջ հումորի և սարկազմի հետևում ինքը նաև հեղինակների ցավն է զգում է, որն ընկալվում է գրքի ենթատեքստում:

Իսկապես, հումորով գրված պատմվածքները նաև խորը ցավ են պարունակում, դա չթաքցրեց նաև ինքը՝ հեղինակ Հ. Հորիզոնը. «Պատմվածքների մեջ ցավ կա, բայց մենք ծիծաղելով ենք անցնում, աշխատել ենք գոնե ժպիտ պարգևել մեր ընթերցողներին: Մեր հումորները ծիծաղելի չեն. վիշտ կա, տառապանք կա…»: Հեղինակը նաև նշեց, որ Գ. Լոռեցու հետ հավասար աշխատել են. «Ինչքան ինձ է վերաբերում գրքի հաջողությունը, նույնքան էլ՝ Գուրգենին»:

«Հորիզոնն ինձ դրդեց, որ երկուսով աշխատենք, ասաց՝ բա ո՞նց են Իլֆն ու Պետրովը համագործակցել, մենք էլ համագործակցենք: Արդեն 20 տարի է՝ մենք այս գործն ենք անում, նաև Հորիզոնի հիշողություններն ենք վերակենդանացնում մեր մեծերի մասին»,-իր խոսքն այսպես սկսեց Գուրգեն Լոռեցին: Ինչպես արդեն վերը նշել էինք՝ գիրքն անդրադառնում է ՀՀ երեք նախագահների օրոք տիրող քաղաքական իրավիճակին, իսկ ինչ վերաբերում է նոր իշխանություններին, պարոն Բալայանն ասաց, որ նրանց հետ կապված դեռ ոչինչ չունեն գրած. «Նոր իշխանությունների գործունեությունը դեռ ուսումնասիրում ենք»:

Հարցին, թե հումորասե՞ր է արդյոք մեր ժողովուրդը, Հ. Հորիզոնը պատասխանեց. «Ես նկատել եմ, որ գրականության մեջ հումորիստները քիչ են, իսկ մենք տասնյակից ավելի ունեցել ենք: Մեր ժողովուրդն առանց հումորի չի կարողանում ապրել»: Իսկ տիկին Մարտիրոսյանը նկատեց. «Կարևորը՝ իշխանությունները հումորով չվերաբերվեն ժողովրդին»:

Ամալյա Հովհաննիսյան

«Առավոտ» օրաթերթ, 

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930