Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Իսաբեկյան. «Մարդ պետք է ուժեղ լինի…Ես շատ ուժեղ եմ»

Հունիս 20,2019 23:00

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը արվեստագետների զավակ է` ճանաչված գեղանկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի եւ Արփենիկ Նալբանդյանի որդին:

Aravot.am-ի հետ զրույցում նա սիրով դրվագներ պատմեց մանկությունից, հիշեց իրենց երեւանյան հայտնի բակը. «Այնպիսի մթնոլորտ էր, ոնց որ երազ լիներ, ավելի լավ մանկություն չեմ պատկերացնում: Մեր շենքի երկու մուտքերում նկարիչներ ու քանդակագործներ էին ապրում: Սայաթ Նովա 5-ը հայտնի հասցե էր, դա նկարիչների առաջին շենքն էր…Առաջին հարկերում քանդակագործներն էին, վերեւում` նկարիչները: Մեր ներքեւում Օնիկ Բեջանյանն էր ապրում, հետո իր տղան` Դավիթը Բեջանյան, կողքին` շատ սիրելի Թերեզա Միրզոյանն էր, որը երկար տարիներ մեր քանդակի ամբիոնի վարիչն է եղել: Նա իր սիրելի ուսանողին` Բենիկ Պետրոսյանին տարածք էր տվել, քանի որ արվեստանոց չուներ: Եվ երկար տարիներ Բենոն աշխատում էր այդտեղ…

1. Արամ Իսաբեկյանը երեխա ժամանակ:

Ամենավերեւի հարկերում արվեստանոցներն էին, բայց կային նաեւ բնակարան արվեստանոցներ..Այդտեղ էր Բեքարյանը, մյուսները…Տերյանի վրա էլ գրողներն էին ու գրչի մարդիկ` Սերո Խանզադյան, Կապուտիկյան, Թամրազյան…Երեխաներով կռվում էինք, խաղում, ընկերություն էինք անում…Այս հիշողությունը կազմված է բազմաթիվ երջանիկ պահերից, որն անհնար է մոռանալ»:

Մայրիկի հետ:

Արամ Իսաբեկյանը հիշում է նաեւ իրենց բակում ամեն ամառ բացվող պիոներական ճամբարները. «Դա էլ մազալու բան էր…Հիմա, որ հիշում եմ, ծիծաղելի է, բայց ինչ-որ ձեւով կազմակերպում էին, որ դաստիարակեն երեխաներին: Ի դեպ, լավ էլ ստացվում էր: Կուզեի հիմա էլ նման հնարավորություններ լինեին, չեմ ասում, որ անպայման պիոներներ լինեին, բայց երեխաներին զբաղեցնեին»:

Ըստ մեր զրուցակցի, եթե առողջության հետ կապված բոլոր բաները փոխանցվում են գենետիկորեն, ուրեմն արվեստն էլ կարող է նույնկերպ փոխանցվել. «Ոչ միայն ծնողներս, այլեւ մորս քեռին` Դմիտրի Նալբանդյանը, նաեւ հորս մեծ եղբայրը` Հրայր Իսաբեկյանը ճարտարապետ էր, եղբայրս, երեխաներս…Այդպես արվեստը շարունակվում է: Դրա մեջ լավ բան կա:

Հայր եւ որդի Իսաբեկյանները:

Իմ հայրը, որ մեծ նկարիչ էր, մեծ մտածող էր, կարծում եմ` դժգոհ չէր, որ այդ ճյուղն ընտրեցի, որովհետեւ երեւի ինքն այդ տաղանդը տեսել էր իմ մեջ, թե չէ կարող էր շատ խիստ լինել իմ հանդեպ»:

Մեր զրուցակիցը որպես յուրահատուկ մարդ է բնորոշում հորը` անվանի նկարիչ Էդուարդ Իսաբեկյանին. «Երբ հայրս մի բան քննադատում էր կամ հեգնում, շատ էր սիրում ռուսերեն ասել` скажите пожалуйста… Նկատի ուներ` մի սրան նայեք ու իր արածներին:

Ինքը սովորական հայր չէր, էն որ երեխեքին տանում են գազանանոց, հետեւում են…Ես իմ մանկության մեջ իրեն այդպես չեմ հիշում: Ես, օրինակ, ամեն ինչ արել եմ իմ երեխաների ու թոռների համար…Չեմ հիշում, որ ինքը հեծանիվ նվիրած լինի, մայրս էր այդ ամենն անում: Հայրս իր ստեղծագործություններով, դասախոսություններով բազմազբաղ էր, բայց նաեւ տեսնում էի, ինչ է անում, եւ դա մեծ դպրոց էր ինձ համար: Ես հորս ու մորս տեսել եմ աշխատելիս եւ հասկացել եմ, թե ինչ մեծ նվիրյալներ են արվեստի, ոչ թե միայն նրանից եկող օգուտների»:

Իսաբեկյանները

Արամ Իսաբեկյանը լավ մարդկանց մասին խոսելիս իր դիմանկարների շարքին էլ անդրադարձավ. «Այն մարդկանց եմ նկարում, որոնց սիրում եւ հասկանում եմ…Էականը հետաքրքիր դեմք ունենալը չէ, այլ հոգին…Ինձ ոգեւորում են մարդկային նման շփումները…Կարեւոր է, երբ մարդկանց սուտը, անարդարությունը չեն մղում առաջ…Իմ նկատմամբ շատ են անարդար եղել, որոշ դեպքերում դա նույնիսկ շարունակվում է, բայց կյանքն այդ ամենը հաղթահարելու մեջ է, մարդ պետք է ուժեղ լինի…Ես շատ ուժեղ եմ»:

Ժանսեմի հետ

Դստեր հետ

Թոռնիկի հետ

Երեւանում ծնված, հասակ առած Արամ Իսաբեկյանից կարծիք հարցրինք այսօրվա Երեւանի մասին. «Մեր բակի առաջվա մթնոլորտը չկա, կա մի ուրիշ ձեւի Երեւան, ավելի շատ երիտասարդների, իրենց հավեսի Երեւան է, սրճարանառեստորանային Երեւանը…Եղբորս տղան` Էդուարդ Իսաբեկյանը, 30 տարի Հայաստանում չէր եղել, ԱՄՆ-ում է ապրում: Վերջերս եկել էր Երեւան: Երբ տպավորություն հարցրի Երեւանի մասին, ասաց` ոնց որ մի մեծ ռեստորանում լինեմ, համատարած սրճարան ու ռեստորան է…Ըստ իս, Երեւանում մարդկային ջերմությունը պակասել է, մարդիկ իրար հաճախ չեն էլ բարեւում»:

Արամ Իսաբեկյանին հարցրինք` իրեն համարո՞ւմ է հաջողակ մարդ: «Լավ ճանապարհ եմ անցել: Իհարկե, կուզենայի, որ շատ բաներ մի քիչ այլ կերպ ընթանային, բայց իմ կյանքն է եւ զղջալու հարց չկա…Ես լայն իմաստով չեմ ուզում ասել, որ հաջողակ եմ, ես ուղղակի շատ աշխատասեր եմ: Մարդկանց կարող է թվալ, թե Իսաբեկյանի զավակն է, իրեն միշտ խնամել ու աջակցել են, բայց ինչի, որ հասել եմ կյանքում, իմ աշխատանքով եւ իմ ջանքերով եմ արել: Հաջողությունը արդյունք է իմ աշխատանքի»,- պատասխանեց արվեստագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Արամ Իսաբեկյանի արխիվից եւ Նարեկ Ավագյանի:

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930