«Մենք ամեն տարի մեր աշակերտներին՝ 10-րդ եւ 11-րդ դասարանցիներին Հայաստան ենք բերում: 10-րդցիները գալիս են առաջին անգամ՝ այցելելու իրենց Հայրենիքը, տեսնելու տեսարժան վայրերը, իսկ 11-րդցիները վերադառնում են Հայաստան՝ կամավորական աշխատանքներ անելու, ինթերնշիփ են անում: Այս անգամ ես 10-րդ դասարանցիների խմբի հետ էի, նրանց պատասխանատուն էի: Գնացինք Արցախ, եւ հունիսի 18-ին վերադարձանք»,- պատմում է ԱՄՆ ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի փոխտնօրեն Անահիտ Նալբանդյանը:
Սակայն ամեն ինչ հարթ չի անցնում: Տիկին Նալբանդյանը պատմում է. «Մեր աշակերտներից մեկը ալերգիկ է, նաեւ ասթմա ունի, դեռ Տաթեւում ասաց, որ լավ չի զգում, բայց երբ երեկոյան հասանք Ջերմուկ, որտեղ պիտի գիշերեինք, կարծես ավելի վատացավ: Ջերմուկը բարձրադիր է, եւ նրա առողջական խնդիրները գուցե դրանից սրվեցին: Երեկոյան երեխաներն ուզեցին հյուրանոցի լողավազանում լողալ, այդ աշակերտն էլ իջավ, որից հետո շատ վատացավ, գլուխն էր սկսել ցավալ, գոռում էր՝ գլուխս պայթում է, հետո սկսեց շնչառությունը վատանալ, դեմքը սկսեց ուռել, աչքերը, շուրթերը, լեզուն, մենք անմիջապես շտապօգնություն կանչեցինք: Ջերմուկի շտապօգնության բժիշկն ու քույրը եկան, հարցումներ արեցին, ճնշումը չափեցին, որ շատ բարձր էր, սրսկումներ արեցին, բայց ես նկատեցի, որ բժիշկն ինքը անվստահ էր եւ մի քիչ վախեցած, դրանից ես ավելի վախեցա, որովհետեւ զգացի, որ ինքը չի տիրապետում իրավիճակին: Երեխան էլ շատ վատ էր, շնչառությունը լրիվ վատացել էր, բերանը ցամաքն ընկած ձկան նման բացուխուփ էր անում: Բժիշկն ասաց՝ պիտի տեղափոխեք հիվանդանոց: Եկավ Ջերմուկի շտապօգնության մեքենան եւ բժիշկն ասաց, որ միայն Վայքի հիվանդանոց կարող եմ տանել, ուրիշ տեղ չեմ կարող տանել: Երեւանում արդեն մեր մյուս ուսուցիչները, այդ երեխայի հարազատները տեղյակ էին, եւ խառնվել էին իրար, հիվանդանոցներ էին զանգել, ես ասում էի՝ տեղափոխենք Երեւան, բժիշկն ասում էր՝ ոչ, միայն Վայք կարող ենք տանել, որ հետազոտեն: Կարծեցի շնորհքով հիվանդանոց է Վայքինը, ասեցի՝ լավ, տանենք: Շտապօգնության մեքենայի մեջ թթվածնի սարքը չէր միանում, օդափոխիչ չկար, մի կերպ դխդխկալով հասանք Վայք: Վայքի հիվանդանոց հասանք, արդեն երեկոյան 9-ն անց էր: Պատգարակը բերեցին, որ տանեն ներս, վրան սավան չկար, դա դեռ ոչինչ, պատգարակն ինքը պատռված էր, գոտի չուներ, որ երեխային կապեինք, չշարժվեր: Երեխան էլ սրսկումների ազդեցության տակ քնել էր: Տարան մեզ վերեւ, մի հատ սենյակ… հիմա բացատրեմ, թե ինչ տեսա այնտեղ. մի կեղտոտ սենյակ, որտեղ ոչինչ չկա, բացի մի կոտրված սեղանից, մի ճղճղված վարագույրից, մի աթոռից ու մի բուժքույրից, որ նստած էր, ձեռքը մի տետրակ ու գրիչ, ու մի բալկոնի պես բան կար, որտեղ մեկը կանգնել՝ ծխում էր: Ես կարծեցի դա սպասասրահն է, ասացի՝ էս մեզ ո՞ւր եք բերել, ասացին՝ սա մեր շտապ բուժօգնության սենյակն է, ասի՝ ի՞նչ…. Ասեցի՝ բա ձեր սարքավորումներն ո՞ւր են, բերել եք մեզ այստեղ, որ ի՞նչ անեք, երեխան վատ է, այս սենյակում ոչինչ չկա, մեզ ինչի՞ եք այստեղ բերել»:
Տիկին Նալբանդյանն ասում է, որ տեսնելով այդ սենյակը, որը նախատեսված է արագ, շտապ, հրատապ բուժօգնության համար, որտեղ միայն թուղթուգրիչով մեկն ասում է՝ անուն-ազգանուն ասեք, ինքը տառացիորեն շոկի մեջ է ընկել:
Պատմությունը, սակայն, դրանով չի ավարտվում: «Ջերմուկի շտապօգնության բժիշկն էլ ասաց՝ ես բերել-հասցրել եմ ձեզ այստեղ, մեր պարտականությունը վերջացավ, ես հետ եմ գնում: Ասացի՝ ո՞նց թե, էդքան սրսկում ես արել, պետք է տեսնե՞ս արդյունքը, համ էլ այստեղի բժիշկն ո՞ւր է: Ասացին՝ դե, շուտով կգա, էլի… Ես եմ իրենց ասել՝ թթվածին բերեք, երեխան չի շնչում, նոր բերեցին, անցկացրեցին դիմակը, որ թթվածին շնչի, հետո եկավ Վայքի բժիշկը, ու սկսեցին երկու բժիշկները իրար հետ վիճել, մեկը ասում է՝ ինչո՞ւ ես էս ներարկումը արել, պետք չէր անել, պետք է էսինչը անեիր, նա էլ, թե՝ ես ուրիշ բան չունեի անելու, դա պիտի անեի… Չես հավատա, մի կրկես, մի զավեշտ, բայց շատ ցավալի զավեշտ, որովհետեւ մարդու կյանքի հարց էր»,- տիկին Նալբանդյանի պատմությունը սկսում է նմանվել Էմիլ Կուստուրիցայի ֆիլմերին:
Կարդացեք նաև
«Ասում եմ՝ դուք այստեղ ոչինչ չունեք, ՈՉԻՆՉ: Մի հատ ուղղաթիռ կանչեք, արագ տեղափոխենք երեխային Երեւան, կյանքի ու մահու հարց է, ինձ ասում են՝ չկա տենց բան, չենք կարող կանչել, ասացի՝ մի հատ շտապօգնության մեքենա տվեք գոնե, տանենք հասցնենք էս երեխուն Երեւան, ասեցին՝ շատ թանկ է, ասում ենք՝ ձեր գործը չի, մենք վճարում ենք, տարեք մեզ Երեւան»,- պատմում է տիկին Անահիտը:
Ի վերջո, համոզել է, որ Վայքում իրենք անելիք չունեն, եւ պետք է տեղափոխել երեխային մայրաքաղաք: Դրա համար 80 հազար դրամ են պահանջել: Ասել է՝ խնդիր չէ, միայն թե արագ մեքենան բերեք, ասել են՝ պետք է սպասեք, գնացել է բենզին լցնելու: «Դու պատկերացնո՞ւմ ես, շտապօգնության մեքենայի մեջ վառելիք չլինի, նոր գնա լիցքավորվի»,- շարունակում է իր պատմությունը տիկին Նալբանդյանը: «10 րոպե տեւեց մինչեւ մեքենան եկավ, բժիշկն ուզում էր կաթիլային միացնել, էս հաստության ասեղ էր, ես կյանքում տենց բան չէի տեսել, բայց ինչեւէ, ինքը կարողացավ մտնել երակը, արեց: Պատգարակը գոտի չուներ, ամբողջ ճանապարհին՝ 3-4 ժամ, էդ դխկլ-դխկլ ճանապարհներով եկանք հասանք Երեւան, մի կողմից ես, մյուս կողմից՝ բուժքույրը, երեխային բռնել էինք, որ պատգարակից չընկնի: Կաթիլային ներարկման համար շտատիվ չկար, ես ամբողջ ճանապարհը ձեռքս վեր պարզած դա բռնած բերել եմ, մյուս ձեռքով էլ՝ երեխային բռնած, որ չընկնի, ճանապարհին երեխան մեկ էս կողմ էր շուռ գալիս, մեկ էն կողմ: Մեքենայի մեջ օդափոխիչ չկար, պատուհան չէր լինում բացել՝ տոթ էր ու փոշի, դա ի՞նչ էր… Մի զավեշտ, մի ցավ, մի խայտառակություն…»,- իր ապրումները ներկայացրեց ուսուցչուհին:
«Ես պարսկահայ եմ, 45 տարի առաջ Պարսկաստանից դուրս եմ եկել, ու մի բան ասեմ. 40 տարի առաջ Պարսկաստանի գյուղերի հիվանդանոցները սրանից ավելի լավ վիճակում էին: Ես սենց բան չեմ տեսել: Ինչո՞ւ էր դա հիվանդանոց կոչվում: Ո՞վ է պատասխանատու էդ վիճակի համար, ո՞վ է հսկում, ո՞ւմ են ենթակա: Մեր երեխան, փառք Աստծո, լավ է, ամեն ինչ բարեհաջող վերջացավ, հասցրինք Երեւան, օգնություն ցույց տվեցին: Բայց ի՞նչ անեն Վայքի տարածաշրջանի բնակիչները, եթե մեկնումեկին մի բան պատահի, էդ մարդու հարազատը կամ հիվանդն ինքը ումի՞ց է պատասխան պահանջելու: Մեղք է այդտեղի ժողովուրդը, ո՞վ պիտի էս ամենի համար պատասխան տա: Եթե ոչ սարքավորում կա, ոչ դեղորայք կա, ոչ մասնագետ կա, ինչի՞ համար է էդ հիվանդանոցը, փակեք դա, ո՞ւմ է պետք»,- հարցեր է առաջ քաշում Անահիտ Նալբանդյանը:
Տիկին Նալբանդյանը զարմանում է հատկապես բժիշկների անտարբերության վրա, կարծում է, որ բժիշկներն իրենք պիտի առաջին հերթին իրենց ղեկավարության առջեւ հարց բարձրացնեն, ասեն՝ մենք չունենք ամենաառաջնահերթ սարքավորումները, գույքը, դեղորայքը, չենք կարող բուժօգնություն ցույց տալ մեզ դիմողներին, մի բան արեք, սակայն բոլորն անտարբեր են եւ միայն ուսերն են թոթվում ու ասում՝ սա է, չկա, չունենք, ի՞նչ անենք…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
**Սիրում եմ էս տեսակ պատմութիւնները: Միտքս սխալ չհասկանաք: Պարզաբանեմ՝ էն որ ԱԺ-ում, ուղիղ եթերներում, հարցազրոյցներում ժամերով ճառում, գովաբանում է, թէ բա «նոր երկինք եւ նոր երկիր, տնտեսական աճ, մտքի, խելքի ու նորարարութեան երկիր, օրէնքի ու իրաւունքի երկիր՝ մի խօսքով դրախտավայր» ու մենք էլ սա, Ռուստամի արկածները, Երեւանի փողոցային առեւտուրը, երթեւեկը, հայերէնի ու մաթեմատիկայի քննութիւնները մի վայրկեանում յօդս են ցնդեցնում ամէն ինչ:
Վերջին օրերի լուրերից՝
1. Վարորդը ծխում է երթուղայինում:
2. Տիգրան Մեծի պողոտայում փողոցային առեւտուր շարունակւում է:
3. Շտապօգնութեան մեքենայում վառելիք չկաՐ:
Չափազանց հրատապ հարցեր/լուրեր, որոնց լուծումը փողի հետ չի կապուած, այլ պարզապէս չունէք կազմակերպչական ջիղ, խստապահանջութիւն եւ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆ:
**Փա՜ռք Աստուծոյ՝ երեխան առողջացել է: