Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին նոր փոխքաղաքապետ ունի․ նա կաշխատի բավական ցածր աշխատավարձով

Հունիս 20,2019 20:45

Այսօր Գյումրու ավագանու անդամները միաձայն հաստատեցին Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Հայկ Սուլթանյանի թեկնածությունը։ Նշենք, որ Հայկ Սուլթանյանը զբաղեցնում էր քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը, նա  համեստ ու հավասարակշռված անձնավորություն է։

Նրա թեկնածությունն առաջադրելիս՝ Սամվել Բալասանյանը շեշտեց նրա ազնիվ ու պարտաճանաչ լինելը, ասաց, որ նա Գյումրու քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու արդարացրել է իրեն։

Հայկ Սուլթանյանին ավագանու անդամները տարբեր հարցեր ուղղեցին։ «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ  Քրիստինե Մկրտչյանը պարոն Սուլթանյանին հարցրեց, թե որո՞նք էին իր կարևոր ձեռքերումները, որպես կրթության բաժնի պետ։ Ավագանու անդամը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր կա, որ այդպես էլ չկարողացավ լուծել։

«Երբ սկսեցի աշխատել կրթության բաժնում, շենքերի` նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեծ մասը չունեին պետական գրանցման վկայականներ։

Իրականացրեցինք պետական գրանցում, ձեռք բերեցինք մանկապարտեզների լիցենզիաներ, ոչ մի մանկապարտեզ լիցենզիա չէր ունեցել։ Ավագանու հաստատմանը ներկայացրեցինք զեղչերի կարգը, երկու անգամ էլ փոփոխեցինք, սկզբում 3 տոկոսի չափով զեղչ էինք տրամադրում սոցիալապես համապատասխան խմբերին և հետո դարձրեցինք 10 տոկոս։ Բացի դրանից, մենք ավագանով ընդունել ենք ծնողական վարձավճարների վերահաշվարկի կարգ, որը հանրապետությունում միակն է, մենք բանաձև ենք նշել, բանաձևով բացակա օրերի ժամանակ ծնողները  վարձավճարներ չեն մուծում»,-ասաց Հայկ Սուլթանյանը։

Նա նշեց, որ ինտենսիվորեն աշխատել են տարբեր հ/կ-ների ու բարեգործների հետ․ 2015-2018 թվականներին Գյումրու համայնքի բյուջեից դուրս 1 միլիոն դոլարի ծրագրեր են իրագործել՝ վերանորոգման, գույքի ձեռք բերման։

Իսկ խնդիրներ հետ կապված՝ կա՞ դրամահավաք մանկապարտեզներում, թե՞ ոչ, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ նախակրթարանների միջանցքներում փակցված է ոչ միայն թեժ գծի համար, այլ իր բջջայինի։

«ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը, նշելով, որ պարոն Սուլթանյանի հետ բարեհաջող աշխատել է, մի քանի հարցեր ուղղեց նրան։ Ավագանու անդամը նախ հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է, ինչո՞ւ է հրաժարական տվել նախորդ փոխքաղաքապետը։ Խոսքը  նախկին դատախազ Վաղարշակ Մխիթարյանի մասին է։

«Առողջական վիճակի պատճառով, ես այդպես գիտեմ»,-ասաց Հայկ Սուլթանյանը։

Լևոն Բարսեղյանի երկրորդ հարցն էր՝ ի՞նչ պետք է ձեզ մտնել այս չարչարանքի մեջ, կբացատրեք։

«Ճիշտ եք ասում, այնտեղ ավելի հանգիստ է, քան այստեղ, բայց ինչպես ներկայացրեց պարոն Բալասանյանը, միասին անցել ենք աշխատանքային երկար ճանապարհ, թիմային գաղափարի խնդիր կա։ Ինչ ասեմ, այս աշխատանքն ավելի շատ պատասխանատվություն է․ աշխատավարձի առումով էլ առանձնապես տարբերություն չկա, մեծ բեռ է, բայց եթե քաղաքապետը ներկայացրել է, գտել է, որ ես օգտակար կարող եմ լինել, ուրեմն ես չեմ կարող հրաժարվել»,- ասաց Հայկ Սուլթանյանը։

Խոսք ընկավ նաև Գյումրու քաղաքապետարանին աշխատակիցների ցածր աշխատավարձից, Հայկ Սուլթանյանն ասաց, որ փոխքաղաքապետի աշխատավարձը 240 հազար դրամ է՝ մարզպետարանի գլխավոր մասնագետի աշխատավարձի չափ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930