Այսօր՝ փախստականների միջազգային օրը, նաև ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի տվյալների՝ վերջին տարում երկիրն ունի սահմանահատումների դրական դինամիկա. 2016-ին հանրապետության սահմաններից դուրս է եկել 48.170 անձ, 2017-ին՝ 26.897 անձ, իսկ 2018-ին 15.313 անձ մուտք է գործել երկիր: Սա վերջին 12 տարիների համար ռեկորդային ցուցանիշ է:
ՀՀ քաղաքացիների ելքերի դինամիկան ևս ուրախացնող է՝ 2016-ին 54.000 քաղաքացի է դուրս եկել ՀՀ սահմաններից, 2017-ին՝ 36.000 քաղաքացի, 2018-ին՝ 4500 քաղաքացի: «2019-ի առաջին եռամսյակն ընդհանուր բացասական է, բայց Հայաստանի քաղաքացիների մասով վերջին 9 տարիների համար առաջին անգամ առաջին եռամսյակում դրական տարբերություն կա»,-նշում է Արմեն Ղազարյանը:
Ըստ նրա՝ դրական արդյունքները կարճաժամկետ են: Այն պահպանելու համար, ըստ Միգրացիոն ծառայության պետի, տնտեսության և արդարադատության ոլորտներում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ. «2010 թվականից սկսած՝ կայուն էմիգրացիան այնպես է աղճատել մեր ընդհանուր դեմոգրաֆիական պատկերը, և ծնելիության նվազումն այնպիսի ծանր ազդեցություն է ունեցել, որ մենք կարող ենք շատ վատ հետևանքների հանգել, եթե հիմա չօգտագործենք այս մի քանի տարիները, որ մեր հնարավորությունների պատուհանն է»:
Նա նշեց,որ վերջին մեկ տարում Հնդկաստանի քաղաքացիների սահմանահատումները ևս կտրուկ աճել են։ 2016-ին Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 78 քաղաքացի, 2017-ին ՝ 311 քաղաքացի, 2018-ին՝ 3723 քաղաքացի։ Նրանցից կացության կարգավիճակ ստացել են՝ 2016-ին՝ 1086 քաղաքացի, 2017-ին՝ 938 քաղաքացի,2018-ին՝ 1907 քաղաքացի: Նրանցից մոտ 900-ը կացության իրավունք է ստացել աշխատանքի հիմքով, մնացածը՝ ուսման: