Վարդիթեր Հովհաննիսյանի եւ նրա 4 զավակների կյանքն արդեն քանի օր է այլ հունով է ընթանում: Երեխաները սենյակից խոհանոց են գնում, խոհանոցից՝ լոգարան ու չեն հավատում, որ լուսավոր, վերանորոգված ու հարմարավետ պայմաններով բնակարանն իրենցն է եւ այլեւս չեն վերադառնալու մռայլ պատերով, խոնավ պայմաններով վագոն-տնակ: Վարդիթեր Հովհաննիսյանի ընտանիքը 20-22 տարի է տնակում է բնակվում, որտեղ տիկին Վարդիթերը, մեծ դժվարությամբ չորս երեխա է մեծացրել: Տարիներ ի վեր կենցաղային տարրական պայմաններից զրկված ընտանիքի անդամների մոտ, սակայն նոր բնակարանի հետ նոր հույսեր են արթնացել. դպրոցահասակ երեխաները մտադիր են ուսում ստանալ, աշխատանք գտնել ու կյանքի պայմանները բարելավել:
Երեկ, նրանք, հանդիսավոր պայմաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ստացան երեք սենյականոց բնակարանի բանալիները:
Բնակարանը գտնվում է Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում: Այն Հովհաննիսյանների ընտանիքին է տրամադրվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում:
Կարդացեք նաև
Ծրագրի նպատակը՝ օգնել անապահով ընտանիքներին վագոն-տնակներից տեղափոխվել բնակարան: Նախագծի շնորհիվ այսօր արդեն Գյումրու 20 ընտանիք ապահովված է սեփական բնակարանով:
Ծրագրի այս փուլը նախատեսում է բնակարանով ապահովել Վանաձորի տնակներում ապրող ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան:
Մարիամ Բուլղադարյանի բազմանդամ ընտանիքի համար բնակարան ստանալու լուրը նույնպես անակնկալ էր: Տասնյակ տարիներ վագոն-տնակում ապրելը ընտանիքի անդամներից խլել էր հույսը,լավատեսությունն ու երեխաների ապագայի նկատմամբ հավատը: Մի օր սակայն նրանց դուռը թակել են ՀԷՑ-ի աշխատակիցները եւ հայտնել,որ մտադիր են բնակարանի հարցում օգնել բազմանդամ ընտանիքին: Երեկ, Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկում առանձնատան բանալիները ստանալով, այս ընտանիքի անդամներն էլ՝ մեծից փոքր ուրախություն ապրեցին: Տիկին Բուլղադարյանի խոսքով, բարերարների շնորհիվ իրենց կյանքում լուծվեց ամենակարեւորը՝ բնակարանի հարցը, որպեսզի երեխաներն ու թոռնիկները ոչ թե իրենց պես վագոն-տնակում մեծանան՝ վտանգելով առողջությունը, այլ՝ բարեկեցիկ տանը՝ մտածելով միայն ապագայում ուսում ստանալու, իրենց կյանքն ու ապագան կառուցելու մասին:
«Ես շնորհակալ եմ Սամվել Կարապետյանին, թող Աստված միշտ օրհնի եւ նրան պաշտպան լինի: Մեզ համար ամենալավ օրն է այսօր, որ երեխաներս իրենց գլխին արդեն տանիք ունեն»,-ասաց Մարիամ Բուլղադարյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը ասաց, որ այս տարիների ընթացքում ուսումնասիրել են սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրը: Նրա խոսքով, անհնար է անտարբեր անցնել հատկապես տարրական կենցաղային պայմաններից զրկված երեխաների կողքով, որոնցից յուրաքանչյուրի երեսին իրենց տարիքին ոչ բնորոշ հոգս ու տխրություն կա.«Վանաձորում էլ այդպիսի ընտանիքներ շատ կան եւ հենց այդ պատճառով էլ այս անգամ այստեղ ենք փորձել օգտակար լինել: Վստահ ենք, որ բնակարանային հարցը լուծելուց հետո թե՜ երեխաները, եւ թե՜ նրանց ծնողները կկենտրոնանան ավելի կարեւոր խնդիրների վրա»:
Նատալյա Սարջանյանը ներկայացրեց՝ ինչ չափորոշիչով են ընտրում անապահով ու անտուն ընտանիքներին՝ նշելով, որ առաջնահերթությունը տրվում է բազմազավակ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,որպեսզի նրանց կենցաղային պայմանները բարելավվեն:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց,որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ նախագծեր է իրականացնում Լոռու մարզում՝այդ թվում եւ Վանաձոր քաղաքում. «Մեզ համար ուրախալի լուր ստացանք, երբ իմացանք, որ համահայկական նախագծերից բացի, պարոն Կարապետյանը պատրաստվում է վանաձորցի մի քանի անօթեւան ընտանիքների ապահովել բնակարանով: Վանաձորի համար բնակարանի ապահովման հարցը առաջնային խնդիրներից է: Վագոն-տնակներում ապրում են խոցելի խավեր եւ շատ ուրախալի է, որ մի քանի բազմանդամ ընտանիք, որոնք սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, շնորհիվ ՀԷՑ-ի եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, վերջապես, բնակարան կունենան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ