Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյայի մասնակցի հայրը հացադուլ է անում ՊՆ շենքի մոտ

Հունիս 20,2019 19:30

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Երեմ Գալոյանն արդեն 4 օր է հացադուլ  է անում պաշտպանության նախարարության շենքի մոտ:

Aravot.am-ի հետ զրույցում Գալոյանը պատմեց, որ որդին՝ Գեւորգ Գալոյանը 2016 թվականին մասնակցել է քառօրյա պատերազմին՝ առաջնագծում: Սակայն որդու զինգրքույկում ՊՆ-ն հրաժարվում է համապատասխան գրառումն անել՝ առանց որեւէ հիմնավորումների:

Գալոյանի ներկայացմամբ՝  5 անգամ դիմել է նախարար Դավիթ Տոնոյանին, սակայն իր դիմումներն անպատասխան են մնացել: Վերջին դիմումն էլ ապրիլին է ուղղել, սակայն ՊՆ-ից նրան պատասխանել են՝ դիմումն իրավաբանների մոտ է, սպասեք, քննարկում են.  «7 ամիս է դիմում եմ, էլի՞սպասեմ: Մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել, ասել են՝ լրացուցիչ ներկայացրել ենք, որ մեզ 10 օրում պատասխանեն: 10 օրն անցավ, էսօր 66-րդ օրն է, չեն պատասխանում»:

Գալոյանը վստահեցրեց՝ Երեւանում քաղաքացիների ընդունելության օրը այս խնդիրները ներկայացրել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին. «Ասավ՝ քո էրեխեն մասնակցել է մարտական գործողություններին, բայց չեմ անում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ապրիլյանի մասնակցի հայրն ասաց, որ 2017 թվականին էլ դիմել է Գեղարքունիքի զինկոմիսարիատ, որտեղ զինգրքույկները հավաքել են, բայց էլի համապատասխան գրառումը չեն արել:

Մանրամասն՝ տեսանյութում

Գալոյանը մեզ ցույց տվեց ՊԲ համապատասխան զորամասի հրամանատարի տրամադրած փաստաթուղթը, որտեղ նշված է. «…Ժամկետային զինծառայող Գեւորգ Երեմի Գալոյանը 2016թ. ապրիլի 1-ից 3ՀՎ-ի կազմում մեկնել է մարտական հերթապահության, ապրիլի 2-ին ամբողջ զորամասն անցել է պաշտպանության առաջնագծում  եւ մինչեւ հունիսի 14-ը իրականացրել է մարտական հերթապահություն»:

Հացադուլ անող այս քաղաքացին ասաց, որ ինքը առողջական խնդիրներ եւ հաշմանդամություն ունի, բայց առայժմ՝ հացադուլի 4-րդ օրը, վատ չի զգում իրեն: Որդին էլ զինծառայության ընթացքում, ինչպես ասաց Գալոյանը, եւս առողջական խնդիրներ է ձեռք բերել.«Բանակում 2015 թվականին վիրավորվել է, Ջաբրաիլում, հետո Երեւանում է զինվորական հոսպիտալում բուժում ստացել: Էրեխիս թեւը ծուռ է մնացել: Ես ուզում եմ գրառումն անեն, որովհետեւ էրեխես սաղ կյանքը հաշմանդամ է մնալու, բուժման կարիք ունի, գոնե 50 տոկոս զեղչով կամ ձրի բուժում ստանա, ես էլ հնարավորություն չունեմ, թոշակով եմ ապրում, որ օգնեմ»:

Գալոյանը վիրավորված է, որ ինքն էլ արցախյան ազատամարտի մասնակից է եղել, ու հիմա էլ որդու խնդիրն անտեսում են, իրեն էլ, իր խոսքերով ասած՝ մարդատեղ չեն դնում. «Ուրեմն ես մարդ չե՞մ, ուրեմն իմ մեռնելն են ուզում, հեսա ստեղ կմեռնեմ, թող տանեն, իրենք էլ խայտառակ լինեն: Կորցնելու զատ չունեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գալոյանի ներկայացրած խնդրի առնչությամբ պաշտպանության նախարարությանը գրավոր հարցում ենք ուղղել: ՊՆ-ի պարզաբանումը կհրապարակենք առաջիկայում, երբ ստանանք մեր հարցման պատասխանները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930