Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի գործով Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հարցաքննվե՞լ են. դատախազի ուշագրավ պատասխանը

Հունիս 20,2019 19:40

Դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը անակնկալ էր նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանի համար: Այդ մասին, դատախազն ասաց`դատավորի խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանն այսօր անակնկալ որոշում կայացրեց`խորհրդակցական սենյակ հեռանալու`չլսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները:

Դատավորի անակնկալ որոշման համար նա մեղադրում է պաշտպանական կողմին: Իր կարծիքով, պաշտպանները հակասական հայտարարություններ էին անում: Դատախազը չհամաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ բողոքի քննություն ըստ էության, չեղավ. «Այնպես չէ, որ բողոքի քննարկում չի եղել, բողոքը ներկայացվել է, պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչներ հանդես են եկել առարկություններով, ինչի արդյունքում դատարանը եկել է կոնկրետ հետեւության: Դատարանը պաշտպանության կողմի վարքագծից կոնկրետ հետեւություն անելով`հեռացավ խորհրդակցական սենյակ»:

Դատախազն ասաց, որ իրենց ձեռնտու են բոլոր օրինական ակտերը:

Լրագրողներից մեկն էլ հարցրեց`ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորի հետեւից վիրավորական արտահայտություններ են բղավել`«անասուն» եւ այլն: Դատախազն ասաց, որ լրագրողի ասած արտահայտություններն ինքը չի լսել:

Դատախազը համամիտ է դատավորի հետ, որ պաշտպանական կողմը բողոքի քննությունը ձգձգելու միտում ունի: Ասաց նաեւ, որ նախկինում էլ իրենք քանիցս այդ մասին հայտարարություն են արել:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն իր ելույթում հայտարարել էր, որ դատախազությունն անկեղծ չէ 0038 հրամանի հետ կապված ի հայտ եկած նոր հանգամանքով գործ հարուցելու հարցում, քանի որ այդ հրամանը նախկինում էլ է եղել դատախազության տրամադրության տակ: Դատախազի կարծիքով`«դա Միհրան Պողոսյանի գնահատելունը չէ»: Ասաց նաեւ, որ այդ մասին քանիցս է պարզաբանում տրվել:

Երեկ էլ Սեդա Սաֆարյանն էր հայտարարել, որ ըստ Փաստահավաք խմբի հավաքած տեղեկությունների, 2008-ի գաղտնի շտաբը գործել է դատախազության շենքում: Պետրոս Պետրոսյանն ասաց, որ իրեն նման փաստ հայտնի չէ. «Ինձ այս պահին նման տեղեկություններ հայտնի չեն»:

Երեկ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն ներկայացրած Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն այս գործով այլ կարգավիճակ ունենան: Լրագրողները հետաքրքրվեցին`տեղյա՞կ է դատախազը, Արցախի ներկա եւ նախկին նախագահները հարցաքննվե՞լ են: Դատախազն ասաց, որ հարցին պատասխանել չի կարող, սակայն, այդ հարցը, գործի քննության ժամանակ, առաջին ատյանի դատարանում քննարկման առարկա է դարձել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930