ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի գործով նիստի ժամանակ այսօր դատավոր Արմեն Դանիելյանն այսօր խորհրդակցական սենյակ հեռանալու անակնկալ որոշում կայացրեց`չլսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները:
«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,- հայտարարեց դատավորը:
Հիշեցնենք, մինչ այդ իրենց առարկություններն էին ներկայացրել Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպանները:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, միջնորդություն էր ներկայացրել` կասեցնել գործի քննությունը եւ դիմել Սահմանադրական դատարան: Միջնորդությանը միացան նա Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Ռուբեն Սահակյանը եւ Հայկ Ալումյան, ինչպես նաեւ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը:
Կարդացեք նաև
Պաշտպանները խնդրեցին միջնորդությունն առաջնահերթության կարգով քննել: Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց սույն միջնորդության դեմ, նա հորդորեց շարունակել դատական նիստը: Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պաշտպանեց դատախազության դիրքորոշումը:
Ապա` դատավորը հայտարարեց իր անակնկալ որոշումը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ`վերջնական դատական ակտ կայացնելու: Որոշումը կհրապարկավի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ