Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ինչի՞ է Հրայր Թովմասյանը գնում պրոտոկոլով վարչապետի կողքը կանգնում».Էդմոն Մարուքյան

Հունիս 20,2019 18:57

«Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»,- այսօր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում այսպիսի հայտարարություն էր արել, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կլսի Վահե Գրիգորյանի հիմնավորումները, նոր իր կարծիքը կասի, որովհետեւ որքան հասկացավ՝ Գրիգորյանը վիճարկում է մյուսների դատավոր լինելը. «Մինչ այս պահը ՍԴ դարավորները ճանաչվել են հեղափոխական իշխանության կողմից, ճանաչված են միջազգային հանրության կողմից, նաեւ գիտեմ, որ ՍԴ-ի որոշման հիման վրա փոփոխություն է կատարվել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, հենց որով էլ մենք կատարել ենք քվեարկություն՝ ՍԴ դատավոր ընտրելու համար:

Մեր դիտարկմանը՝ «Իմ քայլի» պատգամավորները սա հետեւյալ կերպ են մեկնաբանում՝ մյուս անդամներն ընտրվել են ՍԴ անդամ, ոչ թե դատավոր, իսկ դատավորի եւ ՍԴ անդամի մեջ տարբերություն կա, պետք է ընթացակարգ անցնեն, որ դառնան դատավոր, իսկ նման ընթացակարգ չկա: Մարուքյանն արձագանքեց. «ՍԴ անդամներն ու դատավորները յուրաքանչյուրն իր ընտրված ժամկետով պաշտոնավարում է եւ դա գրված է Սահմանադրության մեջ: Դա որեւէ կերպ չի փոխվել եւ հետադարձ ուժով էլ չի կարող վատթարացնող նորմ ընդունվեր, հետեւաբար այդտեղ այդ փաստարկն այնքան էլ տեղին չէ: Այսինքն, այն որոշումները, որ ընդունել են, որոշում չե՞ն: Եթե չեն, բա ինչի՞ ենք օրենքը փոխել՝ դրա հիման վրա: Բա ինչի՞ է Հրայր Թովմասյանը գնում պրոտոկոլով վարչապետի կողքը կանգնում: Հասկանանք՝ միայն Վահե Գրիգորյանի՞ մոտեցումն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում»:

Մարուքյանը հիշեց, որ նախկին իշխանության ժամանակ եղել է նման քննարկում, որ ՍԴ անդամները մեխանիկորեն դառնում են ՍԴ դատավոր, բայց միշտ կարող է լինել իրավաբանների մի խումբ, որ մի կերպ մեկնաբանի եւ լինի այլ մեկնաբանություն էլ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղը Հրայր Թովմասյանը չպիտի գնա աշխատանքի եւ ոստիկանությունը չպիտի թույլատրի, որ Հրայր Թովմասյանը մտնի ՍԴ-ի շենք: Մարուքյանն արձագանքեց. «Սպասենք վաղվան, քնենք այսօր, վաղը արթնանանք…Գիտեք, ես ոչինչ չեմ բացառում, որովհետեւ 7 տարի է ես քաղաքականության մեջ եմ, շատ բան եմ տեսել եւ վստահ եմ՝ ապագա տարիներին այնպիսի բաներ եմ տեսնելու, որ երբեւէ չեմ պատկերացրել, որ կարող է նման բան լինել»:

Մեր հարցին՝ եթե վաղը Հրայր Թովմասյանը փորձի մտնի իր աշխատասենյակ ու նրան թույլ չտան, Հրայր Թովմասյանը կդառնա քաղհալածյա՞լ՝ Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ թույլ կտան, թե թույլ չեն տա եւ դրա արդյունքում ինչ կլինի: Կտեսնենք: Եթե ոստիկանը թույլ չտա, պիտի ասի, չէ՞, թե ինչի թույլ չի տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930