Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր կան. Միհրան Պողոսյան

Հունիս 20,2019 18:44

«Ի սկզբանե նշանակված են մեղադրյալներ և բոլոր գործողությունները բերում են նրան, որ սույն գործով մեղադրյալները պատասխանատվության ենթարկվեն»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով դատական նիստում հայտարարեց Յուրի Խաչատուրովի  պաշտպան Միհրան Պողոսյանը:

Այսօրվա նիստում, հիշեցնենք, հնչում են պաշտպանական կողմի առարկությունները:

Ըստ Միհրան Պողոսյանի, միայն այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովը հանդիսացել է Երեւանի կայազորի պետ, հիմք է տվել նրան մեղադրանք առաջադրելու համար: «Եթե վերջինիս մեղքը միայն այն է, որ նա հանդիսացել է կայազորի պետ, ապա ինչո՞վ է պայմանավորված ՀՔԾ բարյացակամ վերաբերմունքը, ո՞ւր են այս գործով պայմանականորեն ասած 5 կամ 15 հազար  զինվորները, ինչու՞ դատավարական կարգավիճակ չունեն, չէ՞ որ նրանք եւս կատարել են որոշակի գործողություններ»,- հարցադրումներ հնչեցրեց պաշտպանը։

Մեջբերելով մեղադրանքի այն հատվածը, որի համաձայն զինվորականների ներգրավումը մարտիմեկյան իրադարձություններին եղել է անօրինական, պաշտպանը կրկին հարց հնչեցրեց`եթե ներգրավվել են, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում։

Միհրան Պողոսյանը հիշեցրեց նաեւ, որ 2018 թվականի հուլիսին տեղի ունեցած իրադարձություններից կարճ ժամանակ անց ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է ՀՔԾ-ում արդեն տասնմեկ տարի քննվող քրեական գործին: Ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը, որպես վկա հարցաքննվել է եւ հենց նույն պահին նրան, իբրեւ մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել`խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Բայց, միաժամանակ, թույլ է տրվել կիրառել այլընտրանքային խափանման միջոց. «Ես բողոքարկել եմ թե Վերաքննիչ, թե Վճռական դատարանների որոշումները, որ այս պայմաններում Յուրի Խաչատուրովի նկատմամբ չի կարող կիրառվել կալանավորումը, որպես խափանման միջոց»։ Պաշտպանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազությունը այս որոշումը երբեւէ չի բողոքարկել։

Միհրան Պողոսյանը համամիտ է Սեյրան Օհանյանի պաշտպանի ներկայացրած այն փաստարկների հետ, որ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն լինել չի կարող: Խոսքը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածի մասին է, որը լրացվել է 2009 թվականին եւ որի հիմքով էլ սույն գործով մեղադրանքներ են առաջադրվել:

Միհրան Պողոսյանը հայտարարեց նաեւ, որ  առկա են փաստական տվյալներ, իր պաշտպանյալի նկատմամբ, հենց այս պահին քրեական հետապնդումը դադարեցնելու համար: «Սույն գործով որոշում կայացնելիս դուք չեք հանդիսանալու օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ այս բողոքները անօրինական կարգով են միացվել եւ քննվում։ Ավելին, պնդում եմ, որ կասեցնելու դեմ բողոքները ենթակա չեն նույնիսկ վարույթ ընդունելու, քանի որ դրանց վերաբերյալ իրավական կարգավորումները թույլ են տալիս բողոքարկել միայն  մեղադրողների կողմից, իսկ սույն գործով այս փուլի համար նախատեսված մեղադրող դատախազ գոյություն չունի»։

Միհրան Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքն անհատական դիմում է ներկայացրել ՍԴ, քանի որ այդպես էլ պատասխան չի տրվում, թե խափանման միջոցի կիրառման ժամանակ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվե՞լ է սահմանադրական օրենք թե ոչ. «Վիճելի  օրենքի (301 կետի) որոշակիության հետ կապված, օրենքին հետադարձ ուժ տալու հետ կապված հարցերին իրավասու է պատասխանել միայն ՍԴ-ն»:

Նա կարծում է, որ այս դատարանը իրավասու է այս գործով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում կայացնել։

Պաշտպանը նաեւ հայտարարեց, որ գործին ամբողջական գնահատական չի տրվում: Ասաց`գործի տարիների քննության ընթացքում մարդիկ են եղել, որ տեղյակ են եղել զոհերի առկայության մասին, հեռախոսային խոսակցության ժամանակ միմյանց հետ նշում էին՝ «լավ ա եղել՝ ինչ եղել ա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930