Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ նիստում երդվելով՝ ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները:
Ելույթում նա ուշագրավ հայտարարություն արեց. «Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որը դեռ անցումային փուլում է: Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային գործողությունների տիրույթում։ Անցումային տրամաբանության մեջ այն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես քննարկելու եմ Սահմանադրական դատարանի անդամների ու դատավորի հետ, հետո՝ նրանց հետ համատեղ հույս ունեմ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ։
Այսօր, այս երդումը տալով, ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում՝ երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով՝ այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»:
Հիշեցնենք, որ ՍԴ գործող նախագահը Հրայր Թովմասյանն է, եւ նրա հնարավոր հրաժարականի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ