Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի պաշտպան. Դատարանն ուներ հիմք` ՍԴ դիմելու որոշման համար

Հունիս 20,2019 17:56

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Այսօրվա նիստում լսվում են պաշտպանական կողմի առարկությունները: Առաջինը ելույթ ունեցավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց դիրքորոշումները մեղադրանքի վերաբերյալ կհայտնեն վերջում:

Կարեն Մեժլումյանի հիմնական հակափաստարկն այն էր, որ նշված ժամանակաշրջանում առաջադրված մեղադրանքի հոդվածը 300.1, Քրեական օրենսգրքում չի եղել: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ գործում էր 300 հոդվածը, որով սահմանվում էր` հանցագործություն են համարում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ՝ պետական իշխանությունը յուրացնելը։ Պաշտպանը հիշեցրեց, որ հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտին եւ ուժի մեջ է մտել մարտի 24-ին, ինչն էլ նշանակում է, որ այն չի կարող տարածվել սույն գործով մեղադրվող անձանց, մասնավորաբար, իր պաշտպանյալի վրա:

Կարեն Մեժլումյանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը հիմա խնդրի առջեւ է կանգնած: Դրանք ինքը հարցերով ձեւակերպեց. գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում Ընդհանուր իրավասության դատարանն իրավունք ունե՞ր կայացնելու ՍԴ դիմելու որոշում թե՞ ոչ։ Եթե դատարանն ուներ այդ իրավունքը, ապա ՍԴ դիմելու եւ այդ հիմքով վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա՞ է, թե՞ ոչ։ Արդյ՞ոք Վերաքննիչ դատարանը լիազորված եւ իրավասու է միջանկյալ դատական ակտերի մասով նոր դատական ակտ կայացնելու Ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն։

Պաշտպանը նաեւ մատնանշեց Քրեական օրենսգրքի այն հոդվածները եւ սահմանված դեպքերը, թե ե՞րբ կամ ի՞նչ պարագայում դատարանը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել կամ ո՞ր դեպքում դատավարության մասնակից կողմերը կարող են բողոքարկել դատարանի որոշումը: Ըստ այդմ, փաստաբանը գտնում է, որ դատարանը գործի քննության նշանակելիս իրավունք ունի դիմել ՍԴ. «Ընդ որում, այդ հիմքով՝ գործի վարույթը կարող է կասեցվել Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատավորի նախաձեռնությամբ կամ միջնորդությունների հիման վրա։ Այս որոշումը կայացումից հետո տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան։ Սակայն նշված նորմից հետեւում է, որ կասեցման մասին միայն այն որոշումը կարող է բողոքարկվել, որը կայացվել է դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարելու կամ մերժելու դեպքում։ Տվյալ դեպքում այս որոշումը կայացվել է ոչ թե միջնորդությունների բավարարումով, այլ դատարանի նախաձեռնությամբ»։ Պաշտպանը պնդում է` դատարանի նախաձեռնությամբ ՍԴ դիմելու եւ այդ հիմքով գործի վարույթը կասեցնելու որոշումը դատավարության մասնակիցների կողմից բողոքարկման ենթակա չէ, առավել եւս, որ դատավարությունը չի էլ սկսվել։

Նախորդ դատական նիստի ժամանակ դատախազ Կարեն Բիշարյանն ասել էր` ՍԴ դիմելու որոշումը ածանցյալ է կասեցման որոշմանը: Պաշտպանը հիմնազուրկ է համարում դատախազի այդ պնդումը եւ բացատրում է. «Ամենայն հավանականությամբ նա նման պնդում է արել, քանի որ օրենսգրքի համաձայն կասեցման որոշումը բողոքարկման ենթակա է, ուստի եթե ՍԴ դիմելու որոշումը ածանցյալ է կասեցման որոշմանը, ապա կասեցման որոշումը վերացնելու պայմաններում ինքնըստինքյան վերացվում է ՍԴ դիմելու որոշումը։ Ես պնդում եմ, որ կասեցման որոշումն է ածանցյալ ՍԴ դիմելու որոշմանը: Ավելին, ցանկացած հիմքով կասեցնելու որոշում ածանցյալ է կասեցման հիմքին»:

Կարեն Մեժլումյանի կարծիքով, եթե Վերաքննիչ դատարանը բավարարի բերված բողոքները, ապա նոր դատական ակտ պետք է կայացնի` 292-րդ հոդվածով սահմանված որոշում, մինչդեռ դրա իրավունքը եւ լիազորությունը չունի: Պաշտպանը պնդեց, որ առկա է եղել ՍԴ դիմելու հիմք, քանի որ հին ու նոր օրենքների սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ դատարանը ունեցել է հիմնավոր կասկած։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930