Անշարժ գույքի գների մասին խոսք չկա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով գույքահարկի ավելացման հարցին: Ըստ նրա, ներկայումս ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են. «2002 թվականին են կատարվել վերջին շտկումները: Մենք ուսումնասիրել ենք շուկան եւ դրանց հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը նշեց, որ 2018 թվականի Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները եւ դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Նա նշեց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո. «Այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը 5 հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»: Նրա խոսքով, եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 %-ով:
Նրա մեկնաբանմամբ, սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ եւ նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի եւ լինելու է անշարժ գույքի միասնական հարկ:
Պարոն Պետրոսյանն ասաց,որ դրույքաչափի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, սակայն իր անձնական դիրքորոշմամբ` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի:
«Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն: Գույքահարկ չեն վճարում: Նրանց մեջ եղել են և կան նախկին պաշտոնյաների գույքեր: Բազմաթիվ են նման օրինակները, երբ բերում և մեզ մոտ գրանցում են նաև Մոնումենտի առանձնատներ»,- ասաց նա: Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը գրանցված չէ. «Լավ, եկեք չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և այդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ