Լրահոս
Օրվա լրահոսը

Յոլյանը պարզել է, թե ում է պատկանում «Պրեմիում Մայնինգը»՝ իր փեսային. նա հերքում է, որ այդ բիզնեսի սեփականատերն ինքն է, ուղղակի գրանցել է փեսայի անունով

Հունիս 20,2019 17:01

Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին հարց ուղղեց՝ «Պրեմիում Մայնինգ ընկերությունը ձեր հետ կապ ունի՞, ծանո՞թ է ձեզ, թե՞ ոչ»: Յոլյանը պատասխանել էր՝ «Ես այսօրվա դրությամբ եւ արդեն երեւի 4-5 տարի է ոչ մի բիզնեսով զբաղված չեմ եւ իմ հետ փոխկապակցված անձնավորությունները: Կոնկրետ կազմակերպության առումով կճշտեմ ինչի՞ մասին է խոսքը»:

Այսօր Aravot.am-ը Լեւոն Յոլյանին հարցրեց՝ ճշտեցի՞ք, ի՞նչ առնչություն ունեք «Պրեմիում Մայնինգի» հետ: Նա պատասխանեց. «Մանրամասն ճշտեցի: Հստակեցնեմ՝ ես էներգետիկայի նախարար աշխատել եմ մինչեւ 2016-ի սեպտեմբերի 21-ը, «Պրեմիում Մայնինգը» 2017-ի փետրվարի 17-ին էներգետիկայի նախարարությունից ստացել է համապատասխան թույլտվություն՝ տարածքի ուսումնասիրման վերաբերյալ: Էդ պահին ես արդեն 5 ամիս պետական կառավարման համակարգում չեմ աշխատել»:

«Հետքը» հրապարակել էր, որ «Պրեմիում Մայնինգը» պետռեգիստրում գրանցվել է 2016-ի օգոստոսին, այն ժամանակ, երբ նախարարը Յոլյանն էր ու գրանցվել է այն արդարադատության փոխգնդապետ Մարատ Դուրյանի անունով: Վերջինս պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի պաշտոնն էր այն ժամանակ զբաղեցնում: Իսկ Մարատ Դուրյանը Յոլյանի փեսան է:

Պարոն Յոլյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե «Պրեմիում Մայնինգը» ունեցվածք չի. «Որպես նախկինում էներգետիկ գործերից մի քիչ հասկացող մարդ՝ ուսումնասիրության թույլտվությունը դա ընդամենը պարտավորություն է, ունեցվածք չի, ինչպես ներկայացվեց: Պետք է ուսումնասիրի ընդերքը, ընդերքի պարունակության վերաբերյալ ներկայացնի համապատասխան փաթեթ համապատասխան մարմնին, որը կգնահատի եւ կտեսնի՝ իրո՞ք այդքան մետաղ կա մեր ընդերքում»:

Յոլյանի խոսքով՝ ինչ-ինչ պատճառներով ներդրման խնդիրներ են առաջացել ու «Պրեմիում Մայնինգի» գործունեությունը դադարեցվել է. «Դա շահագործման լիցենզիա չի եղել»:

Մեր հարցին՝ ԱԺ նիստում դուք այնպիսի տպավորություն ստեղծեցիք, թե այդ ընկերության անունն անծանոթ է՝ Յոլյանը պատասխանեց. «Ես գնացի ճշտելու, ես բոլոր բարեկամների, անգամ մոտ բարեկամների գործերի, բիզնեսի անունները իմանալը չեմ գտնում, որ իմ պարտականությունների մեջ է: Անգամ եթե այն իմը լիներ, ես դրանում ոչ մի բան չեմ տեսնում, դա ոչ գույք է, ոչ ունեցվածք է»:

Մեր դիտարկմանը, որ ձեր փեսային է այն պատկանում՝ Յոլյանը պատասխանեց. «Փեսան փոխկապակցված անձ չի: Մոտ բարեկամ է: Էնքան մոտիկ բարեկամներ ունեմ՝ հորաքրոջ տղա ունեմ, մորաքրոջ…»:

Հարցին՝ այսինքն, տեղյակ չէի՞ք, որ ձեր փեսային է պատկանում այդ ընկերությունը՝ նա պատասխանեց. «Անունով բանով միանշանակ չէ, բայց որ ինքը ինչ-որ մտադրություն ունի…հիմա փեսաս զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, պարտադիր չի, որ ես իմանամ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դուք հերքո՞ւմ եք, որ «Պրեմիում Մայնինգի» սեփականատերը դուք եք, ուղղակի ձեր փեսայի անունով եք գրանցել՝ նա պատասխանեց. «Այստեղ թաքցնելու բան չկա, էնպիսի հարց եք տալիս, ուզում եք ես արդարանա՞մ: Ինչի՞ մասին է խոսքը, ասում եմ՝ ոչ էլ գործունեություն է ծավալել, եթե էդքան լուրջ գործունեություն լիներ…ասում եմ՝ դա ունեցվածք չի… Դրա տակ ի՞նչ կա՝ ունեցվա՞ծք կա, բիզնե՞ս կա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930