«ՊԵԿ-ի դեմ ուղղված դատական հայցերից մեկով հաղթել ենք առաջին եւ երկրորդ ատյանի դատարաններում: Երրորդ՝ Վճռաբեկ ատյանում բողոքը վարույթ է ընդունվել 2018թ.-ի նոյեմբերի վեցին, եւ մինչեւ հիմա որոշում չունենք»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը (նա այս պահին փաստաբան է): Բեքմեզյանը տեղեկացրեց, որ իր մատնանշած դատական գործը թուղթ ներմուծելու հետ կապված մաքսային ձեւակերպումներին է առնչվում. «Այդ գործարարը մինչեւ հիմա սպասում է, որպեսզի հասկանա՝ առաջին եւ երկրորդ ատյանի դատարաններում հաղթելուց հետո ինքն ի վերջո ճի՞շտ է արել, թե ոչ: Վճռաբեկը, սակայն, դեռ չի մեկնաբանել այդ նորմերը: Հիմա գործարարն ի՞նչ անի, աշխատի նույն ձեւո՞վ, թե անի այնպես, ինչպես ՊԵԿ-ն է որոշում»:
Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ այսպիսի անորոշությունն է, որ բերում է դատական համակարգի հանդեպ անվստահության. «Ուստի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններն ավելի արագ պետք է աշխատեն: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով պետք է թեթեւացնել դատավորների բեռը: Հազար գործ քննող դատավորը չի կարող հասցնել բոլոր գործերը ճիշտ քննել, չէ՞ որ ժամկետներ կան»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածության հարցը: Նրա թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ