Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչեր են արել մեր պատգամավորները՝ Մոնղոլիայում. պարզվում է՝ մեր «ռեհանով բրդուճի», բաստուրմայի եւ լավաշի համբավը հասել է Մոնղոլիա

Հունիս 20,2019 16:37

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մոնղոլիայի խորհրդարանի հրավերով այցելել էր Ուլան Բատոր՝ Մոնղոլիա: Գործուղվել էին ԱԺ-ի Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Ռուբիկ Ստեփանյանը:

Թե ինչ էին անում մեր պատգամավորները Մոնղոլիայում՝ այսօր հրավիրած ասուլիսում Մելքումյանն ասաց, որ հիմնականում քննարկել են Մոնղոլիա-Հայաստան կապերի ընդլայնումը: Մեր պատվիրակության անդամներին այնտեղ ընդունել է երկրի առաջին դեմքը՝ վարչապետը, արտաքին գործերի նախարարը:

Մելքումյանի խոսքով՝ «Մոնղոլիան ՀՀ-ի նման ծովային ելք չունի, բայց Չինաստանի եւ ՌԴ-ի հետ սահմանակից է: Ամենաակտիվ բանակցություններն ենք վարել Մոնղոլիա-ԵԱՏՄ համագործակցության առումով: Այնտեղ բոլոր մետաղները կան՝ պղինձ, ոսկի, խոշոր զարգացում ունեցող պետություն է, բարձր տեմպերով զարգանում է: Հանդիպել ենք բիզնեսմենների հետ, որոնք մեծ ցանկություն ունեն ՀՀ-ում ներդրումներ անել: Մոնղոլիան ոչխարաբուծության, անասնապահության զարգացած երկիր է»:

Մելքումյանը հիացմունքով հիշեց, որ ընթրիքներից մեկի ժամանակ հանդիպել է 6-7 երաժշտագետ մոնղոլների, որոնք մաքուր հայերենով են խոսել: Ավելի ուշ պարզել են, որ նրանք ժամանակին ուսանել են Երեւանի կոնսերվատորիայում, հիմա շատ հայտնի մարդիկ են Ուլան Բատորում:

Մոնղոլներն այնքան ջերմ են եղել մերոնց հետ, որ, օրինակ, պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի մոտ տպավորություն է եղել, թե հարյուր տարի իրար հետ մոտ ենք, մինչդեռ նորանկախ Հայաստանում սա Մոնղոլիա կատարած առաջին պաշտոնական այցն է եղել: «Հուզումնալից պահեր ապրեցինք Մոնղոլիայում»,- ասաց Ստեփանյանը:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ Գոբի անունով տարածաշրջանում, ոչխարի, ուղտի բրդի թելից ստանում են քաշմիր բարձրորակ թելը, լրիվ իրատեսական է այդ թելը ներմուծել եւ կարի արտադրությանը զարկ տալ մարզերում, որը մարզերի կանանց գործազրկության խնդիրը կլուծի:

Լիլիթ Ստեփանյանն էլ նշեց, որ Մոնղոլիայում շատ հետաքրքրված են մեր դպրոցներում շախմատի դասընթացների մեթոդաբանությամբ, դասագրքերով, առհասարակ կրթությամբ, մեծ ցանկություն ունեն ուսանողներ ունենալ Բժշկական համալսարանում. «Մոնղոլիայում մեծ հետաքրքրություն ունեին մեր ջրի, կոնյակի հետ կապված: Ինձ համար հետաքրքիր էր, որ մենք այնտեղ կարող ենք մեր դիրքերն ամրապնդել մրգի, բանջարեղենի եւ մասնավորապես չրերի հետ կապված, որովհետեւ Մոնղոլիայում չգիտեին, թե ինչ է չիրը»: Հարցրեցինք՝ ձեզ հետ տարե՞լ էիք՝ պատգամավորները պատասխանեցին՝ չգիտեինք, թե չէ կտանեինք:

Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ ՀՀ-ից գնացած նախկին շրջանավարտներն իրենց զարմացրել են, որովհետեւ այստեղից գնացել են Մոնղոլիա ու սկսել պատրաստել հայկական բաստուրմա: Մելքումյանը կերել էր, շատ գոհ էր. «Շատ համով էր»:

Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ ՀՀ-ում ուսանած մոնղոլները կարոտով են խոսել «հայկական հացի եւ լավաշի մասին, ռեհանով բրդուճի մասին»:

Ռուբիկ Ստեփանյանը զարմացած էր, որ Մոնղոլիայում անգամ սեղանին հաց չեն դրել ու այս առումով մեր երկիրը կարող է շուկա գրավել ու հացի արտադրություն հիմնել:

Մելքումյանն ասաց, որ իրենց սննդի 80-90 տոկոսը միս է, եթե մեր հացը ճաշակեն՝ կհիանան:

Aravot.am-ի հարցին՝ երբ բարեկամական խմբերը, պատգամավորները գործուղումների մեջ են լինում, սովորաբար խոսակցություններ են պտտվում, որ շրջել ե մոլերում, գնումներ են արել, Մոնղոլիայում մոլ կա՞ր, ի՞նչ գնումներ եք արել՝ Մելքումյանը պատասխանեց. «Մոլ գնալու ժամանակ չի եղել, հուշանվերներ ենք բերել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930