Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեից է երևում,թե մեզ տրված խոստումների ո՞ր մասն է իրականություն դառնալու և ո՞ր մասն է «խոստում» մնալու. Անահիտ Բախշյան

Հունիս 20,2019 16:18

2018-ին մեր հասարակությունը բոլորիս հայտնի պատճառներով մերժեց նախկիններին ու ձևավորեց լեգիտիմ իշխանություն, որի առջև դրեց շատ կարևոր պահանջ՝ բոլոր բնագավառներում վերացնել կոռուպցիան և չկրկնել նախորդների քաղաքականության սխալները, վերլուծել դրանք և նորովի մոտեցումներ ներդնել։ Իհարկե շատ կարճ ժամանակ է անցել, որոշ դեպքերում կոռուպցիան ակնհայտորեն նվազել է և հասկանալի է, որ այս կարճ ժամանակահատվածում մեր ակնկալիքները դեռևս չեն կարող իրականություն դառնալ։ Մեկ տարի առաջ այս օրերին Թումոն նախաձեռնեց կրթության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին քննարկումներ, որը տևեց մի քանի շաբաթ, հնչեցին առաջարկներ, դրանց լուծման ճանապարհներ, որոնք ամփոփվեցին Թումոյի աշխատակազմի կողմից և կարծում եմ, այն ներկայացվեց ԿԳ նախարարին։ Սակայն արդյո՞ք այդ քննարկումները ԿԳ նախարարությունում վերլուծվեցին, ի՞նչ եզրակացություններ արվեցին, որքանո՞վ այդ առաջարկները հիմք հանդիսացան պետական բյուջեում և միջնաժամկետ ծրագրերում կրթության ոլորտի ծրագրային ֆինանսավորման հիմնավորումների մեջ, այս բյուջեից չի երևում։ Հունիսի 18-ին Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ 2020թ․պետբյուջեի և 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծրագրերի քննարկում, որը ողջունելի քայլ է։ Գաղտնիք չէ, որ ցանկացած ոլորտի քաղաքականության մեջ առկա խնդիրների նորովի լուծումների, մոտեցումների մասին առաջինը վկայում են Պետբյուջեն և հաջորդ 3 տարիների բյուջեի միջնաժամկետ ծրագրերը, որոնք պետք է բխեն ՀՀ կառավարության հնգամյա ծրագրից։ Պետբյուջեից է երևում, թե մեզ տրված խոստումների ո՞ր մասն է իրականություն դառնալու և ո՞ր մասն է «խոստում» մնալու։

2 ժամ տևած քննարկման ժամանակ, որին մասնակցեցին մոտավորապես 30 հոգի, սուղ ժամանակի պայմաններում հնարավոր չէր բարձրացնել հուզող բոլոր խնդիրներն ու ստանալ սպառիչ պատասխան, իսկ հարցերը շատ-շատ էին, որոնք ստիպված եմ բարձրաձայնել այստեղ։ Ինձ ամենից շատ հետաքրքրում էր այն հարցը, թե կրթությանը հատկացվող ֆինանսավորումը 2020-ին և հաջորդ 3 տարիներին ՀՆԱ-ի ո՞ր տոկոսն է կազմելու։ Այս ցուցանիշը շատ կարևոր քաղաքական ուղերձ է իր մեջ պարունակում, որի վերաբերյալ «2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտ» փաստաթղթի 2-րդ էջում առկա է հետևյալը նախադասությունն ու գծապատկերը․«Չնայած նրան, որ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ կրթության ոլորտի ծախսերը աճել են ավելի քան 14 մլրդ դրամով, կամ 11.6%-ով, այնուամենայնիվ պետական ծախսերի մեջ այն կազմել է 8.61%՝ 2018թ., նախորդ տարվա 8.68% ցուցանիշի համեմատ: Այսինքն 2018-ին եղել է ՀՆԱ-ի 2․15%-, իսկ 2019-ին՝ 2․12%։ Կրթության ոլորտին պետական հատկացումների գերակշիռ մասն ուղղվել է հանրակրթության ծրագրերի ֆինանսավորմանը, 2017 – 2019 թվականներին կազմելով համապատասխանաբար՝ 2017թ. – 67.5%, 2018թ. – 65.6% և 2019թ. 60.3% (առանց կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների): 2018թ. համեմատ 2019 թվականին հանրակրթության ծրագրերի ֆինանսավորումը աճել են 3,17 մլրդ դրամի չափով՝ պայմանավորված պարտադիր 12-ամյա կրթության համակարգի ամբողջական ներդրմամբ և «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ընդլայնմամբ: Միաժամանակ՝ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման արդյունքում կրճատվել են հատուկ կրթության և ներառական կրթության ծախսերը։»

Կարծում եմ, մեր հասարակությունը սպասում էր, որ այդ ցուցանիշը 2020թ-ի պետբյուջեում և ՄԺԾԾ մոտակա 3 տարվա ծրագրերում ոչ թե պետք է նվազեր, այլ՝ աճեր, չնայած, ինչպես նշված էր նշածս փաստաթղթում, այս տարի 14մլդ դրամ ավել գումար է տրվել ոլորտին։ Բյուջեում ներկայացված իննանիշ թվերը ընդամենը թվեր են և չեն խոսում այն մասին, թե 2020թ․ կրթության և գիտության ծրագրային ֆինանսավորման քաղաքականության մեջ ի՞նչն է փոխվել, եթե ծրագրերի վերնագրերն ու բովանդակությունը հիմնականում նույնն են։ Ես շատ լավ գիտեմ, որ բյուջեն գրելիս առաջնորդվում են հսկայական քանակի փաստաթղթերով սահմանված նորմատիվային ակտերով։ Որքան տեղյակ եմ հրապարակային քննարկումներից, այդ նորմատիվային ակտերը դեռ չեն փոխվել, հետևաբար բյուջեի ձևավորման տրամաբանությունը չի կարող փոխվել, այսինքն` մեծ հույս չպետք է փայփայենք, որ, կոնկրետ հանրակրթությանը հատկացվող հաջորդ տարվա բյուջեն կարող է էական փոփոխություններ արձանագրել ոլորտում։

Օրինակ, հանրակրթության ֆինանսավորման մեջ բաց է այս հարցը՝ հանրակրթության տարբեր մակարդակներում աշակերտ-թիվ ֆինանսավորման բանաձևը փոխվելո՞ւ է, ի՞նչ բաղադրիչներից է ձևավորվելու այդ հանրագումարը, ուսուցիչների աշխատավարձի խոստացվող բարձրացումն արդեն ներառվա՞ծ է լինելու դրա մեջ, իսկ ատեստավորված ուսուցիչներին խոստացվող հավելավճարը՞ և վերջապես, դպրոցի տնտեսական կարիքների համար նախատեսված ծախսերն արդյո՞ք դուրս են գալու աշակերտ-թիվ ֆինանսավորման գումարից ու առանձին տողով ֆինանսավորվելու են ։

Հաջորդ մտահոգող հարցը, որն այն նորմատիվային փաստաթղթերի մասին է, որոնք հաստատ չեն վերանայվել։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությամբ հիմնական դպրոցում դասարանի աշակերտների առավելագույն թիվը սահմանված է 35, որից բողոքում են բոլոր ուսուցիչները։ Շատ դեպքերում, նույնիսկ լիազոր մարմնի պահանջով, գերազանցվում է նաև այս թիվը։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմատիվներով՝ դասարանում յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա 2ք․մ․ տարածք, այսինքն` 35 հոգանոց դասասենյակը պետք է ունենա 70ք․մ․ մակերես։ Խորհրդային դպրոցական շենքերի դասասենյակներն ունեն առավելագույնը 50ք․մ․ մակերես, որովհետև այդ տարիներին դասարանում աշակերտների առավելագույն թիվը 25-ն էր։ Հետևաբար, ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, Հայաստանի դպրոցներում ևս աշակերտների առավելագույն թիվը պետք է սահմանվի 25, որը, իհարկե, բյուջեի համար լրացուցիչ բեռ է։ Հիմա, նորմատիվային փաստաթղթերի այս հակասությունը կրկին չի լուծվել հօգուտ աշակերտների և այդ լրացուցիչ բեռի ծանրությունը ընկել է աշակերտների և մանկավարժների ուսերին։ Որքան լավ կլիներ, եթե նոր կառավարությունը վերացներ այդ հակասությունը և եթե ոչ 2020թ․ բյուջեով, բայց ՄԺԾԾ ծրագրերով հաջորդ տարիներին այս նպատակի համար գումար նախատեսեր։ Ա՜յ, սա կլիներ կրթության բարեփոխման համար լավ նախապայման։

Մի հարց էլ ունեմ, եթե կրթության ֆինանսավորման ամբողջ գումարից հանենք շինարարական նպատակների համար տրվող գումարները կամ մարզերի տարրական դպրոցների աշակերտներին սնունդով ապահովելուն ուղղված, իսկապես շատ կարևոր ծրագրերի ծախսերը, որոնք միայն, կրթության կազմակերպման պայմաններ են ենթադրում,ապա որքա՞ն կլինի բուն կրթությանը հատկացվող գումարը։ Ակնհայտ է, որ այն նկատելիորեն կիջնի։

Հիմա ՄԺԾԾ ծրագրերի մասին, որտեղ կա հետևյալ շատ կարևոր միտքը․ «դասավանդող անձնակազմի, մասնավորապես՝ ուսուցիչների, մասնագիտական որակական բարելավումը: Մասնավորապես նախատեսվում է, որ դասավանդող ուսուցիչների առնվազն 45%-ը կանցնի ատեստավորում մասնագիտական նոր չափանիշներին համապատասխան։» Այստեղ էլ կան շատ հարցեր, օրինակ, ինչպե՞ս է հիմնավորվել այդ 45%-ը, երբ ո՛չ մասնագիտական նոր չափանիշներն են հայտնի, ո՛չ նոր ատեստավորման մեխանիզմը, ո՛չ էլ այն կառույցը, որը պետք է զբաղվի դրանով, որովհետև Կրթության ազգային ինստիտուտը լուծարվում է։

Ինչևէ, հարցերը շատ են, մեկ հոդվածով հնարավոր չէ դրանց մասին խոսել, բայց կրթության ոլորտի մեր պատասխանատուներից հասարակությունն ակնկալում է իսկապես նորովի այնպիսի մոտեցումներ, որոնց հիմքում դրված կլինեն ոչ թե ականջի համար բարեհաճ խոստումներ կամ հայտարարություններ, այլ՝ ոլորտի խնդիրների մասին այնպիսի վերլուծություններ, որոնցից կբխեն ճիշտ ու բովանդակալի բարեփոխումներ։

Հ․Գ․ Շատ կուզենայի հատկապես Կառավարության ծրագրում, ապա Պետբյուջեում տեսնել նախադասություններ, որոնք արձանագրվել են Թումոյում անցյալ տարվա քննարկումների արդյունքում արված վերլուծության մեջ, արդյո՞ք ԿԳՆ-ում այս տարի այն օգտագործել են։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

20․06․2019թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930