Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու սարք է հարվածել, որը եղել է Իրանի օդային տարածքում, հաղորդում է BBC-ն:
Իրանական պետական լրատվամիջոցները պնդում են, որ անօդաչուն հարվածել են հարավային Խորմոզգան նահանգում: Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա եղել է RQ-4 Global Hawk անօդաչու: Մինչդեռ Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի զինվորականներին, հայտնել է, որ դա MQ-4C Triton անօդաչուն է:
Ամերիկացի զինվորականները սկզբում չէին հաստատում անօդաչուի կորուստը: Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել էր, որ իրանական տարածքում իրենք անօդաչու չեն ունեցել:
Ավելի ուշ Associated Press-ը և Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, հայտնեցին, որ ամերիկյան անօդաչու է խփվել, բայց այն եղել է միջազգային օդային տարածքում:
Կարդացեք նաև
Այս միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտնել էր, որ տարածաշրջան է ուղարկում ևս 3000 զինծառայող: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը հայտարարել էր, որ դա պատասխան է իրանական ուժերի թշնամական գործողություններին:
Վաշինգտոնն Իրանին մեղադրել է Օմանի ծոցում լցանավի վրա հարձակման մեջ: Իրանն ԱՄՆ-ի մեղադրանքները համարում է անհիմն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ