Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները փակվել են սենյակներում, մեկուսացել հասարակությունից. Էլինար Վարդանյան

Հունիս 20,2019 15:56

«Դուք գտնվում եք ֆաշիստախուլիգանական ինչ-որ բանդայի կողմից կազմակերպված միջոցառմանը, մեզ այդպես ներկայացնում են իշխանական քարոզիչները»,-«ԱդեկվաԴ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսին հայտարարեց «ԱդեկվաԴ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանը:

Ըստ նրա՝ այն մարդիկ, որոնք հրաժարվում են ժողովրդին տուգանել, երբ ժողովուրդը խախտումներ է թույլ տալիս, այդ մարդիկ չեն կարող սիրել ժողովրդին. «Նույնն է, թե ինչպես կարող է այն ծնողը սիրել իր զավակին, որը չի պատժում իր երեխային»:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը նշեց, որ իշխանությունները տապալել են բարեփոխումների իրականացումը. «Պետք է հասարակության մեջ ստեղծեին հանդուրժողականության մթնոլորտ, գնային հստակ ռեֆորմների ծրագրերով և ունենային թիմ, որը կարող է այդ բարեփոխումներն իրականացնել: Բայց այժմ մենք ունենք հռետորաբանության որոշակի փոփոխություն: Ունենք այս երեք կարևոր բաղադրիչների տապալում: Այժմ փոխվեց քաղաքական բանավեճի կուլտուրան և ներմուծվեց գավառամտությունը, տգետ հայհոյանքները և հասարակությանը երկու մասի բաժանելու կուլտուրան ձևավորվեց»:

Ըստ Էլինար Վարդանյանի՝ իշխանությունները մեկուսացել են, ինչը բնորոշ է մեր բոլոր իշխանություններին. «Սա բերում է բանավեճի և ծրագրերի անհնարինության: Գոնե վերջին համագումարն ապացուցեց դա: Իշխանությունները փակվել են սենյակներում, անցում կատարեցին կառավարական սենյակներ և դահլիճներ, մնացին սոցցանցերի ու միտինգային ելույթները: Այս պարագայում լուծման հիմնական միջոց կարող է լինել նոր բևեռի ստեղծումը: Խոսքը հնի վերադարձի մասին չէ, նորի, նորից էլ նորի բևեռի մասին է»:

«Պոլիտէկոնոմիա» վերլուծական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը նշեց, որ փոփոխությունների անհրաժեշտություն միշտ է եղել. «ՀՀ-ում 92 թվականից սկսած միջավայրը ցնցումային է դարձել, և դա միայն մեր երկրին չի վերաբերում: Իմ տպավորությամբ՝ մտնում ենք յակոբինյան ցիկլի մեջ, քանի որ առաջին ցիկլի ժամանակ ակնհայտ է, որ դիլետանտությունը հնարավորություն չտվեց արդյունքներ ապահովել, քանի որ չկար թիմ ու գաղափարախոսություն: Հիմա իշխանությունները փորձում են հասարակության մեջ թշնամիներ գտնելու ճանապարհով իրենց իշխանությունը պահել և բնականաբար, այդ թշնամիները փորձում են գտնել ի դեմս ղարաբաղցիների և Ռուսաստանի: Մեր իշխանությունը գնում է այն ստանդարտ ճանապարհով, որով գնում են ձախողված պետությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930