Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքավայրերի վերաբերյալ Բնապահպանության նախարարին ուղղված դիմումի ոդիսականը․ ՀԲՃ

Հունիս 20,2019 14:25

Դեռ չորս ամիս առաջ՝ 2019թ․ փետրվարի 15-ին, մետաղական հանքերի վերաբերյալ դիմում էինք գրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Չնայած նրան, որ դիմումի մեջ նշված գործողությունների որոշ մասը միանշանակ կարող էր իրականացնել հենց նախարարությունը՝ 20 օր անց (ինչն արդեն իսկ օրենքի խախտում է) ստացանք պատասխան, որ մեր դիմումն ամբողջապես վերահասցեագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Որպես այդ գործողության հիմնավորում բերված էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը։

Այդ պատասխանը ստանալուց հետո սպասեցինք մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, բայց պետական լիազոր մարմիններն այդպես էլ կյանքի նշան ցույց չտվեցին։ Ստիպված եղանք գրել և զանգահարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որից մի քանի օր անց վերջապես ստացանք մեր դիմումի «պատասխանը», որտեղ նշված էր, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ստուգումներ են իրականացվում գործող բոլոր մետաղական հանքավայրերում, որի շրջանակներում կուսումնասիրվեն նաև մեր կողմից բարձրացված հարցերը։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խնդրի մասին է խոսքը՝ մեջբերենք մի հատված դիմումից, որտեղ երևում է, թե ինչ էինք մենք առաջարկում ՀՀ բնապահպանության նախարարին․

«Ձեր նախարարությունից 30012019թ ստացված պաշտոնական պատասխանից տեղեկացանք, որ 2011թ-ից առ այսօր մետաղական հանքավայրի արդյունահանման համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ոչ մի դրական եզրակացություն ուժը կորցրած չի ճանաչվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների մեծ մասը վերոնշյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումն այդպես էլ չի սկսել, և հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»՝ առաջարկում ենք

 1 Ուսումնասիրել և պարզել այդ ընկերությունների կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացման կամ չիրականացման փաստերը։

2 Ուժը կորցրած ճանաչել նախատեսվող գործունեությունը դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չսկսած ընկերություններին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացությունները»։

Հայկական բնապահպանական ճակատի այս երկու առաջարկներն իրականացնելու համար ընդամենը պետք էր, որ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները հանձնարարական ստանային վերադասից և ուսումնասիրեին մետաղական 27 հանքավայրերի շահագործման թույլտվություն ունեցող ընկերությունների տարբեր պետական մարմիններին ներկայացրած հաշվետվությունները։ Կարծում ենք, որ նախարարությունը լիովին իրավասու էր մեր առաջարկներն ուսումնասիրելու և ոչ մի անհրաժեշտություն չկար դրանք վերահասցեագրել այլ պետական մարմնի։ Ավելին, այդ ուսումնասիրությունների արդյունքում հեշտությամբ կարելի էր պարզել, թե արդյո՞ք այդ ընկերությունները նախատեսվող գործունեության իրականացումը սկսել են, թե ոչ՝ համապատասխան իրավական գնահատական տալով այդ ամենին։

Բայց Բնապահպանության նախարարությունը մնաց իր ոճի մեջ և որոշեց հերթական անգամ խուսափել պատասխանատվության բեռ կրելուց։ Ավելի հեշտ է տարբեր օրենքների կամ որոշումների կետերին հղումներ տալով վերահասցեագրել դիմումներն այլ պետական մարմինների կամ հնարավորինս ձգձգել և բարդացնել պատասխաններ ստանալու գործընթացները, տալ ոչ բովանդակային և գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ քան ցանկություն և կամք ցուցաբերել ու հստակ գործողություններ անել դիմումներում բարձրաձայնված խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ։

Այս դեպքում ստացվեց, որ չորս ամիս ժամանակ պահանջվեց մեր առաջարկների «պատասխանը» ստանալու համար՝ ինչը թե ընթացակարգային, թե օրենսդրական և թե բովանդակային առումով ուղղակի անթույլատրելի մոտեցում է։

Եվ սա բնավ առաջին կամ միակ դեպքը չէ, և չի վերաբերում միայն այս պետական մարմնին։ Նմանատիպ խնդիրների հետ բախվում ենք գրեթե բոլոր պետական մարմիններին հարցումներ, առաջարկներ և դիմումներ գրելիս, որոնց մի մասի մասին տարբեր եղանակներով արդեն իսկ բարձրաձայնել ենք։ Հետագայում կներկայացնենք նաև մեր մյուս հարցումների և դիմումների ոդիսականները, ինչը մեզ համոզում է, որ ՀՀ նոր կառավարության մեծ մասը դեռ գտնվում է մերժվածների իներցիոն սայլակի մեջ և գլորվում է նույն ուղղությամբ։

Հուսով ենք, որ հետհեղափոխական Հայաստանում կլինի քաղաքական կամք այս ոլորտի օրենսդրական դաշտն ի շահ բնության, պետության ու ժողովրդի վերանայելու և հանք շահագործող ընկերություններին օրենսդրական դաշտ վերադարձնելու համար։ 

Հ․Գ․ Այս հոդվածը գրելու ընթացքում «Հետք» ինտերնետային օրաթերթը հրապարակեց «Հայկական ոսկու գինը․ աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» լայնածավալ հետաքննական հոդվածը, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կամք ունենալու դեպքում կարելի է բացահայտել գրեթե ցանկացած տեղեկություն՝ նույնիսկ առանց պետական լծակների ընձեռնած հնարավորություններից օգտվելու։ Կարելի է միայն գուշակել, թե ինչ բացահայտումներ կլինեն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, եթե պետական և իրավապահ կառույցներն իրականացնեն անաչառ, հետևողական, բազմակողմանի և արհեստավարժ ուսումնասիրություններ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930