Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «Եթե դեսպանը հանդիպեր մեկին, ով լիներ դատված, ճանաչված լիներ՝ որպես մեղավոր, քրեական հանցագործություններ կատարող անձ, կլիներ բոլորովին այլ խոսակցություն». «168 ժամ»

Հունիս 20,2019 13:09

«168 ժամի» զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, մեծ ուշադրության արժանացավ օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի համար դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ պարզաբանումների՝ երկրի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում, քանի որ այս հանդիպումն ընկալվել է Ռուսաստանի կողմից Քոչարյանին աջակցության հերթական ակտ։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։

– Իսկապես այս օրերին այդ հարցը շատ է քննարկվում, քննարկվում է նաև ՌԴ ամենաբարձր  իշխանական  օղակներում,  մինչեւ անգամ հակասական մեկնաբանություններ են հնչում։ ՌԴ իշխանությունների ընկալումը հետևյալն է՝ ընթանում է քրեական գործի դատաքննությունը, այն նոր-նոր սկսվում է, ուստի ՌԴ առաջին դեմքի կամ ամենաբարձր իշխանության կողմից կոռեկտ չէ մեկնաբանություններ անել տվյալ թեմայի շուրջ։ Բայց գիտենք նաև, որ իշխանական տարբեր թևեր, տարբեր վերլուծական և ուժային կենտրոններ կան, որոնք կարող են տարբեր տեսակետներով, նրբերանգներով կարծիքներ ունենալ՝ կապված լինելով նախկին ղեկավարության հետ, որի հետ աշխատել են, ունեն բարիդրացիական, նորմալ հարաբերություններ, ինչը մարդկային տեսակետից բնական է, այդպես էլ պետք է լիներ։ Ինչ վերաբերում է դեսպանի հետ կապված միջադեպին, ապա, եթե դեսպանը հանդիպեր մեկին, ով լիներ դատված, ճանաչված լիներ՝ որպես մեղավոր, քրեական հանցագործություններ կատարող անձ, կլիներ բոլորովին այլ խոսակցություն։ Բայց սա այդ դեպքը չէ։

Կա լոբբիստական խումբ, որն աշխատում է հօգուտ Քոչարյանի, իմիջիայլոց, ճիշտ է անում, քանի որ պաշտպանում է իր ընկերոջը, իր հետ լավ համագործակցած և իր տեսանկյունից նորմալ քաղաքական գործչի։ Բայց հայկական քաղաքական դաշտի դժբախտությունն էլ, կներեք այս արտահայտության համար, կայանում է նրանում, որ այնքան է դաշտը հեղեղված, լցված քաղաքական քարոզչական մանիպուլյացիաներով՝ կողմ և դեմ, ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ ամեն հարցում ինչ-որ բան են փորձում փնտրել ՌԴ-ի դեմ, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, իբրև թե ՌԴ-ն անընդհատ վատ բաներ է փորձում անել, քրեորեն հետապնդվող հանցագործներին պաշտպանել։ Այս քարոզչական մանիպուլյացիաները ծիծաղեցնում են, զվարճացնում, հոգնեցնում են ռուսական ամենաբարձր օղակներին։

Այստեղ հստակ իրավիճակն այսպիսին է՝ ՌԴ առաջին դեմքը, նրա հետ կապված իշխանական շրջանակն ասել է հստակ, որ, չնայած աշխատանք է եղել Քոչարյանի հետ, դրական տրամադրվածություն, մի կողմ են դնում այս հարցերը, հստակ սպասում են դատաիրավական գործընթացի ավարտին, որոշումների կայացմանը։ Իհարկե, ուղերձները նաև այնպիսին են, որ ակնկալում են, որ սա կլինի ոչ թե քաղաքական հետապնդում, այլ օրինականության շրջանակներում իրականացվող գործընթաց։ Այսինքն՝ ինչ պետք է ապացուցվի՝ ապացուցվի, ինչ չպետք է ապացուցվի՝ անուղղակի ձևով անելն անթույլատրելի է։ Այսինքն՝ սպասում են, որպեսզի ընթանա պրոցեսը, լինի դատավճիռը, ըստ այդմ՝ կտրվեն գնահատականները, թե սա, իրենց կարծիքով, քաղաքական հետապնդո՞ւմ է, վենդետա՞, թե՞ իրականացված ինչ-որ հանցագործություն, որին տրվել է արժանի իրավական գնահատական։ Բնական է, կան մեծ գումարներ, լոբբիստական աշխատանք, անձնական հարաբերություններ, բայց այս ամենը չպետք է խառնել ՌԴ առաջին դեմքի, ամենաբարձր իշխանության հետ, որովհետև այն, ինչ ասացի, դա է հստակ դիրքորոշումը։

ՀՀ քաղաքական դաշտում խառնամբոխ է ստեղծվել, արդեն ծիծաղելի իրավիճակների մեջ են հայտնվում շատերը։ ՌԴ դեսպանատան աշխատողները, դեսպանը մշտապես հանդիպել են, հանդիպում են այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների հետ, չեմ ուզում անուններ հնչեցնել, կարծում եմ՝ բոլորը գիտեն։ Հանդիպել են հենց Երևանում, հանդիպել են Մոսկվայում, ՀՀ ընդդիմադիր քաղաքական գործիչները հանդիպումներ են ունեցել ամենասուր քաղաքական իրավիճակներում վերջին 10 տարվա ընթացքում, քննարկումներ են արել, խոսել են, նույնիսկ տուն են գնացել։ Չգիտեմ այս ամենը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց այս ամենը տեղի է ունեցել։

Եթե ուշադրություն դարձնեք ՌԴ առաջին դեմքի դիրքորոշումներին՝ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակներում, կնկատեք, որ ինչ պետք է ասվի՝ լինի դա Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի վերաբերյալ, ասվում է։ Չկա մի այնպիսի իրավիճակ, որ ՌԴ նախագահը մտածում է, բայց ուղարկում է դեսպանին կամ մեկ ուրիշին՝ ուղերձներ փոխանցելու համար, դա ծիծաղելի ու զվարճալի է։ Այս ծիծաղելի իրավիճակը պետք չէ տեղափոխել հայ-ռուսական հարաբերություններ։ ՌԴ-ն մեծ ցանկություն ունի դուրս գալ այս ինտրիգային մանիպուլյացիոն դաշտից ու սկսել է կառուցողական միջպետական աշխատանքը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930