Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորը ոչ թե այն է, թե քանի ավել կտրոն է տպվել, այլ այն, թե դրա արդյունքում ինչքա՞ն հավելյալ շրջանառություն է արձանագրվել, և ի՞նչ է ստացել պետական բյուջեն. «168 ժամ»

Հունիս 20,2019 12:40

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին հետևողական լինել ՀԴՄ կտրոնների տրամադրման նկատմամբ։ Դժվար է ասել, թե մարդիկ որքանով արձագանքեցին վարչապետի կոչին, բայց այսօր էլ բազմաթիվ տնտեսվարողներ խուսափում են կտրոններ տալ, իսկ մարդիկ առաջվա նման անտարբեր են նայում այդ երևույթին։

Իհարկե, դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թարմացնի տպված լրացուցիչ կտրոնների վերաբերյալ իրեն հասանելի տեղեկատվությունը։ Ահա և դրանցից հերթականը՝ «Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել։ Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները»,– օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ վարչապետը գերադասեց ոչինչ չասել ավել տպված կտրոնների ֆինանսական արդյունքների մասին։ Մինչդեռ կարևորը ոչ թե այն է, թե քանի ավել կտրոն է տպվել, այլ այն, թե դրա արդյունքում ինչքա՞ն հավելյալ շրջանառություն է արձանագրվել, և ի՞նչ է ստացել պետական բյուջեն։ Եթե կտրոնների ավելացումից շրջանառությունները չպիտի փոխվեն, ապա որևէ նշանակություն չունի՝ տպվող կտրոնների թիվը կավելանա՞, թե՞ կպակասի։ Կտրոններ տպելը, ի վերջո, ինքնանպատակ չէ։ Դրանով փորձ է արվում լուծել տնտեսությունը ստվերից դուրս բերելու և հարկելու խնդիրը։ Թե չէ բոլորովին էլ դժվար չէ այնպես անել, որ տպվող կտրոնների քանակն ավելանա, իսկ շրջանառությունները մնան նույնը կամ նույնիսկ կրճատվեն։ Իհարկե, հակված չենք կարծել, որ հենց այդպես էլ եղել է։

Բայց պակաս կարևոր չէ նաև տեղեկանալ, թե ի՞նչ շահեց դրա արդյունքում պետական բյուջեն։ Այս հարցին Նիկոլ Փաշինյանը սովորաբար խուսափում է պատասխանել։ Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այդ առումով օրերս որոշ ֆինանսական բացահայտումներ արեց։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ անդրադառնալով արձանագրված շրջանառությունների ավելացմանը և դրանց արդյունքում գոյացող հարկային եկամուտներին, ՊԵԿ նախագահը նշել էր, որ տարեսկզբի առաջին չորս ամիսներին ավել է հայտարարագրվել 55 մլրդ դրամի շրջանառություն։ Սա, թերևս, շատ ավելի կարևոր ցուցանիշ է, քան վարչապետի հայտարարած միլիոններով ավելի տպված կտրոնները։ Ավելի հայտարարագրված 55 մլրդ դրամ շրջանառության հարկային էֆեկտը, ըստ ՊԵԿ նախագահի, մոտավորապես 3-4 մլրդ դրամ է։

Սա այն գումարն է, որը պետք է ստանա պետական բյուջեն։ Այսինքն՝ խոսքը միջին ամսական շուրջ 1 մլրդ դրամին մոտ հավելյալ մուտքերի մասին է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930