Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը (լուսանկարում) վստահեցնում է, որ ինքն ու իր ընկերները որեւէ կապ չունեն նախօրեին համագյուղացու ծեծի հետ:
Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 18-ին Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներ է ստացել Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:
Հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, որի ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ, շանը քսի տվել Ասադյանի վրա:
«Ինքը հոգեկան հիվանդ մարդ է, ես դրան ոչ տեսել եմ, ոչ բան եմ ասել, հայտարարություն է տվել, առավոտյան եմ կարդում կայքերում, թե ինչ է գրել»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը: Նրա խոսքով, Ասադյանը հոգեբուժարանում հաշվառված է ու ամեն տարի բուժումների է գնում, այս տարի չի գնացել, միայնակ է ապրում եղբոր տանը, կինը երեխաների հետ նրան տարիներ առաջ է լքել ու հեռացել:
Կարդացեք նաև
Գյուղապետը նաեւ պատմեց, որ մի քանի օր առաջ Ասադյանը հարեւանների հետ է կռվել, բայց ինքը տեղեկություններ չունի, թե ով է շանը նրա վրա քսի տվել, որտեղ է վնասվածքները ստացել. «Ինչ որ Երեւանում, «Արեւելյան խոհանոց», չգիտեմ ինչեր է ասել, ես հետաքրքրվել եմ, հարեւաններն ինձ ասացին, իրենք չեն վնասել, էդ օրը ինքը վիրավոր եկել է, որտեղ է կռիվ արել, չի էլ ասում»:
Արմեն Ավետիսյանի խոսքով, Ասադյանը նաեւ ծեծվելու օրը իրեն էր զանգել ու ասել, թե Երեւանում վրացական համարանիշներով երեք մեքենա է կանգնել, մեջից երեք հոգի են իջել ու իրեն ծեծել ու ասել, թե գյուղապետն է իրենց ասել՝ ծեծեն, մահափորձ անեն. «Էսքան բանն ինքը զանգեց, ասաց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ