Երեկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին բաժանվեց «100 փաստ նոր Հայաստանի մասին» ձեռնարկ, որտեղ շարադրված են կետերով այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունների ջանքերով։ Իհարկե, ընդդիմախոսները կփորձեն արված գործերում էլ թերություններ փնտրել, գտնել, բայց ակնհայտ է, որ մեր երկրում լուծվել են այնպիսի հարցեր, որոնք տասնյակ տարիներով բարձրաձայնվել են, սակայն որեւէ առարկայական արդյունք մենք չենք ունեցել։
Առանձնացնենք շարադրվածից 58-րդ փաստը. «Հանրապետությունում առկա շուրջ 350 գազալցակայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են։ Այս փաստը կարեւորում եմ զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ արդեն 15 տարի այդ հարցը քննարկվում էր, բայց պրոբլեմը չէր լուծվում։ Իմ հանձնարարականով՝ Տարածքային կառավարման նախարարությունը ավտոգազալցակայաններին պարտավորեցրել է կատարել օրենքով սահմանված իրենց պարտավորությունները։ 2018 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10,5 տոկոսով»,– վարչապետի անունից գրված է 100 փաստի ձեռնարկի մեջ։ Ինչպես նկատվեց, կառավարությունը լուրջ ջանքեր չի գործադրել, բյուջետային հատկացումներ չի արել, որպեսզի հանրապետությունում ունենանք այդքան կենսական դարձած մեծաթիվ զուգարանները, այլ կարգադրության միջոցով է հարցը կարգավորվել։ Ինչպես հայտնի է, տուրիզմը չի կարող զարգանալ մի երկրում, որտեղ չկան տարրական պայմաններ ճամփորդելու համար։
Բայց միայն դա չէ խնդիրը. հիշո՞ւմ եք, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ այսօր Եվրասիական միության վարչապետն է, երկու բիոզուգարաններ բերեց. մեկը տեղադրվեց Սյունիքի մարզում, մյուսը՝ մայրաքաղաքի կենտրոնում, ամեն մեկի վրա ծախսվեց 175 հազար դոլար (62 մլն դրամ), սակայն այդ զուգարանները մի օր չաշխատեցին, ու պետության փողերը փոշիացվեցին։ Բայց պարզվում է՝ հնարավոր էր ուղղակի աշխատանքների կազմակերպման արդյունքում գազալցակայաններին պարտավորեցնել կատարելու իրենց պարտականությունները զուգարաններ ունենալու (փաստորեն կառուցելիս պարտավոր էին զուգարաններով ապահովել), եւ խնդիրը կարգավորվեց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում