Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս անգամ՝ Բոլթոնի հովանու ներքո

Հունիս 20,2019 14:00

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Այսօր՝ հունիսի 20-ին, Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպելու են վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի ֆոնին. զորավարժություններ, զոհերի մասին հաղորդագրություններ եւ առհասարակ, ընդհանուր մթնոլորտը կարծես շաբաթների ընթացքում ավելի ու ավելի է սրվում:

Մնացականյանի ու Մամեդյարովի՝ Վաշինգտոնում հնարավոր այցի մասին խոսվում է արդեն մի քանի ամիս: Էլմար Մամեդյարովն էր, որը հայտնեց այդ մասին, նշելով, թե Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար:

Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի եւ ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ նրանց միջեւ շարունակական երկխոսությանը նպաստելու նպատակով», – Թվիթերի իր էջում գրեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ վստահեցնելով. «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման նպատակը նրանց միջեւ շարունակական երկխոսությանը նպաստելն է, ընդգծել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը Թրամփի վարչակազմի առաջին եւ առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, որը պաշտոնական այց էր կատարել թե՛ Երեւան, թե՛ Բաքու:

Հիշեցնեք, որ 2018թ. հոկտեմբերին Երեւանում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նման հայտարարություն էր արել Հայաստանում դեկտեմբերի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը շատ հարմար համարելով ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հարցում որոշակի առաջընթացի համար. «Փաստ է, որ եթե կանխատեսումները իրականանան, Փաշինյանը ուժեղ մանդատ կունենա, եւ դա ամենալավ ժամանակն է շատ ոլորտներում վճռական քայլերի: Հաշվի առնելով, թե ինչ տպավորություն ստացա այսօր իմ հանդիպումներից այդ թվում եւ վերլուծաբանների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջնահերթ հարց է Հայաստանի քաղաքական օրակարգում, եւ վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածը դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո է։ Եթե հեշտ լուծում լիներ, այն, հավանաբար, արդեն վաղուց գտնված կլիներ: Ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու փոփոխություն ամերիկյան քաղաքականության մեջ կամ նոր լուծումներ առաջարկելու: Ի վերջո կողմերը պետք է իրար հետ լուծումներ գտնեն: Հայաստանի տեսակետից արտաքին ճնշումները երկրի նկատմամբ նվազեցնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն է»:

Իսկ «Ազատության» հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Բոլթոնը ուշագրավ մտքեր էր հայտնել, նշելով, թե ինչի մասին է խոսել Փաշինյանի հետ. «Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի եւ պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է [Թրամփի] վարչակազմի համար»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Բոլթոնի հետ հանդիպումից բացի Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ: Նման հանդիպում կազմակերպվեց մոտ երկու ամիս առաջ՝ Ռուսաստանում:

Նկատենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2020թ. ֆիսկալ տարվա բյուջեի շրջանակում ընդունեց ամերիկացի կոնգրեսական, հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփեյերի առաջարկը՝ Հայաստանին 40 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ: Առաջարկն ընդունվել է 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ: Սփեյերի այդ առաջարկը աջակցություն է ստացել նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի եւ Ֆրանկ Փալոնի կողմից:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում առաջարկի քննարկումների ժամանակ Սփեյերը ելույթ էր ունեցել Հայաստանի «թավշյա հեղափոխության» մասին՝ նշելով, որ շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը անի «իր ուժերի սահմաններում ամեն բան՝ այս նոր ժողովրդավարությանն աջակցելու համար»: Գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Կոնգրեսական Սփեյերը Կոնգրեսում հայտարարել է, թե այդ աջակցությամբ ԱՄՆ-ը հայերին հզոր ազդանշան է տալիս, որ ճանաչում է նրանց ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձեւավորելու նրանց ձգտումներին եւ աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 2020թ. ֆիսկալ տարվա շրջանակում ընդունել է Արցախին 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու առաջարկը: 2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական: «Լեռնային Ղարաբաղում երեխաները եւ ընտանիքները չպետք է ապրեն ականների պայթյունից մահանալու կամ վիրավորվելու մշտական սպառնալիքի տակ,- ասել էր կոնգրեսականը՝ հավելելով. «Իմ փոփոխությունը կապահովի շարունակական ֆինանսավորում Լեռնային Ղարաբաղի ականազերծման եւ վերականգնման նախագծերի համար»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930