Դատական գործընթացների, մի շարք երևույթների, մեծ նշանակություն ստացած աննշան իրադարձությունների մեջ ո՞ր պլան է մղվել տնտեսությունը, ի՞նչ հետևանք է ունենալու որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որն արձանագրվել է 2019թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս թեմաների շուրջ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
Սկսելով գնաճից՝ տնտեսագետը փաստում է, որ այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 3,3 տոկոս գնաճ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում: Մի շարք ապրանքների դեպքում գնաճը տարբեր գործոններով է պայմանավորված:
«Օրինակ՝ թռչնամսի դեպքում էական նշանակություն է ունեցել մաքսատուրքերի 4 տոկոս բարձրացումը, որն ուժի մեջ է մտել 2019թ. հունվարի 1-ից: Կաթնամթերքի շուկայում այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 3,5 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է գյուղատնտեսության աճի տեմպի դանդաղմամբ: Այսինքն, այս տարի ևս շարունակվում է 2018թ. բացասական միտումը:
Այս տարվա ընթացքում կառավարությունը որևիցե արդյունավետ ծրագիր այս ուղղությամբ չի իրականացրել: Մսամթերքի շուկայում արձանագրված 2,4 տոկոսը ևս կարող է պայմանավորված լինել գյուղատնտեսության անկումային իրավիճակով: Թեև շուկայում շատ խնդիրներ կան, անասնապահության զարգացման ուղղությամբ կառավարության ծրագրերն անփոփոխ են և աչքի չեն ընկնում արդյունավետությամբ»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է տնտեսագետը:
Կարդացեք նաև
Նա շեշտեց, որ 2019թ. մայիսին նկատվել է դոլարի փոխարժեքի անկում, դրամը արժևորվել է մոտ 10 դրամով. «Այս ցուցանիշն այլ հավասար պայմանների դեպքում պետք է հանգեցներ ներմուծվող ապրանքների գների նվազմանը, ինչը չի նկատվում Հայաստանում: Պատճառները տարբեր են՝ սկսած նրանից, որ մեր շուկաներում կա համակենտրոնացման բարձր մակարդակ:
Այսինքն, մոնոպոլ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները շարունակում են իրենց գործունեությունը: Երկրորդ պատճառն այն է, որ գները հեշտությամբ բարձրանում, բայց դանդաղ նվազում են: Մյուս պատճառը գների կամ շուկաների կարգավորման ուղղությամբ պետական վերահսկողության մարմինների անարդյունավետ աշխատանքն է: Լավագույն օրինակը բենզինի, դիզելային վառելիքի շուկան է, որտեղ գրանցվում է գների աճ այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գները նվազում են:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: