Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը, Բոլթոնի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և բովանդակային բանակցություններ անցկացնելու թեմաների շուրջ:
Քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տնտեսական կապերը և ընթացիկ նախաձեռնությունները, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների նախագծերը, նաև Եվրոպա գազի մատակարարման դիվերսիֆիկացման լրացուցիչ հնարավորությունները:
Մամեդյարովը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, սակայն այլ մանրամասներ չի հայտնել հանդիպումից:
Կարդացեք նաև
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Այսօր նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ