Լրահոս
Օրվա լրահոսը

«100-ավոր միլիոն դրամներ «նկարվում» էին ԲԿ-ների համար եւ փոշիացվում». Արսեն Թորոսյան

Հունիս 20,2019 10:39

«Կնախընտրեմ ոչ թե թվերով խոսել, որոնք հայտնի են, այլ քաղաքական գնահատական տալ: Մենք չէինք կազմել այդ բյուջեն, բայց ժառանգել էինք: Նախորդ կառավարությունը, չկարեւորելով առողջապահությունը, իջեցրել էր 2018թ.-ի առողջապահության բյուջեն՝ 2017թ.-ի համեմատ: Իսկ մեր կառավարությունը 2019թ.-ի բյուջեում աննախադեպ աճ է առանձնացրել առողջապահության ոլորտի համար»,-ԱԺ նիստում այսօր 2018թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա բնորոշմամբ. «Մինչեւ 2018թ.-ի մայիսը, այսինքն՝ մինչեւ մեր իշխանության գալը, առողջապահության բյուջեն բաշխվել է անձնական պայմանավորվածությունների հիման վրա՝ անհամաչափ: Դա արագ փոխեցինք, ինչի արդյունքում որոշ ԲԿ-ներ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից, որոնք «նկարվում» էին՝ փոշիացվում: Դիլիջանի ԲԿ-ներից մեկում, օրինակ, բուժվում էին երեխաներ, որոնք շփվել էին տուբերկուլյոզով հիվանդների հետ: Իսկ իրականում այդտեղ պարզապես հանգստանում էին երեխաների հետ, դա որեւէ կապ չուներ բուժման հետ»:

Ապա նախարարը հիշեցրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի օրինակը. «Տարեկան այդ ԲԿ-ն ստանում էր հինգ միլիարդ դրամ, իսկ նախորդ տարին փակվել է չորս միլիարդ դրամով: Հավելյալ մեկ միլիարդ դրամ հիվանդների վրա պարզապես դուրս չի գրվել: Այդ գումարը վերաբաշխեցինք մարզերի ԲԿ-ների միջեւ, առողջապահական ծառայություններ մատուցվեցին մարզերի բնակիչներին»:

Արսեն Թորոսյանն ամփոփելով արձանագրեց, որ տնտեսված միջոցների հաշվին 2019թ.-ին հավելյալ դեղամիջոցներ են գնվել, բուժաշխատողների աշխատավարձերն են բարձրացվել. «Անտեղի վատնումները վերացել են, բաշխումները դարձել ենք համաչափ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930