Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է Հայաստանի 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին, որն, ըստ նրա, արդեն որոշակիորեն ձևակերպված է համաձայնագրերի տեսքով: Ջանջուղազյանը ողբերգական բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ 60 տոկոսին: Մեծ հաշվով, ողբերգական բան իսկապես չկա: Արտաքին ահռելի պարտք ունեն անգամ զարգացած երկրները և համաշխարհային տնտեսության առաջատարներ ԱՄՆ-ն ու Չինաստանը: Խնդիրն իհարկե այն է, թե պետությունն ինչ էֆեկտիվությամբ է տնօրինում, ծախսում վարկը, և այն որքանով է ծառայում զարգացմանը, ոչ թե գոյություն ապահովելուն:
Այստեղ է, որ եղել է Հայաստանի նախորդ տասնամյակի, այսպես ասած, ողբերգությունը: Արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվել է ընդամենը գոյություն ապահովելու նպատակի համար, որովհետև տնտեսական, ֆինանսական այլ ռեսուրսներ բացակայել են մի քանի պատճառով: Նախ՝ դրանք բացակայել են ներիշխանական համակարգում հարաբերությունների պարզաբանման կամ, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյան-Քոչարյան, և մի քանի այլ ուղղություններով իշխանա-օլիգարխիկ դիմակայությունների պատճառով: Այդ իմաստով, հատկապես խոսուն էր 2017-18 շրջանը, երբ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել էին շատ պարզ բանաձև՝ կփոխանցե՞ս իշխանությունը, կստանաս ներդրումներ: Գործնականում, նաև փողի խնդիրը քայքայեց նախկին իշխող համակարգը, թեև այստեղ, իհարկե, կարող է լինել նաև հակառակ պատճառահետևանքային կապի տարր՝ համակարգի քայքայման զգացումը ավելի էր սրում փողի խնդիրը, որևէ մեկն այլևս չէր ուզում ծախսել՝ չունենալով առավել հաստատուն երաշխիքներ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: