Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարությունում էր՝ աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: «Նա մասնագիտական բարձր կարողություններ ունի, եւ վերջին մեկ տարում աշխատել է որպես ՊԵԿ նախագահի տեղակալ՝ իրեն դրսեւորելով լավագույն կողմերով, ցուցաբերել է կազմակերպչական բարձր ունակություններ»,-Ռուստամ Բադասյանի մասին այսպիսի կարծիք արտահայտեց վարչապետը:
Նրա խոսքով. «Կարեւոր է, որ այսօր՝ այս վճռական փուլում, նա պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Որեւէ գաղտնիք չկա, շատ վճռական եւ շրջադարձային փուլում ենք այս առումով: Կառավարությունն ունի կամք՝ անկախ դատական համակարգ ունենալու գործում: Կարեւոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին եւ արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղում է կառավարությունը»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանին: «Նա ՀՀ-ում չէ, այդ պատճառով ներկա չէ: Համոզված եմ, որ նրա ներուժն ու փորձը ՀՀ պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենան»,-շեշտեց Փաշինյանը:
Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նկատեց, որ Արտակ Զեյնալյանի պես պրոֆեսիոնալից հետո բավականին բարդ է լինելու աշխատել:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/311660679713501/
Հիշեցնենք՝ Բադասյանն ամենաերիտասարդն՝ 28-ամյա նախարարն է:
Նա 2018թ.-ին «Իմ քայլը» ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի շահերի ներկայացուցիչ-փաստաբանն էր այն ժամանակ, երբ Փաշինյանին ոստիկանները ապրիլի 23-ին բերման էին ենթարկել եւ որոշակի ժամանակահատվածում գաղտնի էին պահում նրա գտնվելու վայրը: «Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ: Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ