Լրահոս
Օրվա լրահոսը

Նարիշկինի կեղծ թիրախները

Հունիս 20,2019 10:00

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը օրերս խոսել է ԼԳԲՏ-ի, Սորոսի, դոլարի, ավանդական արժեքների դեմ պայքարի, մարիխուանայի օրինականացման մասին: Ընդհանուր առմամբ, գնահատականները համընկնում են Հայաստանում «հայուգենական» հ/կ-ների, ինչպես նաեւ ներկայիս իշխանության ընդդիմախոսների մի մասի դիրքորոշումների հետ: Բայց հատկանշական է, որ այդ խնդիրների մասին խոսում է ոչ թե հասարակական գործիչ, ոչ թե հոգեւորական, այլ երկրի ուժային կառույցներից մեկի ղեկավարը, այն էլ՝ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ: Հետեւաբար, դա ոչ թե առանձին անհատի կամ կազմակերպության կարծիք է, այլ երկրի քաղաքականության արտացոլում՝ քաղաքականություն, որն այսպես թե այնպես ազդում է նաեւ Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող գործընթացների վրա:

Ինչպես նման դեպքերում սովորաբար լինում է, իրականում գոյություն ունեցող խնդիրները «միահյուսվում են» հորինվածքների հետ՝ ճշմարտանման խառնուրդ ստեղծելու համար: Օրինակ, թմրանյութերի գովազդը եւ դրանք որպես դեպրեսիայի դեմ պայքարի եւ ինքնագնահատականը բարձրացելու միջոց ներկայացնելը, տագնապալի միտում է: Բայց դա բացառապես կոմերցիոն նախագիծ է, որն իրականացնում են թմրանյութեր արտադրողները՝ իրենց գերշահույթներն ապահովելու համար: Այդ բիզնեսմեններն, անշուշտ, շատ ազդեցիկ են, այդ թվում նաեւ՝ որոշ երկրների օրենսդրական եւ գործադիր շրջանակներում: Ի դեպ, մեզ հայտնի է դեպրեսիայի դեմ պայքարելու եւ ինքնագնահատականը բարձրացնելու ռուսական ավանդական, «40 աստիճանի» միջոցը. դարերի ընթացքում ռուսական պետությունը ժամանակ առ ժամանակ փորձեր էր անում սահմանափակել այդ միջոցի շրջանառությունը, սակայն այդ բոլոր փորձերը մշտապես ձախողվում էին: Հավանաբար, նույն «կոմերցիոն» պատճառներով:

Իրականում մտահոգիչ է նաեւ Նարիշկինի նշած մեկ այլ երեւույթ՝ համացանցի, սոցիալական ցանցերի պատճառով ժամանակակից մարդիկ դառնում են ավելի ու ավելի մեկուսացած, նյարդային եւ մանիպուլյացիաներին ենթակա: Բայց դա առաջին հերթին արեւմտյան հասարակության խնդիրն է, եւ այն բացարձակապես հնարավոր չէ համարել զուտ արեւմտյան գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի: Ռուսաստանը ճիշտ նույն ձեւով օգտագործում է այդ զենքը այլ երկրների, այդ թվում Հայաստանի դեմ:

Բայց Ռուսաստանի «մտահոգությունը» ոչ թե ինքնին այդ երեւույթներն են, այլ այդ ամենի արդյունքում «պետության հեղինակության» անկումը եւ «գունավոր հեղափոխությունների» վտանգը, որոնց մասին խոսում է Նարիշկինը: Եվ այստեղ, ինձ թվում է, նա կեղծ թիրախներ է նշում: Պետության հեղինակությունն անկում է ապրում ոչ թե «սորոսների» եւ «ԼԳԲՏ»-ների դավադրությունների պատճառով, այլ իշխանավորների ամբարտավան կեցվածքի եւ ծայրահեղ կոռումպացվածության հետեւանքով: Նույն պատճառով էլ տեղի են ունենում գունավոր եւ այլ հեղափոխությունները:

Եվ վերջապես, եթե դոլարը, Նարիշկինի ասելով, «տոքսիկ տարադրամ» է, ապա ինչո՞ւ Ռուսաստանի «պետականաստեղծ» հիմնարկությունը՝ «Գազպրոմն» իր բոլոր գործընկերների հետ առեւտուր է անում դոլարով: Թող անի ռուբլով: Մեզ, օրինակ, դա ձեռնտու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930