Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը նյարդային վիճակում է»

Հունիս 20,2019 09:00

«Նախ, դիտարկենք ՀՀ-Ադրբեջան շփումների ընդհանուր իրավիճակը, որն Ադրբեջանի պաշտպանության նախարարին դրդում է տարօրինակ հայտարարություններ անել: Դա տեղի ունեցավ ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպման ֆոնին: Այդ հանդիպման օրակարգը հասկանալի է՝ պայմանավորվածությունների հստակեցում, ռազմատենչ հայտարարություններից խուսափում, մարդասիրական միջոցառումների իրականացման քննարկում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Նա շեշտում է. «Բայց նաեւ հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներում Ադրբեջանը չի կարողանում անընդհատ իր նախորդ՝ հայտնի թեզերը «խցկել»: Ուստի Ադրբեջանը նյարդային վիճակում է: Սա է պատճառը, որ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, անհեթեթ հայտարարություններ են անում»:

Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, թե միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել հայկական կողմի դեմ, Հովհաննես Իգիթյանն այսպես է մեկնաբանում. «Իհարկե, միջազգային իրավիճակը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մթնոլորտը թույլ չեն տալիս պատերազմ սկսել, որովհետեւ վերջին անգամ, երբ Ադրբեջանը 2016թ.-ին լայնածավալ գործողություններով փորձել է Արցախի հարցը լուծել, եղավ այն, ինչ եղավ: Ադրբեջանը կորցրեց դիվանագիտական եւ քաղաքական դիրքը, որը, իր կարծիքով, ուներ: Արդյունքում՝ երեք տարուց ավելի է, ինչ բանակցություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում: Բոլորը գրեթե բացահայտ դրանում մեղադրում են Ադրբեջանին: Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանը կրկին նման քայլ անի: Նա նորից խնդիր կունենա միջազգային հանրության հետ: Էլ չեմ ասում, որ հայկական կողմն այսօր լրիվ պատրաստ է»:

Մեր զրուցակիցը փաստեց, որ Զաքիր Հասանովի մամուլի ասուլիսում վերջինս խնդիր ունեցավ իր իսկ երկրի լրագրողների հետ. «Հարցեր հնչեցին, թե ինչու եւ ինչպես է նա վերջերս փախել առաջնագծից: Նա սկսեց արդարանալ, թե իրականում հեռու է գտնվել առաջնագծից: Բայց մյուս կողմից՝ նա զրահաբաճկոնով էր, տեսանյութ կա…: Բացի այդ, նա արդարացավ, երբ ակնարկեցին, որ Գանձակում ադրբեջանական զորավարժությունների ժամանակ արկը վնասներ է հասցրել: Մի խոսքով, շատ անհաջող մամուլի ասուլիս էր»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930