Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք հաշվարկվե՞լ են այն ռիսկերը, որոնք կարող են հետեւել Արարատ Միրզոյանի հայտարարությանը»

Հունիս 20,2019 13:30

Արման Բաբաջանյանը չի բացառում, որ Քոչարյանը դիմի Ռուսաստանին, որի հովանավորությունը ամբողջ դատավարական գործընթացում երեւացել է:

«Մտահոգվելու առիթ կա իսկապես, որ Ռուսաստանի դեսպանը հանդիպում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երկու ժամ ի՞նչ են խոսել մեր ռազմավարական դաշնակից երկրի դեսպանը Մարտի 1-ի ոճրագործության եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման բովանդակությունը, ես կարծում եմ, առվազն մեր արտաքին քաղաքական գերատեսչության համար հետաքրքիր պետք է լիներ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա գտնում է, որ ահազանգելու ժամանակն է. «Մենք գիտենք Ռոբերտ Քոչարյանի գործողությունների տրամաբանությունը, հասկանում ենք նրա նպատակները, իսկ ռեւանշիզմը նրա գործողությունների առանցքում է, հայտարարել է, որ քաղաքականության մեջ ներգրավվելու եւ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունի եւ այդտեղ միջոցների մեջ խտրություն դնելու առանձնահատուկ պետական մտածողությամբ նա երբեք չի առանձնացել: Չի բացառվում, որ այդ գործողությունների մեջ նա դիմի նաեւ Ռուսաստանին, որի հովանավորությունը մենք մշտապես, նաեւ ամբողջ դատավարական գործընթացում, նաեւ նախաքննության ընթացքում տեսել ենք, զգացել ենք եւ հասկանում ենք, որ այս տրամադրությունները ուղղակի ազդելու են նաեւ Հայաստանի ներսում Ռոբերտ Քոչարյանի գործողությունների վրա»:

Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ է զրուցել, վերջինս իրեն տեղեկացրել է, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Մինչդեռ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ԱԺ-ում հանձնաժողովի նիստում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել էր. «Դիվանագիտական արարողակարգի եւ նորմերի շրջանակներում դեսպանը որեւիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի լինել կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, բոլորս լսեցինք հասարակական, նաեւ պետական քաղաքական գործիչների տարբեր արձագանքները: Դիվանագիտական արարողակարգի առումով մենք նույնիսկ քննության մեջ գտնվող անձի հետ կապված որեւիցե հայտարարություն չունենք ու չենք կարող անել»:

Արման Բաբաջանյանի համար խիստ ողջունելի էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կոշտ արձագանքը՝ այդ հանդիպման վերաբերյալ: Միրզոյանն անընդունելի էր համարել այդ հանդիպումը: Բաբաջանյանի խոսքով՝ «Նորություն էր ԱԺ նախագահի այդքան կտրուկ արձագանքը: Ես չգիտեմ՝ արդյո՞ք հաշվարկվել են այն ռիսկերը, որոնք կարող են հետեւել այդպիսի հայտարարությանը: Ես անկեղծորեն պիտի ասեմ, որ ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, բայց կուզեմ, որ այդպիսի հայտարարություններն արվեն չափազանց հաշվարկված, ոչ թե տարերայնորեն՝ ոտքի վրա, այլ նախապես ընդհանուր պատկերը գիտակցելով, մշակելով եւ յուրաքանչյուրի դերակատարությունը պիտի ոսկերչական ճշգրտությամբ նախապես պլանավորվի»: Ըստ պատգամավորի, նորօրյա Հայաստանում ԱԳՆ-ն լավ է, որ նախկինից եկող բարդույթը կարողանա հաղթահարել ու ՌԴ դեսպանին կանչել ԱԳՆ, պարզաբանում պահանջել եւ հանրությանը իրազեկել. «Ժամանակն է, որ մենք իսկապես կարողանանք այդ բարդույթից դուրս գալ եւ իրերը կոչել իրենց անուններով»:

Հարցին՝ ասում եք, որ Ռուսաստանի հովանավորությունը Քոչարյանի գործով զգում ենք եւ տեսնում եք տարբեր հաթակներում, արդյոք դա միայն Պուտինի եւ Քոչարյանի այսպես ասած «քիմիայո՞վ» է բացատրվում, թե՞ այլ պատճառաբանություն կա այստեղ՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, վերջերս այցելությամբ ՌԴ-ում էի եւ այդ ազդեցությունը ես այդքան չէի նշմարում կամ չէի զգում, որքան դրա մասին մենք Հայաստանի ներսում լրատվական հոսքերով ենք այդ հովանավորությունը, աջակցությունը կամ ՌԴ-ից եկող համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գեներացնում: Իրականում կան իշխանական կամ մերձիշխանական էքսպերտային շրջանակներ, որոնք համակրում են Ռոբերտ Քոչարյանին գուցե ֆինանսական ներարկումների պատճառով: Բայց նույնիսկ սա պիտի ահազանգ լինի եւ մենք պիտի մեր բոլոր ջանքերը ներդնենք, որ այս տեսակ միջամտությունները բացառենք, որովհետեւ հասկանում ենք, որ նույնիսկ ամենաանմեղ էքսպերտային գնահատականն այդ ուղղությամբ կարող է ունենալ հետեւանքներ, իսկ մենք տեսնում ենք, որ ընդհանուր գործընթացները հենց այդ ուղղությամբ են ընթանում՝ ապահովել համապատասխան ֆոն, որպեսզի դա եւս իր ազդեցությունը գործի դատարանի եւ դատական գործի վրա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր իրականության մեջ դեսպանները միշտ էլ հանդիպել են իշխանության կողմից ,,հալածվածներին,,…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930