Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի դատավորը հորդորեց բողոքաբեր կողմին դուրս գալ «էմոցիոնալ դաշտից»

Հունիս 20,2019 13:00

Դատավոր Լուսինե Աբգարյանը զգուշացրեց սանկցիա կիրառել բողոքաբեր Սուսաննա Պատվականյանի նկատմամբ, երբ Սուսաննան դատախազի առարկությունից հետո ասաց, թե 2013թ.-ից դատախազությունը դիմադրում է, հովանավորում մանկավաճառներին:

Սուսաննա Պատվականյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանը պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բողոքով դիմել էին ընդհանուր իրավասության դատարան:

Նրանք հայտնել էին, որ դիմել էին հանցագործության մասին հաղորդումով, եւ նրանց հաղորդման հիման վրա գլխավոր դատախազությունը մարտի 15-ին որոշում է կայացրել, արձանագրելով, թե կողմի բողոքը բերվել է ժամկետների կետանցմամբ:

Բողոքաբեր կողմը գրել էր, որ «դեկտեմբերի վերջերին» է ստացել դատախազի որոշումը, եւ քանի որ տոնական օրերն էին՝ Ամանորը, իրենք չեն էլ կարողացել բողոքարկել:

Ժամկետների հետ կապված երեկ վերաքննիչ դատարանը ստուգեց կողմերի դիրքորոշումը:

Բողոքաբեր կողմը հաստատեց, որ իրենք գլխավոր դատախազության գրությունը ստացել են դեկտեմբերի 27-ին: Այդ գրությունը թվագրված է եղել՝ դեկտեմբերի 24-ին:

Գլխավոր դատախազությունից դատախազ Սարգսյանն ասաց, որ բողոքը Ս.Պատվականյանն ու նրա ներկայացուցիչը կարող էին բերել մեկ ամսվա ընթացքում: Դատախազը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգիրքը, համաձայն որի՝ մերժման մասին տեղեկությունը ստանալուց մեկ ամիս հետո կողմը կարող էր բողոքարկել: Ըստ նրա. «դատավարական ժամկետների խախտումը, չդիմելը չենք կարող համարել հարգելի», եւ միջնորդեց բողոքը մերժել:

Դատախազը նկատեց, որ եթե Պատվականյանի էմոցիաները կարող է հասկանալ, ապա իրավաբանին հարիր չէ վիրավորական արտահայտություններ անել դատախազության մասին:

Երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը եւ Ս. Պատվականյանը ասաց, թե մտադիր են դիմել ԱԱԾ, այն հանցագործության մասին հաղորդմամբ, որը մերժվեց դատախազության կողմից:
Խնդիրն առնչվում է Ս. Պատվականյանի ծննդաբերելու, ապա իր երեխային «մահացած» համարելու, «որդեգրելու», վաճառքի հետ: Նշվում էր ճանաչված մանկաբույժ Ռազմիկ Աբրահամյանի անունը:
Հիշեցնեմ, որ անցյալ տարվա օգոստոսին Ս. Պատվականյանը նամակով դիմել էր վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդմամբ: Հաղորդումն ուղարկվել էր գլխավոր դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին: Բողոքաբեր կողմն ասում է. «Անհերքելի փաստերի խեղաթյուրումը կատարվում է հանցագործությունը պարտակելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվությունից ազատելու կոնկրետ դիտավորությամբ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930