Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ գործընկերներին դեռ համոզում ենք. «Տեսանելի արդյունքին» սպասելիս

Հունիս 20,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Վիզաների ազատականացումը Հայաստանի համար շատ կարեւոր, սկզբունքային հարց է, վստահեցնում է պաշտոնական Երեւանը

Հայաստանի կողմից հայտարարված գերակա խնդիրներից է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը: Հունիսի սկզբին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ այս առումով կարեւոր է նաեւ Հայաստանի միգրացիոն ծառայության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կապը ԵՄ անդամ երկրների համապատասխան մասնագետների հետ:

Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի թեմային անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել էր. «Իհարկե, դա բանակցային արդյունք է: Պատեհ՝ մեր դեպքում նշանակում է այսօր, իրենց դեպքում այն պահից, երբ կկարողանանք համոզել անդամ պետություններին եւ հանձնաժողովին, որ այս գործընթացն անհրաժեշտ է սկսել: Մենք այդ առումով ունենք բավարար աջակցություն, բայց նաեւ ունենք բավարար ընդդիմություն այդ գործընթացը սկսելու համար: Մեր հիմնական գերակա խնդիրն այսօր երկխոսության ճանապարհը բացելն է` ի ցույց բերելով այն բոլոր գործառույթները, որոնք իրականացվել են Հայաստանում, եւ որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսությունը: Դրա համար պատեհ պահը մեզ համար այսօր է»: Մնացականյանը վստահեցրել էր, որ ԵՄ անդամ երկրների գործընկերներին դեռեւս համոզում են, որ դա իրապես այսօր է:

Մնացականյանը նաեւ պարզաբանել էր, որ ամենակարեւոր խնդիրը նաեւ այն է, որ մեր մասնագետները` միգրացիոն ծառայությունից, ոստիկանությունից, բոլոր այն գերատեսչություններից, որոնք անմիջական առնչություն ունեն հարցին, մշտական կապի մեջ լինեն իրենց եվրոպացի գործընկերների հետ. «Հայաստանի մասնագետները պետք է կապի մեջ լինեն, ուժեղացնեն կապը ԵՄ անդամ պետությունների համապատասխան մասնագետների հետ, ցույց տան երկրում իրականացվող արդյունավետ միգրացիոն քաղաքականությունը»:

Դեռեւս անցյալ ամիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո անդրադարձավ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում վիզաների ազատականացման թեմային: Նա փաստեց, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր, շատ սկզբունքային հարց է: «Այն, ինչ մենք անում ենք մեր երկրի համար, այն, ինչ մենք անվանում ենք արժեքներ եւ կառուցում ենք մեր երկիրը, եւ Թավշյա հեղափոխության պատգամը, որը վերաբերում է արժեքներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմաններին, դա մեր ընտրությունն է: Դա աշխարհաքաղաքականությունից դուրս ընտրություն է, եւ մեր ազգային շահից բխող, ժողովրդի կողմից ընտրված մոդել է: Ամեն ինչ վերաբերում է մարդուն, քաղաքացուն, սա վերաբերում է մեզ, մեր երկրին եւ մեր գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիության շրջանակներում մեր համագործակցությանը: Ազգային շփումները սկզբունքային, կարեւորագույն հարց են, վիզաների ազատականացումը ոչ միակ, բայց այն կարեւորագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեզ ամրապնդելու այն, ինչ կոչվում է մարդկային շփում: Սա չափազանց կարեւոր հարց է մեզ համար։ Սա միակ գործիքը չէ, որովհետեւ մենք ուշադրություն ենք դարձնում եւ փորձում ենք զարգացնել բոլոր մյուս հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթական, մշակութային, գիտական, գործարար եւ այլ շրջանակներում այդ շփումներին, այս մայրցամաքում մեր քաղաքացիներին իրենց գործընկերների հետ մերձեցնելուն, հնարավորություններն ընդլայնելուն»:

Մնացականյանը նաեւ հավելել էր, որ Հայաստանը չի քաջալերում որեւէ բան, որը բերելու է խնդիրների. «Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից եւ չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, եւ այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով են մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը»։

Հարցին՝ արդյոք ազատականացման որեւէ հստակ ամսաթիվ հնարավոր է նշել, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել էր. «Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է: Մեզ համար սա չափազանց մեծ գերակայություն է: Եվ թե երբ կլինի՝ չեմ կարող ասել: Սա մեր օրակարգի կարեւոր կետերից է: Սա շարունակական է: Նորից եմ կրկնում՝ ամենակարեւորն այն է, որ մենք առիթ ունենանք գնահատելու՝ որքանով են մեր կարողությունները բավարար, որպեսզի մենք դա սկսենք։ Մենք վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում եւ այժմ, համադրելով այս ամենը եւ առաջ մղելով մեր օրակարգը, պետք է փորձենք արագացնել այս ամենը: Մեզ համար, նորից եմ կրկնում, սա շատ սկզբունքային հարց է»:

Նկատենք, որ այս տարվա սկզբից եվրոպացի պաշտոնյաները եւս թեժ են պահում վիզաների ազատականացման հարցը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին փետրվարին հրավիրած մամլո ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման գործընթացը՝ հաշվի առնելով, որ որպես ժամկետ բազմիցս նշվել է 2020 թվականը, հրաժարվել էր հստակեցնել: Նա միայն ընդգծել էր՝ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ հայաստանյան այցերի ժամանակ հայտարարել են, որ դրական են տրամադրված վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ: «Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա Հայաստանի արձագանքը պետք է լիարժեք լինի: Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող եւ անվտանգ շարժունության ապահովման երաշխիքներ եւ մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են դեպի այս որոշումը մեզ առաջ տանելու համար»,- ասել էր Սվիտալսկին:
Իսկ ապրիլի սկզբին արդեն Հայաստանում ԵՄ դեսպանը փաստեց, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը շարունակվում է եւ հույս հայտնեց, որ՝ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն արդյունքները։ Դեսպանի խոսքով՝ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արեւելյան գործընկերության առաջիկա նպատակներից է. «Արեւելյան գործընկերությունը կարող է շատ շոշափելի արդյունքներ բերել Հայաստանին։ Այժմ մենք միասին 2020 թվականի համար 20 նպատակների իրականացման գործընթացի մեջ ենք։ Դրանցից որոշ նպատակներ շատ ակտիվորեն են իրականացվում, եւ մենք սեղանին արդեն ունենք կոնկրետ որոշումներ՝ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ տրանսպորտային ցանցի ընդլայնման վերաբերյալ, կամ Թբիլիսիում Եվրոպական դպրոց հիմնելու վերաբերյալ, եւ այլն։ 20 նպատակների շարքում է նաեւ վիզաների ազատականացման նպատակը: Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին տեսանելի արդյունք կգրանցենք»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  19.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930