Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Պարոնյանը «կպոռար». «Թշվառության գագաթը բարձրացած ենք»

Հունիս 20,2019 12:30

Մեզանում քիչ չեն այն արվեստագետները, մանավանդ երաժշտարվեստում, որոնք հաճախ են մեկնում հյուրախաղերի եւ քաջատեղյակ են արվեստի միջազգային անցուդարձից, ընդունված կամ փոխվող նորմերից ու Արեւմուտքի նորագույն ձեռքբերումներից, որոնք, ըստ էության, թելադրող դեր են կատարում աշխարհում: Այդ «աշխարհ տեսած» մեր արվեստագետները հայտնում են, որ ժամանակակից աշխարհում, հատկապես օպերային թատրոնները, այլեւս բարձրակարգ մեներգիչների «հաստիքացուցակ» չեն պահում, այլ պայմանագրով են աշխատում, այսինքն՝ այս կամ այն դերերգի կատարման համար ամեն անգամ հրավիրում են տարբեր մենակատարների: Իսկ թատրոնն էլ ազատվում է «շատ թանկ նստող», բայց խաղացանկում չզբաղված «պրիմադոնային» անաշխատ պահելով եւ վճարելով պարապուրդի դիմաց: Այսպես շատ վաղուց գործում են նաեւ աշխարհի բազմաթիվ դրամատիկ թատրոններ` պահելով միայն սպասարկող տեխնիկական աշխատակազմ:

Ինչ վերաբերում է ամենատարբեր կարգի համերգներին, ապա ճոխ «շոուները» աշխարհում վաղուց են գործում վարձավճարով դահլիճ վերցնելով, իրենց գործը անելով ու դահլիճը նորից տերերին թողնելով: Օպերային թատրոնների դեպքում ոչ բոլորը կարող են այդ մշակութային օջախի բոլոր օղակների հետ պայմանագրով աշխատել, նկատի ունենք, որ հսկայական մեծ կազմ այսպես թե այնպես պետք է մշտապես լինի թատրոնում, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, խաղացանկի բեմադրությունները պահող երգիչ-արտիստների, միմանսի, ստատիստների, ռեժիսորների խումբ, կորդեբալետ, սպասարկող մեծ աշխատակազմ եւ այլ օղակներ, որոնք թատրոնի գոյության հիմքն են հանդիսանում եւ հենց այդ հենքի առկայության պայմաններում միայն կարող են պայմանագրով աշխատել այս կամ այն «համաշխարհային աստղի» հետ, հակառակ դեպքում «աստղի» համար ելույթի տեղ կմնա միայն մենահամերգները կամ պարզապես համերգները, որոնք իրենց բնույթով ներկայացումներից անհամեմատ ավելի ցածր կարգ են հանդիսանում: Այս ամենն այն մասին, թե ինչ է կատարվում մեր մեծ աշխարհի թատերահամերգային աշխարհում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, հասկանալի է, որ բոլոր օղակների կողմից ամեն ինչ արվում է աշխարհին համաքայլ լինելու համար: Մանավանդ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը մի տնտեսական կառուցվածքից անցավ նոր տնտեսական կառուցվածքի ու պարզվում է, որ երեսուն տարին քիչ ժամանակահատված է հնից նորին անցնելու կամ մի տեսակից այլ տեսակի փոխվելու համար: Որքան էլ քաջատեղյակ լինենք աշխարհի անցուդարձից, այնուամենայնիվ, հայ իրականության եւ համաշխարհային միտումների տարբերությունները շատ մեծ են: Նախ «մշակութային շուկա» ասվածի քանակական հսկայական տարբերության բերումով:

Այսպես. փոքր-ինչ պայմանական խոսքով ասենք, մանրամասների մեջ չխորանալու համար:

Երբ որեւէ մի մեծ երկրում, ասենք, հազար քաղաք կա, հազարավոր թատրոններ կան, ազատ տեղաշարժվող հարեւան երկրներ կան, որտեղ նույնպես հազարավոր թատրոններ կան ու հազարավոր աստղեր, ապա հասկանալի է, որ հանգիստ, առանց գլխացավանքի կարելի է անցնել պայմանագրային տարբերակի, մեկ-երկու ներկայացումով հրավիրելով մեներգչին, ապա նրան արագ փոխելով ոչ պակաս հայտնի մի այլ արտիստի հետ: Այս ամենը պարզ է եւ նույնիսկ շատ հարմար եւ խելամիտ: Թվակազմով վերցնենք աշխարհի ամենաքիչը եւ մեր ամենաշատը: Աշխարհի կեսը դառնում է երեք միլիարդ մարդ ունեցող շուկա: Պարզ է, որ այդ 3.000.000.000-ի հետ համեմատած մեր հանրապետության 3.000.000 թիվը անհամեմատելի է: Սա այդ թվի 0,1%-ն է: Մենք հենց 0,1%-ի չափով էլ կարող ենք աշխարհի հետ ընդհանրություն գտնել:
Հիմա հասկանանք, թե ինչումն է բանը եւ ինչո՞ւ Հայաստանը չի կարող մեխանիկորեն կրկնօրինակել աշխարհի նվաճումները: Բանն այն է, որ մենք սահմանափակված ենք մեր թատրոնների, հանդիսատեսի, սահմանափակ ռեսուրսների, բարձրակարգ արտիստների թվակազմով, թատրոնների աղքատիկ խաղացանկով, «մշակույթի նախարարության» մշտապես «անփող» մուրացիկ գործունեությամբ եւ մտածել, թե մեկ-երկու ներկայացումից ավելի կարող ենք պայմանագրերով աշխատել, առնվազն ծիծաղելի է, էլ չասած այն մասին, որ այդ մեկ-երկու «դրսի աստղերը», որպես կանոն, Հայաստանում ելույթ են ունենում մեծամասամբ անվճար կամ սիմվոլիկ հոնորարով, դրանով իրենց նպաստը բերելով մեր արվեստասեր, բայց ոչ հարուստ երկրին: Այս խեղճուկրակության դիրքերից խոսել «աշխարհին համաքայլ լինելու» մասին, զառանցանքի ժանրից է: Հակոբ Պարոնյանը «Մեծապատիվ մուրացկաններ» դառն կատակերգության մեջ «կպոռար». «Թշվառության գագաթը բարձրացած ենք»: Փորձել լավագույնն անել, դա այսպես թե այնպես արվում է, կամա թե ակամա, դա ժամանակի հրամայականն է:

Բայց այլ է պետության դիրքորոշումը, եթե, իհարկե, պետությունն ունի մշակույթի հստակ քաղաքականություն: Մեր նորանկախ պետությունը երեսուն տարում այդպես էլ չկարողացավ ձեւավորել մշակութային քաղաքականության սկզբունք, արդյունքում ամեն ինչ թողնելով անհատ արվեստագետի վրա: Այնինչ, անհատը միշտ էլ իր անհատական խնդիրն է լուծում եւ ջունգլիի նման, ով կարողանում է՝ լուծում է, ով չի կարողանում՝ կուլ է գնում հանգամանքներին: Մենք մի տուն, մի ընտանիքի չափ մարդ ենք մեր ամբողջ երկրով: Շուկայական հարաբերությոններ ձեւավորել հայկական մշակույթում նույնն է, թե տանդ մեջ «բազար բացես»: Օրինակ, մի թատրոն, մի քանի երգչով չեն կարող պայմանագրային հարաբերություններով աշխատել: Պետական հոգատարություն է անհրաժեշտ յուրաքանչյուր արվեստագետի նկատմամբ: Եթե քիչ երգելու պատճառով, ասենք, մեկը արդեն չի կարողանում երգել, պետք չէ ուրիշ երկրների նման արտիստին «դեն նետել»: Ինքը չի մեղավոր, որ քիչ է երգել, մեր թատրոնների կառավարման կարգն է մեղավոր, որ բազում տաղանդավոր դերասաններ խաղից դուրս են մնում: Դեռ լավ է, որ մեկը իր անձնական ֆինանսն է դնում թատրոնի վրա, իսկ մյուսը ոչ միայն դա էլ չի անում (հավանաբար, չի էլ կարող անել), բայց արի ու տես, որ պետական գումարների հաշվին շատ դերասաններ (նրանք մեկ-երկուսը չեն) աշխատավարձ են ստանում չաշխատելով, բայց ոչ իրենց մեղքով…

Իսկ եթե, օրինակ, վաստակաշատ երգիչը չի երգում, դերասանը չի խաղում, պետք է նրան տեղափոխել այլ աշխատանքի, հարգելով հենց վաստակը: Այլապես կդառնանք իսկապես հին ու անտեր կապիտալիստական երկիր, որտեղ Գարինչայի նման շքեղ համաշխարհային ֆուտբոլային աստղը մեռնում է ծայրահեղ աղքատության մեջ: Մենք պիտի գտնենք մշակութային մեր հոգատար ճանապարհը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նմանակել խառնամբոխ երկրների ազատ ու վայրի հարաբերությունները: Պետությունը, ի դեմս նորաստեղծ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության, պետք է գտնի մշակութային հոգատարության իր դոկտրինը, ինչին հավատում են ե՛ւ մեր արվեստագետները, ե՛ւ արվեստասերները: Ի դեպ, սա հենց այնպես չենք ասում, օդից վերցրած չէ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հոդվածը տեղին է և լավ է մեկնաբանված, բայց պետք է հիշել, որ օպերան զուտ վոկալ կատարողական արվեստ չէ: Այն ներկայացում է, որի հեղինակը կոմպոզիտորն է: Մենք, այսօր, չունենք գեթ մի ներկայացում, որը կարող է գրավել այսօրվա երևանցուն: Դահլիճի դատարկությունը, գլխավորապես, հենց սրանով է պայմանավորված … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930