«Որքանով որ տեղյակ եմ, պարոն Զեյնալյանը որեւէ հակասություն չի ունեցել կառավարության դիրքորոշման հետ, եւ դատարանների արգելափակման հետ կապված, կարծում եմ, վարչապետը սպառիչ պատասխանել է, թե դա ինչ գործողություն էր եւ ինչ նպատակ ուներ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով գնահատականներին, թե Արտակ Զեյնալյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալը պայմանավորված էր նրանով, որ նա չէր կիսում դատարանների շրջափակման գործողության վերաբերյալ վարչապետի՝ կառավարության տեսակետը, ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը:
«Դա դատարանի հանդեպ ճնշում կիրառելու գործիք չէր, այլ միջոց՝ ցույց տալու համար, թե որտեղ է ցանկացած իշխանության կրողը՝ աղբյուրը»,-համոզմունք հայտնեց Ռուստամ Բադասյանը, ապա հավելեց, որ իր կարծիքով՝ «վեթինգ»-ի գործընթացը պետք է վերապահվի ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին,-«Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: Միայն դրանով հնարավոր չէ»:
Նախարարը նաեւ նշեց, որ անցումային արդարադատության մասին խոսել չի կարող, քանի որ դրա գործիքակազմը դեռ հստակ չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ