Տուրիզմի ոլորտի մասնագետները պարզել են, որ զբոսաշրջիկների շրջանում պահանջարկը մեծանում է այցելություն դեպի նախկինում եղած աղետների, միջուկային պայթյունների վայրեր, պատերազմական գոտիներ եւ բանտեր:
Թե ինչո՞ւ են զբոսաշրջիկների համար գրավիչ դառնում այդպիսի վայրերը, որտեղ նույնպես սկսել են էքսկուրսիաներ անցկացվել, ոլորտի մասնագետները պատասխանում են, որ ողբերգությունների նկատմամբ հետաքրքրությունը նոր երեւույթ չէ, որ նախկինում էլ մարդիկ գալիս էին գլադիատորների, հասարակական մահապատիժներ դիտելու կամ այցելելում էին փարավոնների դամբարաններ:
Ըստ մասնագետների, օրինակ՝ 19-րդ դարում Մեծ Բրիտանիան առաջին անգամ տուրիստական շրջայց կազմակերպեց բանտ, որտեղ դատապարտված մարդասպանները մահապատժի ենթարկվեցին: Իսկ մեկ դար անց ԱՄՆ-ում կազմակերպվեցին այցելություններ քաղաքացիական պատերազմի վայրեր:
Այս հանգամանքը գրավել է նաեւ հետազոտողների ուշադրությունը եւ նրանք, նույնպես, փորձել են պարզել՝ ինչու են մարդկանց գրավում հուշարձաններ կամ մահվան, բռնության, աղետի հետ առնչվող վայրեր: Հոլանդացի գիտնականները հարցում են անցկացրել Վեստերբորկի համակենտրոնացման ճամբար այցելող զբոսաշրջիկների շրջանում: Շատերը նշել են, որ գնացել են այնտեղ, քանի որ այս վայրը պատմական արժեք ունի, որպեսզի իրենք իրենց հասկանան կամ պարզապես հետաքրքրասիրությունից դրդված:
Տորոնտոյի համալսարանի դոցենտ Թոնգ Լամը նշում է, որ ողբերգության վայրերի այցելությունները օգնում են հաղթահարել վախերը, երբ մենք հանդիպում ենք այնպիսի սպառնալիքների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, գլոբալիզացիան եւ միջուկային բնաջնջումը:
«Մռայլ զբոսաշրջության» փորձագետը կարծում է, որ մարդիկ ցանկություն ունեն հանդիպել իրական կամ խորհրդանշական մահվան հետ:
Ըստ տուրոլորտի մասնագետների, ոչ բոլոր զբոսաշրջիկներն են, որ հետաքրքրված են սովորական էքսկուրսիաներով: Հետեւաբար, տուրիստական ինդուստրիան առաջարկում է նոր զգացողություններով տուրիզմ: Օրինակ՝ գերմանական Rennsteighoehe թանգարանում «մռայլ տուրիզմի» սիրահար-զբոսաշրջիկներին կարող են 16 ժամ պահել բունկերում, իրական պահակներով:
«Մռայլ տուրիզմի» քննադատները, սակայն գտնում են, որ զբոսաշրջիկներն ու տուրօպերատորները դժբախտության, վշտի, իրադարձության վայրը դարձնում են ապրանք եւ վաճառում, ինչը մահը դարձնում է «կոմերցիայի» առարկա, իսկ մահացածները շահագործվում են: Ըստ քննադատների, այդ ամենը հանգեցնում է պատմական իրադարձությունների սխալ ընկալման:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ