Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը

Հունիս 19,2019 21:12

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը:

Անդրադառնալով այս տարվա մայիսին Երևանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական  երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց նման ձևաչափի և ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներում, նաև նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաև թիրախային ծրագրերի իրականացման միջոցով:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական և ոստիկանության ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժևորեց բարեփոխումների կայունության և արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման և համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ:

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930