Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեռնատարի փոխարեն գրել ենք մարդատար, փոխել ենք ու ընդամենը մտածելու տեղիք ենք տվել աշակերտին». Արայիկ Հարությունյանը՝ միասնական քննության վատ արդյունքների մասին

Հունիս 19,2019 20:44

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ ավարտվեց միասնական քննությունը, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է արդյունքները եւ դրանք այնքան էլ հուսադրող չեն. «Օրինակ, մաթեմատիկայից անբավարար է ստացել դիմորդների 11,8 տոկոսը, ամենամտահոգիչն այն է, որ անբավարարության բարձր ցուցանիշ է գրանցվել հայոց լեզվի դեպքում, որը մոտ 20 տոկոս է: ԿԳ նախարարի հրամանով տեղի են ունեցել փոփոխություններ, բայց դրանք չեն կրել բովանդակային բնույթ, տեխնիկական են եղել, փոխվել են հարցերի տեղերը, որ երեխաները անգիր չանեն, բայց, փաստերն, վիճակը ավելի է վատացել»: Սամսոնյանը հարցրեց՝ ինչո՞ւ ենք մենք ընդամենը տեխնիկական փորձարկումներով աչքի տեղը ունքն էլ հանել:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ ճշգրիտ տեղեկություն են փորձում տարածել: Այո, շտեմարանները մշտապես եղել են մեր ամենամեծ խնդիրներից մեկը՝ ընդունելության քննության ժամանակ: Այս տարի առաջադրանքները մոտ 30 տոկոսով հայերենի դեպքում փոփոխվել են, մենք քայլ ենք արել, որ երկար տարիներ շտեմարանները անգիր արած մեր աշակերտներն այնուամենայնիվ, հնարավորություն ստանան բավարար ստանալու, բայց բուհեր գնան մարդիկ, ովքեր ունեն իրական մնացորդային գիտելիքներ, կարողանան այդ գիտելիքները ցույց տան ու գնան բուհեր: Դուք, որ ասում եք, տեխնիկական փոփոխություն, ծանոթացե՞լ եք փոփոխություններին, ի՞նչ նկատի ունեք»:

Նախարարը համաձայնեց, որ անբավարար ստացողների թիվը մեծ է՝ հայերենից անբավարար անցյալ տարի ստացել է 16,5 տոկոս, այս տարի՝ 19,5 տոկոս. «Սա արդյունք է այն բանի, որ մենք պարզապես իրենց դպրոցական ծրագրից, որեւէ այլ տեղից էլ չենք վերցրել, խրթին բան չենք արել, իրենց դպրոցական ծրագրից 30 տոկոս նյութ ենք դրել, որ մոտ 2-3 տարի հետո էլ մեր աշակերտները տուրք չտան շտեմարանները անգիր անելու, այլ իրենց դպրոցական նյութով գան քննության: Մի տվյալ էլ ձեզ ասեմ՝ 9-րդ դասարանում կենտրոնացված քննություն անցկացրեցինք, պարզվեց՝ 10 անգամ պակասեցին 18-20 ստացողները, հինգ անգամ ավելացան կտրվողները, որովհետեւ մեր դպրոցներում քննությունները անցկացվում են տնայնավարական մթնոլորտում: Սա վա՞տ է, կարծում եմ՝ ոչ: Մեկ տարվա ընթացքում, երբ ասացինք, որ կենտրոնացված քննությունների արդյունքները համեմատելու ենք դպրոցների քննության արդյունքների հետ եւ ուսուցիչներին հարցնելու ենք՝ ինչի՞ է այսքան մեծ տարբերություն գնահատականների մեջ, մեկ տարվա ընթացքում հայերենի գնահատականները սկսեցին նորմայի գալ: Հիմա գալիս ենք նորմալ, շողուլային վիճակի»:

Սամսոնյանը պնդեց, որ թեստերում հարցերը չեն փոխվել, այլ փոխվել են այդ հարցերի տեղերը: Նախարարն էլ պատասխանեց. «Առաջադրանքը եղել է նույնը, դա եղել է սկզբունքային, որ աշակերտն իմանա, թե ինչ առաջադրանքներ պետք է կատարի, բայց բովանդակության մեջ բեռնատարի փոխարեն գրել ենք մարդատար, փոխել ենք ու ընդամենը մտածելու տեղիք ենք տվել աշակերտին, որ մեխանիկական աշխատանք չանի»:

Նախարարն ասաց,որ մեխանիզմ են մշակում, որ աշակերտն այլեւս ընդունելության  քննություն չհանձնի, այլ իր դպրոցում ստացած գնահատականներով կրեդիտային համակարգով կարողանա ընդունվել բուհ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930